Նիկոլ Փաշինյանը տղա է կանչում

Ազատության հրապարակում տեղի ունեցող ունեցող գործընթացները, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, ավելի հաճախ՝ դրանց բացակայությունը, ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի մերձավոր թիմակիցները չգիտեն՝ ո՞րն է լինելու իրենց առաջնորդի հաջորդ քայլը, կամ որևէ քայլ լինելո՞ւ է ընդհանրապես: Նաև այս անորոշությունն է պատճառը, որ Ազատության հրապարակում իրադարձությունները հաճախ զարգանում են տարերայնորեն:

Այս պայմաններում Ազատության հրապարակում ամենաորոշակի և դրական երևույթներից մեկը, ի թիվս այլ գործիչների, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայությունն է: Ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանին մարդկայնորեն զորակցող շատերի, Փաշինյանը Րաֆֆիին աջակցում է նաև քաղաքականապես: Համենայնդեպս, նա՝ արդեն որերորդ անգամ, բացի ֆիզիկական ներկայությունից, ելույթներ է ունենում հանրահավաքներում, այդ ելույթներում հանդես է գալիս կոնկերտ առաջարկներով:

Դրանք ոմանց համար կարող են ընդունելի լինել, ոմանք կարող են թերահավատորեն ընդունել այդ առաջարկների կենսունակությունը: Բայց մի հարցում կարծես բոլորը միակարծիք են. Նիկոլ Փաշինյանի ակտիվ ներկայությունն Ազատության հրապարակում, նրա էմոցիոնալ ելույթները հանրահավաքներում մեծ լիցք են հաղորդում պայքարին:

Այդ առումով բացառություն չէր նաև մարտի 15-ի հանրահավաքը, որի ընթացքում ամենասուր քննադատությունները, իշխանության հասցեին ամենակոշտ որակումները հնչեցին հենց Նիկոլ Փաշինյանի ելույթում: Բայց նույն այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի հայտարարություն-կոչով, որն առնվազն տարակուսելի կարելի է համարել՝ հաշվի առնելով հրապարակային գործունեության ողջ ընթացքում իր իսկ կողմից ներկայացված գաղափարները, սկզբունքները:

Խոսքն աշխարհահռչակ հայերին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին է: Հիշեցնենք, որ Փաշինյանը՝ դիմելով Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին և Քըրք Քըրքորյանին, նրանց հրավիրեց՝ ապրիլի 9-ին միանալ Հայաստանի ժողովրդին ու մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը:

«Սա տրամաբանական, առավել քան տրամաբանական հրավեր է: Եթե համաձայն եք այն տեսակետին, որ հայ ժողովուրդն այսօր ունի սփյուռքահայ իր ականավոր զավակների ներկայության կարիքը, բարձր, բուռն ծափահարություններով ձեր այդ ուղերձը հղեք Շառլ Ազնավուրին, Քըրք Քըրքորյանին, Սերժ Թանկյանին՝ կոչ անելով օր առաջ, ժամ առաջ ժամանել Հայաստան, լինել ժողովրդի կողքին և Հայաստանի Հանրապետությանն ու ու նրա ապագային մատուցել ամենակարևոր ծառայությունը, պատմական ծառայություն, որովհետև Հայաստանի ժողովուրդը երախտապարտ լինելով մինչ այս Սփյուռքի գործիչների կողմից իրեն մատուցված կենսական օգնության համար, հիմա արդեն Քաղաքացիական հաղթանակն է ուզում և ուրիշ ոչինչ»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հանրահավաքի մասնակիցները, բնականաբար, բարձր, բուռն ծափահարություններով ողջունեցին այդ առաջարկը և իրենց ուղերձը հղեցին աշխարհահռչակ հայերին:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ քաղաքականության գործնական և գաղափարական, արժեքային հարթություններում: Նախ՝ նշված երեք հարգարժան հայերը տարբեր առիթներով որոշակի դիրքորոշում արտահայտելով Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ իրականում առնվազն չեն վիճարկել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը:

Ամենաթարմ օրինակը Սերժ Թանկյանի զույգ նամակներն են, որոնք նա Սերժ Սարգսյանին է հղել տակավին վերջերս: Այդ նամակներում ամերիկահայ ռոք երգիչը բարձրաձայնում է Հայաստանում տիրող բազմաթիվ հիմնախնդիրների ՝ կոռուպցիայի, անարդարության, արտագաղթի և այլ արատավոր երևույթների մասին: Բայց բոլոր այդ խնդիրների լուծումը նա ակնկալում է Սերժ Սարգսյանից՝ ըստ էության, ճանաչելով նրա լեգիտիմությունը: Սա կարևոր, չափազանց կարևոր նրբերանգ է, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու հանրահավաքի մասնակիցները Սերժ Թանկյանին հրավիրում են մասնակցելու… Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը:

Նույնը կարելի է ասել նաև Շառլ Ազնավուրի վերաբերյալ: Այո, աշխարհահռչակ երգիչն անցած տարի հրապարակավ քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ նրա հասցեին տվել է բավական կոշտ գնահատականներ: Բայց ավելորդ չէ հիշել, որ Շառլ Ազնավուրը նույն այդ իշխանության՝ Սերժ Սարգսյանի իշխանության կազմում զբաղեցնում է Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Այդ ամենից բացի, Շառլ Ազնավուրը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝  նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչ վերաբերում է Քըրք Քըրքորյանին, ապա վերջինս տևական ժամանակ ոչ դրական, ոչ բացասական հրապարակային որևէ դիրքորոշում չի արտահայտել Հայաստանում կատարվող երևույթների վերաբերյալ: Հայ հասարակությունը Քըրք Քըրքորյանին հիշում և երախտագիտություն է հայտնում «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված հսկայածավալ աշխատանքների համար: Քըրքորյանի կողմից այդ ծրագրերի  ֆինանսավորումը, իհարկե, դադարեցվել է, սակայն մինչ այդ դրա միջոցով իրականացված աշխատանքները  ծառայեցվել են Հայաստանում իշխանական քարոզչությանը: Իհարկե, այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, բայց ավազակապետությունը, որի դեմ պայքարում է նաև Նիկոլ Փաշինյանը, վաղուց որակվում է՝ որպես «քոչարյանասերժական»:

Այսինքն՝ գործնականում նշված հեղինակավոր հայազգի գործիչներն ավելի մեծ չափով սատարել են Հայաստանի գործող իշխանություններին, քան հանդես են եկել նրանց դեմ: Բայց անգամ, եթե լիներ հակառակ պատկերը, անգամ, եթե Ազնավուրը, Թանկյանն ու Քըրքորյանը տարիներ շարունակ հանդես եկած լինեին Հայաստանում իշխող վարչակարգի անխնա քննադատությամբ, անգամ այդ դեպքում նրանց Հայաստան հրավիրելը և ժողովրդի կողքին կանգնելու կոչ անելը չէր կարող տարակուսանք չառաջացնել:

Մեծագույն հարգանք ունենալով նշված անձանց, նրանց տաղանդի, հայրենասիրության նկատմամբ, այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ նրանք այլ երկրների քաղաքացիներ են:

Իհարկե, կարելի է հայրենասիրության դիրքերից հակադարձել, որ կարևորը ոչ թե նրանց քաղաքացիությունն է, այլ հայ լինելը: Բայց Հայաստան գալու կոչը նրանց հղել է ոչ թե ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը, այլ ժողովրդավարության, քաղաքացիականության համար տևական պայքար մղող Նիկոլ Փաշինյանը, ով 2008 թվականից սկսած՝ բոլոր հրապարակային ելույթներում տասնյակ, հարյուրավոր անգամներ հայտարարել է, որ Հայաստանում օրինական իշխանության հաստատման խնդիրը պետք է լուծեն միայն ու բացառապես ՀՀ քաղաքացիները:

Ի թիվս այլ սկզբունքային մոտեցումների, նաև այս դիրքորոշումն է Նիկոլ Փաշինյանին տարբերել ազգայնական պոպուլիզմով հանդես եկող շատ գործիչներից: Այսինքն՝ որքան էլ մեծ լինի նշված հայազգի անհատների վաստակն ու հեղինակությունը, դա, ըստ էության, հակասում է այն նույն քաղաքացիականության սկզբունքին, որին հղում անելով՝ Նիկոլ Փաշինյանը «քաղաքացիական հաղթանակ» է ակնկալում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անվանի հայորդիներից:

Հ.Գ.  Երբ, օրինակ, ռուսաստանյան գործարար Արա Աբրահամյանը կամ, ասենք, բրիտանահայ գործարար Արմեն Սարգսյանն աջակցություն են հայտնում Հայաստանի իշխանությանը, ընդդիմությունը դա գնահատում է՝ որպես պետության ներքին գործերին միջամտելու փորձ:

Տեսանյութեր

Լրահոս