Գիտելիքի վրա հիմնված ներուժը կզարգանա՞… 36 000 դրամով

Ինչ-ինչ, բայց մեր կառավարության մոտ մարքեթինգային ունակությունները գերզարգացած են։ Այսինքն՝ կարողանում են ամեն ինչ լավ փաթեթավորել և ներկայացնել այնպես, որ կարելի է կարծել՝ խոսքը դարակազմիկ ինչ-որ որոշման մասին է։

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է սուբսիդավորել ուսանողական վարկերը։ Մասամբ, իհարկե։ Վարկի տարեկան տոկոսադրույքը 12% է, իսկ կառավարությունը կսուբսիդավորի 2%-ը։ Գերազանցիկների դեպքում՝ 3%-ը։

Ուսանողական վարկերը տրամադրվելու են «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով։ Հաշվարկների համաձայն 2013 թ. ընթացքում 10 տարի մարման ժամկետով առաջին 4 տարվա համար կտրամադրվի մոտավորապես 4 մլրդ դրամի վարկ, սուբսիդիայի տրամադրման համար միայն այս տարի անհրաժեշտ կլինի 21 մլն 500 հազար դրամ, որը և հատկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության նիստից հետո փոքր-ինչ բացեց փակագծերը՝ նշելով, որ 1 ուսանողին տրվող վարկի չափը 1,8 մլն դրամ է՝ տարեկան 450 հազ. դրամ հաշվարկից ելնելով: Նախարարը նշել է, որ ուսման վարձերը հայաստանյան բուհերում տատանվում են 350-500 հազ. դրամի սահմաններում, հետևաբար՝ վարկը լրիվ բավարար կլինի: Նա նաև նշել է, որ  առաջին 4 տարում մարվելու են միայն տոկոսավճարները։

Հիմա եկեք միասին մի շատ պարզ հաշվարկ կատարենք։

1.8 միլիոն դրամի համար տարեկան տոկոսավճարը ( 12% տոկոսադրույքով) կազմում է 216 հազար դրամ։ Պետությունը, սակայն, սուբսիդավորում է այդ գումարից 36 000 դրամը, իսկ գերազանցիկների դեպքում՝ 54 000 դրամը։

Ստացվում է, որ ուսանողը վերցրած վարկի դիմաց պետք է տարեկան վճարի 180 000 դրամ, իսկ գերազանցիկ ուսանողը՝ 162 000 դրամ։ Նկատի ունեցեք, որ սա միայն տոկոսավճար է։

Այսինքն՝ տարեկան 300-350 հազար դրամ հազար բուհին վճարելու փոխարեն ուսանողը պետք է 162-180 վճարի բանկին՝ որպես տոկոսավճար։ Իսկ հետո՝ այդ գումարին կավելանա նաև մայր գումարը։

Նման պայմաններում, երբ ուսանողը այսպես թե այնպես պետք է 180 հազար դրամ հայթայթի բանկի տոկոսավճարը մուծելու համար, թերևս ավելի նախընտրելի է՝ կրկնապատկել ջանքերն ու մի այդքան էլ հայթայթել և միանգամից մուծել բուհին։ Առանց դիմելու բանկի օգնությանն ու տարեկան 180 հազար տոկոսավճար մուծելու։ Որովհետև այդ վարկավորումը ավելի շատ ձեռնտու է բանկերին, քան ուսանողներին։

Հիմա հարցին մեկ այլ տեսանկյունից նայենք. որքանո՞վ է օգնում կառավարությունը յուրաքանչյուր վարկառու ուսանողին։ 1.8 միլիոն դրամ վարկ վերցնելու պարագայում պետությունը տարեկան սուբսիդավորում է 36 հազար դրամ, իսկ գերազանցիկների համար՝ 54 հազար դրամ։

Ինչպես ասում են, չեղածից լավ է։ Սակայն այս գումարով հնարավո՞ր է գիտական ներուժ զարգացնել։ Կառավարությունը դրանում համոզված է։ Ովքեր չեն հավատում, կարող են աչքի անցկացնել հերթական խոսուն ենթավերնագիրը (որը զետեղել ենք նաև այս նյութի վերնագրում)՝ կառավարության պաշտոնական կայքում։

Տեսանյութեր

Լրահոս