Բաժիններ՝

Վերաքննիչ դատարանը մերժեց «Հին Էրիվան»-ի բողոքը

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը  անփոփոխ է թողել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Վարդան Աթայանի հայցի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, այսպիսով մերժել է գործով պատասխանող  «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերության բողոքը:

Հայցվորը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից խնդրել էր պարտավորեցնել Երևանի կենտրոնում գտնվող «Հին Էրիվան» շենքի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին ու այդ շենքը որպես սննդի օբյեկտ  օգտագործող «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերությանը վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը` անհապաղ հանել իր լուսանկարը և «Հրամանը» շենքի մուտքի դռան մոտ ցուցափեղկի վրա գտնվող պաստառի վրայից, ու այսուհետ ձեռնպահ մնալ իր և իր մերձավոր ազգականների պատվին ու արժանապատվությանը արատավորող գործողությունների կատարումից: «Հին Էրիվան»-ի շենքի մուտքի մոտ՝ ցուցափեղկի պաստառի վրա Ուսամա Բեն Լադենի լուսանկարի հետ նույն շարքում փակցված է եղել Վարդան Աթայանի լուսանկարը, և վերևում զետեղված է եղել «Հրամանն», ըստ որի, մասնավորապես, Վարդան Աթայանը, Բեն-Լադենը, Սադամ Հուսեյնը ճանաչվել են անցանկալի հաճախորդներ մարդկության նկատմամբ հանցագործություն կատարելու կամ հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն կատարելու համար: Իսկ ծանոթությամբ նշվում էր՝ «վերը նշված անձանց արգելվում է սպասարկել տվյալ տարածքում»։

Հայցվորի հավաստմամբ՝ պատասխանողի կողմից իր և իր մերձավորների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելը պայմանավորված է հայցվորի աշխատանքային գործունեությամբ, վերջինս «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահն է՝ ներկա դրությամբ «Յունիբանկ» ՓԲԸ-ի և «Հին Էրիվան» հոլդինգ ՍՊԸ-ի միջև առկա վարկային հարաբերություններից ծագող քաղաքացիաիրավական վեճերով կան մի շարք դատական գործեր:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, 12.10.2012թ. վճռով մերժել էր Վարդան Աթայանի հայցն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, իսկ ընդդեմ «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերությանը` բավարարվել էր  մասնակիորեն: Դատարանը վճռել էր պարտավորեցնել պատասխանող «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ին հրապարակայնորեն ներողություն հայցել հայցվոր Վարդան Աթայանից՝ ներողության տեքստը հայցվորի լուսանկարով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակելով: Վճռով «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ից հօգուտ Վարդան Աթայանի պետք է բռնագանձվի  500.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործով  ստորադաս Դատարանը բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ և պատշաճ գնահատմամբ կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ, որը բեկանելու հիմքեր վերաքննիչ բողոքում առկա չեն:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերը նշված «Հրամանում» արված արտահայտություններն իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, նպատակ են հետապնդել նսեմացնելու հայցվորի հեղինակությունը և նվաստացնելու նրան և այդ արտահայտությունները կատարվել են հրապարակային ձևով:

Պատասխանողի կողմից տարածած «Հրաման» վերտառությամբ տեղեկությունում տեղ գտած որպես «հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն», «մարդկության նկատմամբ հանցագործություն» կատարող սուբյեկտ Վարդան Աթայանին որակելը արատավորում է հայցվորին, քանի որ նրան վերագրվող արարքներն իրենց բնույթով հանցագործություններ են։ Բացի այդ, հայցվորի վերաբերյալ կատարված արտահայտությունները զուգորդվել են նրա լուսանկարը Բեն Լադենի լուսանկարի կողքին փակցնելով, ով եղել է ահաբեկիչ և կատարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Հայցվորը՝ հանդիսանալով բանկային համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող անձ, ունենալով որոշակի սոցիալական և պաշտոնական դիրք, կարող է երրորդ անձանց կողմից ընկալվել որպես սուբյեկտ, ով իր դիրքի օգտագործմամբ կատարել է հակաիրավական արարքներ:

Փաստինֆո

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս