Բաժիններ՝

Տիգրան Պետրոսյան. Հայտնին ու անհայտը

1963 թ. Երևանի Օպերայի և բալետի թատրոնին մերձ հրապարակում հայ հասարակությունը մեծ հանդիսավորությամբ նշեց Տիգրան Պետրոսյանի շախմատային թագադրությունը: Հետո այդ նույն հրապարակը տարիներ անց ազգային վերածննդի բազմաթիվ դրսևորումների ականատեսը եղավ ու այսօր կոչվում է Ազատության…

1963-ին և դրան հաջորդած տարիներին Հայաստանում և Սփյուռքում ծնված շատուշատ հայ երեխաների տրվեց Տիգրան անունը: Մինչ այդ էլ երեխաներին սիրում էին անվանակոչել Տիգրան Մեծի անունով, սակայն այս դեպքում շատերը դա անում էին` ի պատիվ հայ մեծանուն շախմատիստի: Եթե մեր մոլորակում իսպառ վերանան մինչև այժմ ապրած ու ներկայիս շախմատիստների խաղացած պարտիաների գրառումները, շախմատին նվիրված գրքերն ու դրանց մեկնաբանությունները, ապա միայն Տիգրան Պետրոսյանի խաղացած պարտիաները ներկայացնելով` հնարավոր կլինի վերականգնել այդ հիրավի զարմանահրաշ խաղի բոլոր մանրամասներն ու նրբերանգները:

Վստահ կարելի է ասել, որ 20-րդ դարում ստեղծագործած ամենահայտնի հայ գործիչներից մեկը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է: Ապարանում Արագած լեռան հարևանությամբ կանգնեցված նրա արձանը շատ հաջողված է. Տիգրանի հայացքն արքայավայել է, տեսքն` անպարտելի:

Տիգրան Պետրոսյանի կյանքը կարծես մի լեգենդ լինի, վայրէջքների ու վերելքների մի ուղի, որի առանձին դրվագներ, ցավոք, քիչ են լուսաբանվել: Նախ` նշենք, որ իրականում Տիգրան Պետրոսյանը ծնվել է Ապարանի Մուլքի գյուղում` չնայած նա իր կենսագրության մեջ գրում է, որ ծնվել է 1929-ին` Թիֆլիսում: Տեղեկատվական գրեթե բոլոր աղբյուրներում հենց այդ քաղաքն է հիշատակվում որպես նրա ծննդավայր:

2005թ. հոկտեմբերի համարում ռուսագիր «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը տպագրել է Լեոնիդ Ներսիսյանի «Ապարանը կդառնա շախմատային Մեքքա» հոդվածը, որտեղ վերը նշված տեղեկությունը հաստատվում է: Փաստենք նաև, որ Հայաստանում Տիգրան Պետրոսյանին նվիրված առանձին հրապարակումներում նշվում է, որ նրա նախնիները մշեցիներ են: Տիգրանի մանկությունն ու պատանեկությունն անցել են Թբիլիսիում:

1946-ին տեղափոխվել է Երևան, իսկ 1949-ին մեկընդմիշտ հաստատվել է Մոսկվայում: Տիգրան Պետրոսյանի կյանքի ու գործունեության շատ մանրամասներ զետեղված են մեր «Վարք Տիգրան Պետրոսյանի» գրքում (Երևան, 2010):

Տիգրան Պետրոսյանի կյանքի առաջին երկու տասնամյակները չափազանց տխուր և հուզական են եղել: Ծնողներին կորցրած Տիգրանը յոթերորդ դասարանում թողել է դպրոցը:

Դեռ 14 տարեկանից ստիպված է եղել աշխատել` որպես կինոմեխանիկի օգնական, օգնել մորաքրոջը, վաղ առավոտից ավլել Շոթա Ռուսթավելու պողոտայի այն հատվածը, որը գտնվում էր Օպերային թատրոնի դիմաց, հերթ կանգնել կերոսինի համար, և այլն: Սակայն ճակատագիրն այլ ուղի էր նշել նրա համար: 16 տարեկանում Տիգրանը նվաճում է Վրաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը…:

Տիգրան Պետրոսյանի կենսագրության այդ և դրան հաջորդած էջերում կան շատ հետաքրքիր մանրամասներ: Յոթերորդ դասարանում սովորելիս Տիգրան Պետրոսյանի դասղեկը հրավիրում է ծնողական ժողով, որին պետք է մասնակցեին նաև աշակերտները: 1942 թվականն էր. պատերազմում զոհված կամ ռազմի դաշտում գտնվող հայրերի փոխարեն` մայրերն էին գալիսգ Անսահման տխուր ծնողական ժողով: Երբ արդեն ծնողները եկել էին, դասղեկը հայտարարել է. «Աշակերտները թող նստեն աջ կողմում, իսկ ծնողները` ձախ»: Երբ բոլորը գրավել են իրենց տեղերը, հանկարծ նկատել են, որ Տիգրանը կանգնած է ծնողների ու աշակերտների մեջտեղում: «Չգիտեմ, թե որտե՞ղ պիտի նստեմ»…

Հետագայում այդ տղային աշխարհի շատուշատ երկրներում ճանաչեցին: Շատերը նրա միջոցով ճանաչեցին մեր երկիրը: Երբ 1963-ին, հաղթելով Միխայիլ Բոտվիննիկին, Տիգրան Պետրոսյանը հռչակվեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն, հայերի ուրախությանը չափ ու սահման չկար: Միխայիլ Բոտվիննիկը հրեա էր, կինը` Գայանեն` հայուհի: Տիգրան Պետրոսյանը հայ էր, կինը` Ռոնան, հրեուհի: Հենց այդ 1963-ին էլ ծնվեց հանճարեղ մի անեկդոտ: Հայը հանդիպում է իր հրեա ընկերոջը. «Տեսա՞ր,- ասում է հայը,- մեր Տիգրանը ջարդուփշուր արեց ձեր Միխայիլին»: «Ամենևին էլ այդպես չէ,- պատասխանում է հրեան:

– Այդ մեր փեսա Տիգրանը ջարդուփշուր արեց ձեր փեսա Բոտվիննիկին»: Ի դեպ, նշենք, որ նույն Բոտվիննիկը չի մասնակցել Տիգրան Պետրոսյանի` աշխարհի չեմպիոն դառնալու առիթով կազմակերպված խնջույքին, քանի որ խիստ վրդովված էր: Պատճառներից մեկը, թերևս, այն էր, որ 1963 թ. խաղատախտակի մոտ` իր դիմաց նստած Տիգրանն ընդամենը 10-րդ դասարանի կրթություն ուներ, իսկ ինքն այն ժամանակ տեխնիկական գիտությունների դոկտոր էր:

Տիգրան Պետրոսյանը մեծ սեր է ունեցել երաժշտության նկատմամբ: Ամեն անգամ արտասահմանից վերադառնալիս` իր հետ բազմաթիվ ձայնասկավառակներ է բերել: Ի դեպ, հիանալի ձայն է ունեցել և նույնիսկ ցանկացել է օպերային երգիչ դառնալ: Շատ է սիրել նաև հայկական երգեր: Սիրել է երգել «Այ վարդը», «Քարավանը» և այլն: Հատկանշական է, որ աշխարհաշուրջ ճամփորդությունների ժամանակ նրան ջերմորեն դիմավորել են տեղի հայերը: Գրոսմայստեր Պաուլ Կերեսը, ով շատ հաճախ ուղեկցել է Տիգրանին, նկատել է, որ նա ամենուրեք մարդկանց հետ խոսում է առանց թարգմանչի: Երբ նույնը նկատել է Կյուրասաո փոքրիկ կղզում, որտեղ պետք է տեղի ունենար շախմատային մեծ մարտ, չի համբերել և հարցրել է. «Տիգրան, որտե՞ղ ես սովորել այդքան շատ լեզուներ»: «Ի՞նչ լեզուներ:

Ես գիտեմ իմ մայրենին և մեկ էլ այն, որով խոսում եմ քեզ հետ: Պաուլ, նրանք հողմահար իմ հայրենակիցներն են, ցրված աշխարհով մեկ»:

Տիգրան Պետրոսյանին բանաստեղծություններ են նվիրել շատ հայտնի հայ բանաստեղծներ, իսկ Մարտիրոս Սարյանը և Հրաչյա Ռուխկյանը վրձնել են նրա դիմանկարը:
Տիգրան Պետրոսյանը վախճանվել է Մոսկվայում` 1984 թ. օգոստոսի 13-ին, 55 տարեկանում: Նրա հուղարկավորությանը Հայաստանից ոչ մի պետական բարձր պաշտոնյա չի մասնակցել: Թե ինչո՞ւ նրա աճյունը չտեղափոխվեց Երևան և չամփոփվեց Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում, հիրավի մի մեծ հարցական է, որը, կարծում եմ, օրերից մի օր կբացահայտվի:

Մոսկվայի հայկական գերեզմանատանը 1987-ի սեպտեմբերի 29-ին Տիգրան Պետրոսյանի շիրմին դրվեց Հայաստանի Աղավնաձոր գյուղի սև գրանիտից պատրաստված մահարձանը: Շքեղ չէ այդ մահարձանը, և անծանոթ մեկի մտքով չի էլ անցնի, որ այդտեղ հանգչում է 20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկի և հայրենասերի սիրտը: Շիրմաքարի մեծությունը և գտնվելու վայրը երբեք տվյալ անձի գնահատանքի չափորոշիչներ չեն: Չափանիշը Շեքսպիրի` բոլոր ժամանակների համար ասված խոսքերն են.

«Երբ խելքն ու բախտը մենամարտում են, և առաջինը համարձակորեն գործի է դնում բոլոր ճիգերը, դիպվածն անզոր է նրան սասանել»:

ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս