Պառաված հեղափոխության գերեզմանափորները
«Պարոնա՛յք, պահակախումբը հոգնել է»
ԱՆԱՏՈԼԻ ԺԵԼԵԶՆՅԱԿՈՎ
Նավաստի Ժելեզնյակովի գործողությունների մեջ կուռ տրամաբանություն կար: Նախկին անարխիստն, առանց խղճի խայթի, սվինների միջամտությամբ, ցրիվ տվեց Սահմանադիր ժողովը՝ արձանագրելով ռուսական լիբերալ-դեմոկրատական մտքի վայրիվերությունների և հոգևոր վերածննդի երկհարյուրամյա փնտրտուքի անփառունակ վախճանը: Ռուսական հզոր միտքը դադարեց որևէ ընդհանուր բան ունենալ ռուսաստանյան իրականության հետ: Եվ ի՞նչ օգուտ երկրին ու նրա ժողովրդին, որ ազգային մշակութային-հոգևոր անսպառ աղբյուրն անդադար աշխարհ էր արտանետում (գործընթացն այսօր էլ շարունակվում է) համամարդկային նշանակության արժեքներ ու տիեզերական իմաստության գոհարներ: Հայրենիքը տանուլ էր տրված:
Հասարակական դոմինանտի դերում անգամ Ժելեզնյակովի նման հեղափոխական-իդեալիստները չէին, այլ պնակալեզ, ստորաքարշ, նենգ ու վրիժառու քաղքենին: Այն նույն քաղքենին, որի գալուստից սարսափած, Նիցշեն այլայլվում էր. «Գույժ, գույժ, գույժ» մարդն այլևս Աստղ չի ծնելու»: Արդեն ավելի ուշ, վտարանդիության մեջ կամ ստալինյան գուլագներում էր, որ տառապող միտքն անկեղծանում էր, թե իրականում, իրենց միջև տարաձայնություններն այնքան էլ էական չէին, որպեսզի այդչափ անհանդուրժող լինեին միմյանց նկատմամբ և Հայրենիքը հանձնեին քաղքենիական խուժանի տիրապետությանը:
Ցավոք, «պառաված հեղափոխությունները» հաճախ են դրսևորում միևնույն ախտանիշերը՝ կենաց-մահու ներքին հաշիվմաքրոցի, առաջնորդության անհաղթ մոլուցք, կողմնակի պատեհապաշտ ուժերի ներգրավում միջհեղափոխական հարաբերությունների պարզաբանման գործընթացի մեջ: Երկուսի կռվում երրորդն է շահում բանաձևը, նման դեպքերում չափազանց հստակ է գործում, բայց հայրենիքակերտման գաղափարը միշտ պարտվողի դերում է: Պատմությունը ճանապարհ է հարթում հազարավոր և հազարավոր մարդկանց «ես»-ի, անձնական կյանքի, զգացմունքների և գիտակցության միջով, լայնարձակ դաշտ թողնելով յուրաքանչյուրին՝ գերինքնարժևորումից ծնունդ առնող մոլորության ու ինքնախաբեության համար: Եվ այստեղ արդեն վերջին խոսքը գիտությանն է. «հասարակությունները, ուր անձնազոհության ընդհանուր դոմինանտը չի գերազանցում սպառողական եսակենտրոնությանը, առավելապես խոցելի են ճակատագրի փորձությունների առջև»:
1988-90թթ. հայկական Շարժումը, որ առաջին իսկ օրերից սոցիալ-հեղափոխականության և ազգային-ազատագրական պայքարի տձև հիբրիդ էր, պառավեց ֆանտաստիկ արագությամբ: Կազմակերպչական աշխատանքի հիմքում բացարձակ սեկտանտիզմն էր, ուր երկրի զարգացման գաղափարական հենքի բացակայությունը կոմպենսացվում էր նախ՝ արտաքին աշխարհից անկանոն ներմուծվող «բարենորոգչական» տեսություններով և երկրորդ՝ դրանց շուրջ «դավանաբանական» անհեթեթ վիճաբանություններով, ինչը հանգեցնում էր «միջվարդապետական» աղմկարար բախումների, որ կոչված էր քաղաքական բազմերանգ դաշտի և քաղաքական պայքարի պատրանքը ստեղծել: Մեր առանձնահատկություններից մեկն այն էր, որ, այսպես կոչված, ավանդական ազգային կուսակցությունների կաղապարվածության աստիճանն էապես գերազանցում էր 60-ականների և 80-ականների համախորհրդային լիբերալիզացիայի մտավոր և հոգևոր պոռթկումների բովով անցած Շարժման առաջնորդների համարժեքին: Ուստիև, սփյուռքի ավանդականների ֆոնի վրա, 88-ի Տղեքից յուրաքանչյուրն իմացողության տիտան էր թվում:
Դեռևս բնօրրանում, առանձնակի գաղափարական հենքից զուրկ Շարժումը, բացարձակապես քարացավ՝ հանրապետությունում իշխանական և ընդդիմադիր դաշտի սեփականաշնորհումից անմիջապես հետո: Քաղաքական կուսակցությունների թվացյալ առատությունը, ընդամենը նույն կաստայի ներսում շարունակական բաղդատումների արդյունքն էր, ներառյալ՝ ՀՅԴ-ի ու ՀՌԱԿ-ի ներքին, նույնատիպ գործընթացները: Ժամանակ առ ժամանակ քաղաքական դաշտը «հարստացնելու» համար հավաքագրվող ռեկրուտները, կամ «գրպանի» կազմակերպություններն ու կուսակցությունները քաղաքական սեկտայի այս կամ այն հատվածի պարզ ածանցյալներն էին, ոչ միայն առանց ինքնուրույն դեմքի, այլ նույնիսկ հստակ դիմագծերի: Բնականաբար, իրավիճակը շոշափելի փոփոխություն չկրեց, այլ էլ ավելի խորացրեց համընդհանուր ծյուրանքը նաև տարատեսակ կոմունիստական կազմակերպությունների վերակենդանացումից հետո:
1998-ի փետրվարյան բանալ պալատական հեղաշրջումը, քաղաքական դաշտի վերաձևման խնդիր դրեց նոր գործող նախագահի առջև, որն առանց ավելորդ հոգեկան տվայտանքների՝ հռչակեց ամենապարզունակ և ամենաամբոխվարական կարգախոսը՝ «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է»: Սկզբնական շրջանում անեկդոտիկ հնչեղություն ստացած կարգախոսը, ժամանակի ընթացքում, հստակ ուրվագծեր, միս ու արյուն ձեռք բերեց: Ռոբերտ Քոչարյանի «կուսակցությանը» արագընթաց տեմպերով, կամա թե ակամա, անդամագրվեցին տասնյակ-հազարավոր անհատներ, քաղաքական հոսանքներ, բոլոր նրանք, ովքեր երազում էին վրեժխնդիր լինել 88-ի Շարժումից: «Կոմիտեի» Տղեքից շատերին դեռևս թվում է, թե գործընթացը վերաբերում է միան խաչակրաց արշավանքին՝ ընդդեմ ՀՀՇ-ի, որի գնացքից իրենք հասցրել են ժամանակին դուրս ցատկել: Իրականում, սակայն, խոսքը հայ իրականության շատ ավելի մասշտաբային վերարժևորման մասին է և քոչարյանական նոր «կուսակցության» գրոհի վեկտորն ուղղված է ողջ Շարժման դեմ ընդհանրապես:
Այսօր արդեն, թե՛ դաշնակցականներին և թե՛ «Երկրապահ-Հանրապետականին» կարող ենք երաշխավորել՝ իրենք չեն, որ դառնալու են վերարժևորված հայոց իրականության հիմնասյուները: Եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ նույն տրամաբանությամբ, ապա երկուսն էլ դեռ խիստ կզղջան հակաՇարժումային հիստերիայում իրենց ներդրման համար, ինչպես որ ԱԺՄ-ն ու նրա նախագահը դեռ հնարավորություն կունենան մեղայական դատողություններ անել քաղաքական իրողությունների վերաբերյալ իրենց անհեռատեսության շուրջ:
Գիտակցվա՞ծ որոշում էր դա, թե՞ ինքնաբերաբար ստացվեց, բայց Ռոբերտ Քոչարյանի «կուսակցության» հարվածային ուժը կազմում են Շարժումնատյաց երկու հոսանքները, գումարած «նախկինների» արյանը ծարավ ամորֆ, բայց բազմաքանակ հասարակական զանգվածը: Առաջին հոսանքը խորհրդային կերտվածքով նախկիններն են՝ մանր-մունր, միջին, հազվադեպ նաև՝ բարձրաստիճան պարտնոմենկլատուրան, 1990-95-ին տարագրության մեջ ապրած և ֆինանսատնտեսական բավարար հիմքեր ստեղծած, նախկին ՀԽՍՀ չինովնիկությունը: Որքան որ բաղդատված է ինքը հոսանքը՝ առանձին անհատների և խմբավորումների, նույնքանև տարբեր են նրան հարող «հինգերորդ շարասյուները», որոնք տարիներով գործել և գործում են նորանկախ Հայաստանում: Հասարակական կազմակերպվածության տեսանկյունից, ամենից ավելի աչքի ընկնողը Բադալյանի Կոմկուսն է:
Ռեալ քաղաքականության վրա ազդեցության տեսակետից, իհարկե, ավելի ընդգծված է խորհրդային պարտնոմենկլատուրայի այն հատվածը, որին Շարժման իշխանության լծակներից «մեծահոգորեն» մասնաբաժին հանվեց նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից: Մեր դիտարկումները գալիս են հաստատելու, որ Շարժմանը և «բարենորոգչական փուլի թալանի» մասնակիցներից ոչ մեկը չէր կարող այնքան նյութական բարիքներ ձեռք բերել, որքան որ դա տեղ ունի բոլոր ժամանակներում ջրի երեսին մնացած խորհրդային նոմենկլատուրշչիկների պարագայում: Եվ դրա լավագույն վկայությունն այն է, որ մեր օրերում սնկի պես աճող կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները հենց այս հոսանքի հավաքագրած ռեկրուտներն են:
Որքան էլ որ այսօր, զանգվածային գիտակցության մեջ ամրագրված է Կարեն Դեմիրճյանի հեղինակությունը, հազիվ թե վերջինիս Ժողովրդական կուսակցությունը կարողանա հեշտությամբ հաղթող դուրս գալ այն նախկին համախոհների հետ մրցակցությունում, որոնք դաշնակցում են Ռոբերտ Քոչարյանին: Ութսունականների վերջին տարիների պարտնոմենկլատուրային և չինովնիկությանը միավորում է ոչ միայն ատելությունը Շարժման, այլև հենց իր՝ Կարեն Սերոբիչի նկատմամբ: Եվ մինչ Շարժում-Դեմիրճյան դաշինքի ստեղծումն օրգանապես անհնարին է դիտվում, Քոչարյանի վարչակարգի սերտաճումը «Կարմիր ռևանշի» հոսանքի հետ օրեցօր ավելի հստակ երանգներ է ձեռք բերում:
Երկրորդ բազմամարդ և ակտիվ հոսանքը, որն իր տեղն է գտել Ռոբերտ Քոչարյանի իշխանության հենարանում, տարբեր պատճառներով 88-ը չանցած, իսկ նրան հաջորդած ծանր ժամանակաշրջանն առավել կամ պակաս բարվոք վիճակում անցկացրած «ոսկե երիտասարդությունն» է, որի մի մասն է կազմում նաև «արհեստավարժների» կառավարությունը: Այս հոսանքը ևս, առայժմ, քաղաքականապես ձևավորված չէ և խիստ բազմաշերտ է: Սակայն միավորում է նրանց՝ օտարվածությունն ու խորթությունը, թե՛ Շարժումից և թե՛ այն քաղաքական գործիչներից ու ուժերից, որոնք այս կամ այն չափով մարմնավորում են Շարժումը: Ավելին, հասարակության այս հատվածի համար «նախկիններն» ու ներկաների մեծ մասն անպետք բալաստ է, խոչընդոտ՝ հասարակական ունեցվածքի նոր վերաբաժանման և երկիր մուտք գործող բարիքների լիարժեք յուրացման ճանապարհին:
Անկախ պետականությանը, ազգային խնդիրներին և, որ ամենակարևորն է՝ հասարակական կարիքներին բացարձակապես օտար, վրեժխնդրությամբ ու սպառողական անհագ ախորժակով տառապող երեք բևեռները միավորվում են: Իսկ Շարժումը շարունակում է պառակտված մնալ և զոհեր տալ՝ համալրմանը ոչ ենթակա իր շարքերից: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ քաղքենիների դիկտատուրան ամենածանրն է և արյունալին, իսկ հայ հասարակությունը դեռ շատ կփոշմանի՝ Շարժման Տղեքի գլխատումներին ոգևորությամբ արձագանքելու համար: Բայց դե պապական խոսք է. մինչև չգա վերջինը՝ չի հիշվելու առաջինը:
ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
26.02.1999