Թուրքական ընդդիմությունը խորհրդարանին առաջարկել է զբաղվել հայ ներգաղթյալների խնդիրների կարգավորմամբ
Թուրքական Gerçek Gündem կայքի փոխանցմամբ՝ հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն խորհրդարանին առաջարկել է հետազոտել և լուծել երկրում գտնվող հայաստանցիների խնդիրները:
Թանրըքուլուն և նրա կուսակիցները Թուրքիայի խորհրդարանի նախագահությանն են ներկայացրել իրենց առաջարկը՝ ընդգծելով, որ խորհրդարանը պետք է ոչ միայն զբաղվի իր քաղաքացիներով, այլև երկրի ներսում բնակվող յուրաքանչյուր մարդու խնդիրներով:
«Պարոն վարչապետն իր հայտարարության մեջ ընդգծել էր, որ Թուրքիայում է գտնվում շուրջ 100.000 հայ (ապօրինի) ներգաղթյալ: Դա վկայում է լուրջ համայնքի առկայության մասին: Եթե այդ ամենը խոսում է Թուրքիայի հյուընկալ կերպարի մասին, ապա այդպիսի իրավիճակում պետք է զբաղվել այդ մարդկանց խնդիրներով և տվյալ թեմայով պետք է զբաղվի խորհրդարանը:
Օրինակ, Նարինե Մկրտչյանն ինքնասպանություն էր գործել նույն թաղամասում բնակվող մի տղամարդու կողմից շանտաժի (սպառնացել էին հրապարակել Նարինեի մերկ լուսանկարները) ենթարկվելու հետևանքով: Սա նմանատիպ միակ դեպքը չէ: Պետք է հետազոտել մեր երկրում գտնվող հայ ներգաղթյալների խնդիրները»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունիսի վերջին ադրբեջանական Zerkalo թերթը, վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան դիվանագետներից մեկին, հայտնել էր, որ հայ-թուրքական գործընթացի վերակենդանացումը Կազանի եռակողմ հանդիպման տապալման դեպքում մեկնարկելու է նույն տարեվերջին.
«Սակայն այս անգամ կիրառվելու է «փոքր քայլերի» մարտավարությունը։ Այսինքն` այս դեպքում խոսքը չի գնում ցյուրիխյան արձանագրությունների վավերացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Ամեն ինչ սկսվելու է այնպիսի քայլերից, որոնք, իբրև թե, թելադրված են հասարակ քաղաքացիների շահերից։ Օրինակ` խոսքը մասնավոր անձանց (այսինքն` հասարակ քաղաքացիների) համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման մասին է։
Չէ՞ որ, մեծ հաշվով, այսօր էլ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ այցերի համար հատուկ խոչընդոտներ գոյություն չունեն։ Կարելի է ինքնաթիռի տոմս գնել և երկու ժամից էլ պակաս ժամկետում հայտնվել Երևանում կամ հակառակը՝ Ստամբուլում։
Ըստ թուրքական աղբյուրի՝ հաջորդ լուրջ քայլը կլինի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհին արված լուրջ հայտը, թեև դա նույնպես պետք է թելադրված լինի «բացառապես հասարակ անձանց շահերով»:
Բանն այն է, որ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները երկու երկրներում զրկված են ամեն տիպի իրավական, այդ թվում` նաև հյուպատոսական աջակցությունից։ Խոսքը Երևանում ու Անկարայում երկու երկրների հետ ջերմ հարաբերություններ ունեցող երկրի դեսպանատանը կից հյուպատոսական սեկցիաներ բացելու մասին է, ինչպիսին որ ներկայումս ռուս-վրացական հարաբերությունների պարագայում է»: