Եթե 1000 մարդ նստեց հացադուլի, ինչպե՞ս է ապրելու իշխանությունը

Երեկ հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սմբատ Այվազյանը:

Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ հայտարարելու որոշմանը հարգանքով է մոտենում, բայց ինքն անձամբ չէր ցանկանա տեսնել նրան հացադուլի մեջ:

«Ես հորդորել եմ նրան` դուրս գալ հացադուլից, բայց մարդը գտել է, որ երկրում այնքան ծանր է իրավիճակը, որ դրա դեմ պայքարի համար նա դիմեց ծայրահեղ քայլի: Ես ինքս մի քանի անգամ դիմել եմ հացադուլի քայլին, ու միանշանակ կարող եմ ասել, որ սա պայքարի ծայրահեղ միջոցներից է, որը քեզ զրկում է շատ-շատ բաներից: Բայց իմանալով այս ամենը, ես, միևնույն է, ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը»,- նշեց Սմբատ Այվազյանը: Նա ավելացրեց, որ թեև մեզանում հացադուլի դեպքերը, որոշ առումով, արդյունավետ չեն եղել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում հացադուլն արդեն թողել է իր ազդեցությունը:

«Այն, որ իշխանություններն արդեն հետ են կանգնել Օպերայի դահլիճում իրենց ներկայացումն իրականացնելուց (նկատի ունի ապրիլի 9-ին կայանալիք նախագահի երդմնակալության արարողությունը.- Տ.Մ.) արդեն հաղթանակ է: Ես համոզված եմ, որ այս շարժումը որքան խորանա, այդքան իշխանությունը հետ կկանգնի մի շարք արարքներից` ասենք` հայրենիքը չսիրելուց, հայրենիքը թալանելուց, գռփելուց: Ես հրապարակում տեսնում եմ շատ մարդկանց, որոնք կթողնեն իրենց հիմնական գործն ու կնստեն հացադուլի: Սա խոսում է միայն այն մասին, որ խնդիրն իսկապես խորն է:

Կարդացեք նաև

Հիմա, որ վաղը հինգ հարյուր կամ հազար մարդ հացադուլի նստեց, ի՞նչ է անելու այս իշխանությունը, ինչպե՞ս է ապրելու»,- մասնավորեցրեց նա: Սմբատ Այվազյանը խոստովանեց, որ ժամանակի առումով մի քիչ վաղ էր հայտարարել հացադուլի մասին, որովհետև պայքարի մյուս ձևերը, նրա խոսքով, դեռ սպառված չէին: Հարցին, թե պայքարի ի՞նչ միջոցների մասին է խոսքը, այլընտրանքային ի՞նչ ձևեր կարելի էր ընտրել, Ս. Այվազյանը պատասխանեց. «Դե շատ են: Ես, օրինակ, շատ ճիշտ եմ գտնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է մարզեր: Այս այցելությունները պետք է շարունակվեն, որպեսզի համախմբեն մարդկանց ու մի օր բոլորին Երևան բերեն, որ իրենք էլ իրենց խոսքը մայրաքաղաքում ասեն»: Սմբատ Այվազյանը չցանկացավ կանխատեսումներ անել, թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել ապրիլի 9-ին սպասվող երդմնակալության արարողությունից հետո:

«Ապրիլի 9-ը գա` կտեսնենք»,- ասաց նա: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում իշխանության և ընդդիմության բանակցությունները, ինչի՞ շուրջ կարող են համաձայնության գալ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, Սմբատ Այվազյանը պատասխանեց. «Իշխանությունը դա պարտականություն է, պատասխանատվություն է, ոչ թե պաշտոն է կամ պորտֆել:

Մինչև իշխանությունն այս մասին չհասկանա, երկրի դրությունը չի փոխվի: Իրենք բանակցությունները պաշտոնով են հասկանում, ուրիշ բան չեն պատկերացնում: Բայց, կարծում եմ, բանակցությունների անցնելուց հետո անպայման կձևավորվի օրակարգ: Ընդհանրապես օրակարգ կա` դա կեղծված ընտրություններն են»:

Սմբատ Այվազյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու առաջարկին:

«Ընդդիմադիրները պարտավոր են վայր դնել մանդատները: Ով իրեն ընդդիմադիր է համարում, պետք է առանց երկար-բարակ մտածելու` վայր դնի մանդատը: Իրենք ԱԺ-ում անելիք չունեն: Ընդդիմությունը որևէ հարց խորհրդարանում լուծել չի կարողացել, ոչ էլ հիմա է կարողանում: Դա կլինի հստակ քաղաքական ճգնաժամ: Եթե չեմ սխալվում, ԲՀԿ առաջնորդը, ինչը ինձ շատ զարմացրեց, մի քանի օր առաջ առաջին անգամ հստակ հայտարարեց, որ իրենք ընդդիմադիր են: Եթե ընդդիմություն են, թող ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» հետ միասին, միաժամանակ, վայր դնեն մանդատները, իսկ դրանից հետո, պարզապես համոզված եմ, որ երկրի ողջ ժողովուրդը Ազատության հրապարակ կգա ու կորոշի` ի՞նչ անել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա Սմբատ Այվազյանը վստահեցրեց, որ չի պատրաստվում մասնակցել դրանց, որովհետև «իմաստ չի տեսնում»: Ընդդիմադիր ուժերն էլ, նրա համոզմամբ, ավագանու ընտրություններին պետք է մասնակցեն միասնական ցուցակով և դրանով այդ ընտրությունները դարձնեն քաղաքական:

Տեսանյութեր

Լրահոս