Բաժիններ՝

Ի՞նչ է կատարվում փոխարժեքի հետ

Դոլարի փոխարժեքը երեկ նոր բարձունք նվաճեց. միջին գինը բորսայում կազմեց 415 դրամ, որը երկուշաբթի օրվա ցուցանիշից բարձր է 0.93%-ով կամ 3.83 դրամով:

Սա լուրջ տատանում է, որը որոշ մարդկանց էական օգուտներ կարող է բերել, մյուսներին` լուրջ վնասներ: Դոլարի բորսայական փոխարժեքն ավելի բարձր եղել է նախորդ տարվա հուլիսին: Հիշեցնենք, որ երեկ բորսայում արտարժույթի առքուվաճառք չէր եղել. դոլարն առաջարկվել էր չափազանց բարձր գնով` 413.5 դրամով, իսկ պահանջարկը չէր գերազանցել 413 դրամը: Իսկ նախորդ օրը` մարտի 11-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել էր 411.17 դրամ, իսկ փակման գինը` 411.5 դրամ:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը երեկ գնվում էր միջինը` 412.5 դրամով, վաճառվում` 416-416.5 դրամով:

Թե ինչ է կատարվում փոխարժեքի հետ` պարզ է: Դրամն արժեզրկվում է, ընդ որում` կտրուկ տեմպով: Իսկ ինչո՞ւ: Ոչ պակաս կարևոր այս հարցին պատասխան գտնելը բավականին դժվար է: Թվում է` լուրջ հիմքեր դրա համար չկային: Նախ` արտահանումը շարունակում է առաջանցիկ տեմպերով աճել: Օրինակ` այս տարվա հունվարին` նախորդ տարվա հունվարի համեմատ, արտահանումն աճել է 54.6%-ով, իսկ ներմուծումը` ընդամենը 13%-ով: Փետրվարի պաշտոնական ցուցանիշները դեռ չեն ամփոփվել, սակայն, ամենայն հավանականությամբ, արտահանման աճի տեմպը կպահպանվի: Սա նշանակում է, որ արտահանումից ստացվող արտարժույթի ծավալները մեծանում են: Իսկ դա ոչ թե արժևորում, այլ հակառակը` արժեզրկում է արտարժույթը (այդ թվում` դոլարը):

Փոխարժեքի վրա ազդող երկրորդ կարևոր գործոնն արտերկրից ստացվող դրամական փոխանցումներն են (տրանսֆերտները): Դրանց ծավալը նույնպես շարունակում է աճել, ինչը պետք է թուլացներ դոլարը:
Այսինքն` դոլարի արժևորման տեսանելի պատճառներ կարծես չկան: Իսկ երբ տեսանելի ու տրամաբանական պատճառներ չկան, մարդիկ իրենք են սկսում պատճառներ գտնել: Այդ թվում` քաղաքական պատճառներ: Կասկած չունենք, որ մեր քաղաքացիների մի մասը փոխարժեքի տատանումն անմիջապես կկապի անցած ընտրությունների հետ: Մյուս մասն էլ անմիջապես կմեղադրի առաջին մասին` ամեն ինչ քաղաքականացնելու և դավադրությունների տեսությանը հետևելու համար:

Դավադրությունների տեսությանը չտրվելով` փաստենք, որ ընտրությունները կարող էին ազդել փոխարժեքի այսօրվա տատանումների վրա (թեկուզ 3 շաբաթ անց):
Այսպես, մինչև ընտրությունները և բուն ընտրության օրը բաժանվում է ընտրակաշառք: Ընտրակաշառքի ընդհանուր գումարը ճշգրիտ նշել չի կարելի, սակայն այն չափվում է միլիարդ դրամներով:

Օրինակ` ԿԲ-ի հրապարակած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրություններից առաջ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալը շեշտակի աճում է: Ցավոք, այս պահի դրությամբ փետրվարի դրամավարկային ցուցանիշները դեռ ամփոփված չեն, այլապես կստուգեինք, թե այս օրինաչափությունն այս անգամ ինչպես է աշխատել: Պարզ է, որ ընտրակաշառք վերցնում են հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիները:

Պարզ է նաև, որ այս մարդիկ այդ գումարը ոչ թե խնայում են կամ դրանով արտարժույթ գնում, այլ այն անմիջապես ուղղում են իրենց կարիքների բավարարմանը. գնում են սննդամթերք, հագուստ, կատարում կոմունալ վճարներ, փակում հարևանի պարտքը, և այլն:

Այսինքն` ընտրակաշառքը դրամային տեսքով միանգամից մտնում է շրջանառության մեջ և մեծացնում ներքին առևտրի ծավալները:

Եվ արդյունքում` դրամը վերադառնում է խոշոր գործարարների մոտ` լինեն դրանք առևտրով զբաղվողներ թե կոմունալ ծառայությունների մատուցողներ: Իսկ երբ վերջիններիս մոտ ավելանում է դրամի ծավալը, նրանք փոխարկում են դա արտարժույթի, որպեսզի ներմուծեն ապրանք-ծառայությունների հաջորդ խմբաքանակը:

Կարճ ասած` դրամի արժեզրկման քիչ թե շատ տրամաբանական միակ բացատրությունն այս պահին այն է, որ խոշոր բիզնեսն արտարժույթ է գնում:
Իհարկե, նկատենք, որ սա ընդամենը տարբերակ է: Ընդ որում, այնպիսի տարբերակ, որը պետք է ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուների սրտով լինի: Որովհետև այն ենթադրում է, որ ՀՀ արտարժույթի շուկան գործում է զուտ շուկայական օրենքներով անգամ խոշոր բիզնեսի համար. փոխարժեքը ձևավորվում է առաջարկ-պահանջարկի ազդեցությամբ:

Մինչդեռ Հայաստանում շատերն այն կարծիքին են, որ, երբ «ընտրյալներին» արտարժույթ է պետք լինում, ապա արտարժույթը հարմար պահի էժանանում է, որպեսզի շահավետ պայմաններով գնեն:

Նշենք նաև, որ որոշ մարդիկ համոզված են, որ փոխարժեքի տատանումների արդյունքում շահում են առևտրային բանկերը:
Սակայն դա միանշանակ չէ: Բանկերը և այլ կառույցները փոխարժեքի տատանումներից կարող են շահել միայն այն դեպքում, երբ նախապես իմանան` որ ուղղությամբ է լինելու տատանումը: Դատելով առևտրային բանկերի վարքագծից` նրանք ևս անորոշության մեջ են:

Դրա մասին խոսում է այն հանգամանքը, որ առևտրային բանկերը մեծացրել են դոլարի առքի և վաճառքի գնի տարբերությունը: Եթե նորմալ պայմաններում դոլարը վաճառվում է գնման գնից 2-2.5 դրամով թանկ, ապա երեկվա դրությամբ` տարբերությունը հասել էր 3.5 դրամի: Rate.am-ի տվյալներով, հայաստանյան բանկերը դոլարը գնում էին միջինը 412.67 դրամով, վաճառում` 416.18 դրամով: Որոշ բանկերում դոլարի առքի և վաճառքի գնի տարբերությունը հասնում էր 4-5 դրամի: Սա խոսում է զգուշավորության և անորոշության մասին:
Թե ինչ ուղղությամբ կընթանա արտարժութային շուկան այսօր` կերևա մի քանի ժամից: Իսկ թե ինչն է փոխարժեքի շեշտակի տատանման իրական պատճառը, թերևս, այդպես էլ պարզ չդառնա:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս