Սերգեյ Բագրատյան. ԲՀԿ-ի առանձին մասնակցելը ճիշտ է
Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը 168.am-ի հետ զրույցում, ըստ էության, չհերքեց Երևանի ավանագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու մասին շրջանառվող լուրերը:
168.am-ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանն ասաց, որ կուսակցությունն իրեն նման առաջարկ արել է, ինքը դեմ չէ և իր ընդգրկվելն էլ ձևական բնույթ չի կրի:
– Պարոն Բագրատյան, կուսակցությունում Ձեր անունը ցուցակում ընդգրկելու հարց քննարկվե՞լ է:
– Այո, քննարկումներ եղել են կուսակցությունում, հնարավոր տարբերակները քննարկել ենք: Քննարկել ենք, թե ովքեր պետք է ավագանի ներկայացնեն, որոշակի մարդկանց ցուցակ կա, որը քննարկվում է, որ՝ որ տեղում լինի, որն ինչ չափով կարող է օգտակար լինել հետընտրական և նախընտրական շրջանում:
– Փաստորեն Դուք չեք մերժել առաջարկը, դեմ չեք ցուցակում ընդգրկվելուն:
– Հա, իհարկե: Եթե կուսակցությունը որոշի, որ Երևանի ավագանու ընտրություններին ես պետք է լինեմ ցուցակում, ուրեմն՝ կլինեմ:
– Դուք՝ որպես նախկին մարզպետ, ինչպե՞ս պետք է աշխատի իբրև ավագանի, դժվար չէ՞:
– Դժվար ասելով ի՞նչ եք հասկանում: Խնդիրներ պետք է դնել և լուծել: Կառավարման համակարգում աշխատանքի սկզբունքը նույն է, ընդամենը տրամաբանության և հերթականության խնդիր է:
– Այսինքն՝ չե՞ք կաշկանդվում ավելի ցածր օղակում աշխատելուց:
– Ես ամբիցիոզ մարդ չեմ, որ եթե մի տեղ աշխատել եմ, այլևս ուրիշ տեղ չեմ աշխատի: Ես ամբիցիաներ չունեմ, որտեղ կուսակցությունը հարմար գտնի, այնտեղ էլ կաշխատեմ:
– Պարոն Բագրատյան, շատերն ընդգրկվում են ցուցակում՝ այն ազդեցիկ դարձնելու համար, հետո հրաժարվում են մանդատից: Դուք իսկապե՞ս կաշխատեք իբրև ավագանի:
– Կուսակցության որոշելու խնդիրն է, եթե կուսակցությունը որոշի, որ ավելի արժանավոր մարդիկ լինեն, իրենք կլինեն:
– Բայց անձամբ Դուք աշխատելու ցանկությա՞մբ եք ընդգրկվելու ցուցակում:
– Ես ձևի համար ոչ մի բան չեմ անում, եթե ինձ առաջարկում են որևէ աշխատանք կատարել, ես մեծ սիրով կատարում եմ տվյալ աշխատանքը:
– Հաշվի առնելով նախագահական ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքները, Ձեր կարծիքով, հե՞շտ կլինի ԲՀԿ-ի համար Երևանի ավագանու ընտրություններում բարձր տոկոսներ ստանալ՝ ՀՀԿ-ի հետ պայքարում:
– Ձեր հարցի ենթատեքստը մի կողմ թողնելով՝ուզում եմ ասել, որ եթե մեր կուսակցությունը նպատակահարմար է գտել մասնակցել ընտրություններին, ուրեմն՝ մասնակցում է հաղթելու նպատակով:
– Իսկ ՀՀԿ-ն հե՞շտ կզիջի:
– Իսկ ինչո՞ւ պիտի հեշտ զիջի: ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ թող պայքարեն: Եթե որևէ քաղաքական ուժ որևէ ընտրության մասնակցում է, մասնակցում է հաղթանակի նպատակով:
– ԲՀԿ-ի հաղթանակն ինչի՞ց է կախված՝ լավ ծրագի՞ր պետք է ներկայացնեք, թե՞ ազդեցիկ մարդիկ պետք է ցուցակում ընդգրկվեն:
– Հաջողությունն ընդհանրապես մի քանի բաղադրիչներից է կախված լինում, նաև Ձեր թվարկածները, և լուրջ աշխատանք, և քարոզչության թիրախների լուրջ ընտրություն: Մի կոմպոնենտով չի որոշվելու: Բնականաբար, թիմը պետք է ճիշտ աշխատի, պետք է կարողանալ բնակաչության հետ գտնել այն խնդիրները, որոնք երկուստեք ընդունելի են և կուսակցությունն ի վիճակի է լուծել:
– Կուսակցության քննարկումների ժամանակ Դուք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ո՞ր ձևաչափին եք կողմ եղել. ընդդիմադիր միասնական ցուցակով մասնակցելո՞ւն, թե՞ առանձին:
– Ես՝ որպես անձ, կուսակցության դիրքորոշում չեմ արտահայտում, գտնում եմ, որ առանձին մասնակցելը ճիշտ է:
– Քաղաքական ո՞ր ուժերին եք տեսնում Երևանի քաղաքապետանանում:
– Կարծում եմ ՝մասնակցող բոլոր քաղաքական ուժերն էլ ավագանիում տեղ կունենան՝ և ՀՀԿ-ն, և ԲՀԿ-ն, և «Ժառանգությունը», և Դաշնակցությունը և ՀԱԿ-ը: Դրանք բոլորն էլ լուրջ կառույցներ են և քաղաքի զարգացման համար կարևոր է ունենալ բազմաբովանդակ մոտեցումներ: Ենթադրում եմ, որ բոլորն էլ կլինեն՝ յուրաքանչյուրն իր ազդեցության և հեղինակության չափով:
– Պարոն Բագրատյան, որո՞նք են Երևանի կարևորագույն խնդիրները, որը պետք է ԲՀԿ-ն լուծի:
– Երևանն, ինչպես բոլոր քաղաքները, անսահմանափակ խնդիրներ ունի, որոնք մի օրում չեն առաջացել և մի օրում էլ չի լուծվի: Բազում խնդիր կարող եմ նշել՝ սկսած բնակչության սպասարկման խնդիրներից, վերջացրած՝ քաղաքաշինությունից, մշակույթից. այդ բոլոր ասպարեզներում շատ խնդիրներ կան, և պետք է ցանկացած քաղաքական ուժ հաշվարկի և ունենա ծրագիր այդ խնդիրները լուծելու համար: Պետք է գնահատել նաև Երևանի քաղաքի կառուցվածքը՝ որպես մայրաքաղաք: Կարևորագույն խնդիր եմ համարում, որ Երևանը չդառնա այն կենտրոնը, որտեղ կքայքայվեն մեր գյուղերը, և Երևանը ինֆրակառուցվածքներով չի կարող սպասարկել բնակչության այդ ծավալին: Սա կարևոր խնդիր է. պետք է կարողանանք շատ կառույցներ ապակենտրոնացնել Երևանից: