Լռելով՝ մեր խնդիրները չեն լուծվի

Հարցազրույց տնտեսական գիտությունների թեկնածու, «Տեկտում» հ/կ-ի հիմնադիր նախագահ Անահիտ Մանասյանի հետ:

– Տիկին Մանասյան, գիտեմ, որ գիտական արդյունքների փորձաքննության մասնագետ եք: Ի՞նչ վիճակում է այդ ոլորտն այսօր Հայաստանում:  

Այո, ես ինքս էլ փորձագետ եմ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության փորձագետներից մեկն եմ: Տվյալ պարագայում, այնտեղ կարծես հստակ ընթացակարգեր կան, և փորձաքննությունն անաչառորեն է իրականացվում: Սակայն այս ամենը մեզ մոտ դեռ նոր է, և հուսով եմ, որ հետագայում փորձաքննությունը Հայաստանում ավելի որակյալ կդառնա: Հետխորհրդային երկրների փորձագետներին դրսում կարծես վերապահումով են մոտենում, ավելի շուտ՝ չեն վստահում. կա մի կարծրատիպ, եթե մի աշխատանքը տալիս են փորձաքննության, ապա եվրոպական երկրների կամ ԱՄՆ-ի փորձագետ երիտասարդ գիտնականները հիմնականում հետևում են բոլոր ընթացակարգերին, կանոնակարգերի յուրաքանչյուր տողին` դրանք պատշաճ որակով կիրառելու նպատակով: Մինչդեռ, երբ տվյալ աշխատանքը փորձաքննության են տալիս հետխորհրդային երկրների փորձագետներին, նրանք շատ արագ, ես կասեի՝ անմիջապես մի ճեղք են գտնում ու սկսում են շրջանցել այդ կանոնները: Մի անգամ ինձ ասացին, որ համակարգի արդյունավետությունը փորձարկելու համար այն փորձաքննության է ուղարկվում հետխորհրդային երկրների երիտասարդ գիտնականներին, որոնց գործողությունների հիման վրա վեր են հանվում վերջինիս բացերը և բարելավվում: Ինչ վերաբերում է մեր երկրում իրականացվող փորձաքննությանը, ապա փորձագետների սակավության արդյունքում բոլորս միմյանց ճանաչում ենք: Մի կողմից՝ երբ ճանաչում ես, անկախ քեզնից, և կարեկցում ես քո «բախտակից երիտասարդ գիտնականին»՝ գիտակցելով նրա խնդիրները, և աջակցում: Հայրս շատ լավ էր ասում. «Ցեղասպանությունից հետո հայի հաղթանակը նրա հոգատարության և միմյանց օգնելու մեջ էր», և այս երևույթը կարծես մինչ օրս մեր մեջ է և ամենուր արտահայտվում է: Արդյունքում՝ դու երկու ծանր քարերի միջև ես հայտնվում. պետք է փորձես զսպել քո էմոցիաները և անկախ փորձաքննություն իրականացնել: Ըստ իս, լավագույն լուծումը փորձաքննվող աշխատանքները դուրս ուղարկելն է, սակայն հասկանալի է` այդ ամենը նաև հավելյալ գումարներ է պահանջում: Սկզբում կարելի է թեկուզև քիչ քանակով աշխատանքներ արտերկիր ուղարկել փորձաքննության, իսկ հետագայում՝ ավելացնել վերջիններիս թիվը՝ վստահ լինելով դրանց անաչառ գնահատման հարցում:

– Փորձաքննությունից բացի, Հայաստանում երիտասարդ գիտնականների համար ի՞նչ այլ խնդիրներ եք տեսնում:

– Այստեղ բացակայում է կոլաբորատիվ սկզբունքը, չնայած որոշ համագործակցության եզրեր գտնում ենք: Օրինակ, այսօր բուհերի, ինստիտուտների և գիտնականների միջև համագործակցությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, այսինքն՝ բաց ռեսուրսի գաղափարը Հայաստանում չի աշխատում: Այն կյանքի կոչելու համար, կարծում եմ, մտածելակերպի փոփոխություն է պետք: Որևէ գիտական նախաձեռնություն երբ ցանկանում ենք գիտական որևէ կառույցի հետ իրականացնել՝ որոշակի գումարներ նաև ծրագրից հատկացնելով այդ կառույցին, սկզբում ավագ սերնդի գիտնականները բավականին դժկամորեն են մոտենում: Իսկ նյութական շահագրգռվածություն ցուցաբերելու դեպքում` վերաբերմունքը սկսում է աստիճանաբար փոխվել:

– Այսինքն՝ ինստիտուտները փակ են այլ ինստիտուտների երիտասարդ կադրերի համար և միայն իրե՞նց կառույցի երիտասարդներին է տեղ տրվում, թե՞ դրանք ընդհանրապես փակ են նաև տվյալ  ինստիտուտի երիտասարդների համար:

– Ընդհանուր առմամբ, նայած ինստիտուտ, իհարկե, միանշանակ չեմ կարող ասել՝ բոլորի դեպքում է այդպես, սակայն, ընդհանուր առմամբ, մթնոլորտն այդպիսին է: Այստեղ նաև վախի գործոնն է առկա. ավագ սերնդի գիտնականներից շատերը մեզ դիտարկում են՝ որպես պոտենցիալ մրցակիցներ, որոնք շատ կարճ ժամանակահատվածում կյուրացնեն համապատասխան գիտելիքները և կզբաղեցնեն իրենց պաշտոնները: Սակայն մինչև նրանց փոխարինելը՝ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Պարզապես, այս խնդիրը կարելի է լուծել՝ ընդամենը փոփոխելով մեխանիզմները: Օրինակ՝ երիտասարդ գիտնականին փորձերի համար հարկավոր է որևէ սարք, նա պետք է առանց ինչ-որ ծանոթների միջամտության՝ լրացնի հայտի ձև և ներկայացնի ինստիտուտի տնօրինությանը: Վերջինիս հիման վրա կարող են նրան թույլ տալ օգտվել այդ սարքից գիտահետազոտական նպատակներով: Իհարկե, հասկանալի է, որ այդ սարքերը բավականին թանկարժեք են, և յուրաքանչյուր ինստիտուտ, հնարավոր է, այդ լուրջ ֆինանսական ներդրումները չունենա այդ ինֆրակառուցվածքների ստեղծման և ներդրման համար: Քանի որ այն որոշակի ռիսկեր է պարունակում:

– Իսկ ի՞նչ վիճակում են մեր ինստիտուտների ենթակառուցվածքները:

– Մեր ենթակառուցվածքն արդեն գրեթե փոշիացած է, որովհետև այն, ինչ Սովետական Միությունից մեզ ժառանգություն է հասել, արդեն չի գործում: Իսկ մի քանի գիտնականներ, որոնք հիմնականում միջին և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ էին, կարողացան վերափոխվել, անգլերեն սովորել, արտասահման գնալ և կապեր հաստատել: Այդ կապերի շնորհիվ տարբեր դրամաշնորհային ծրագրեր բերեցին Հայաստան, և դրանցով որոշակի տվյալների բազա, ինչ-որ փոքրիկ լաբորատորիաներ ստեղծեցին: Սակայն դա պետական մոտեցում չէր, ուստի համակարգային դիտարկվել չէր կարող: Եթե պետբյուջեից պարբերաբար, ամեն տարի գումար հատկացվեր, և ստեղծվեր գոնե մեկ-երկու մեծ լաբորատորիա, մենք արդեն 10 տարում կունենայինք, օրինակ՝ մոտ 20 լաբորատորիա, որն ավելի բաց ռեսուրսի ձևով հասանելի կլիներ նաև երիտասարդների համար: Մեր երկիրը սակավ ռեսուրսների տեր երկիր է, և յուրաքանչյուր թանկարժեք ռեսուրս չի կարող բոլորին հասանելի լինել: Այդ իսկ պատճառով, կարող է կենտրոնացվել մի վայրում, որից հնարավորություն կունենան օգտվել բոլոր ցանկություն և կարիք ունեցողները: Որպես կանոն, գիտնականները միմյանց հետ մրցակցելու որևէ խնդիր չպետք է ունենան: Իմ կամ որևէ մի այլ գիտնականի ուսումնասիրությունը պետք է տարբերվի, իր առանձնահատկությամբ կարող են աշխատանքները փոխլրացնել միմյանց, սակայն՝ ոչ հակասել: Օրինակ` արտերկրում գիտնականներից յուրաքանչյուրն անում է իր գործը, սակայն, միևնույն ժամանակ՝ նրանք օգնում են միմյանց` հիմնականում ցուցաբերելով միջառարկայական մոտեցում: Հայաստանում այս երևույթները դեռ բացակայում են, հավանաբար, փորձի պակասի պատճառով:
Ուզում եմ նշել անպայման նաև բոլորիս համար կարևորագույն խնդիրներից մեկը՝ անհիմն վարչարարությունն ու թղթարարությունը, որը կարծես վերարտադրված է նախկին ռեժիմից: Ինչ-որ փոքրիկ աշխատանքի համար, որը կարելի է ավելի պարզեցված մեթոդներով անել, գիտնականն անհիմն թղթարարության ու քաշքշուկների մեջ է ընկնում և ստիպված է բավականին երկար ժամանակ ծախսել` թողնելով իր հիմնական, գիտական աշխատանքը:

– Որևէ օրինակ կնշե՞ք:

– Հենց վերջերս երիտասարդ գիտնականներով նման մի օրինակի մասին էինք խոսում, երբ ասպիրանտը գիտական աշխատանքը կատարելու համար դրամաշնորհ է ստանում, որը, չգիտես՝ ինչո՞ւ, փոխանցում է ոչ թե անձամբ նրան, այլ մի ինստիտուտի: Արդյունքում՝ երիտասարդ գիտնականը ստիպված է ամեն մի քայլի համար, օրինակ` անհրաժեշտ սարքավորումներ կամ նյութեր ձեռք բերելու համար, հազար ու մի թուղթ հավաքել՝ տեղեկանք, զեկուցագրեր… ո՞րն է այս ամենի իմաստը: Մենք այդ խնդրի մասին բարձրաձայնել ենք և ակնկալում ենք մոտ ժամանակներս հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ: Կան բազմաթիվ անհասկանալի ընթացակարգեր, օրենքներ, որոնք ոչ միայն պարզաբանման, այլև փոփոխման կարիք ունեն: Օրինակ՝ երիտասարդ գիտնականի աշխատավարձը կազմում է 25-30 հազ. դրամ, որից գանձվում է եկամտահարկ, արդյունքում՝ նա գրեթե «ոչինչ» չի ստանում: Կամ ակադեմիական տիտղոսավճարները չեն հարկվում, իսկ երիտասարդ գիտնականների աշխատավարձերը հարկվում են: Բացի այդ, բնական ռեսուրսները շահագործողին արտոնում են, մի քանի տարով ազատում հարկերից (խոսքը Թեղուտի մասին է.- Լ.Մ.), իսկ, չգիտես՝ ինչո՞ւ, երիտասարդ գիտնականի այդ չնչին աշխատավարձը պարտադիր հարկում են: Բնականաբար, պետբյուջեի վնասների մասին խոսք լինել չի կարող, ընդամենը երիտասարդ գիտնականին աջակցության հարց է: Փորձում ենք բարձրացնել այդ հարցերը և դրանց համար լուծումներ գտնել` քաջ գիտակցելով, որ լռելով՝ մեր խնդիրները չեն լուծվի:

– Իսկ ի՞նչ վիճակում են երիտասարդ և ավագ սերնդի գիտնականների հարաբերությունները:

– Հարաբերությունները բավականին բարդ են ձևավորվում: Եթե նկատի ունեք գիտական ղեկավարների հետ հարաբերությունները, ապա իմ փոքրիկ դիտարկումները ցույց են տվել, որ հազվագյուտ են այն երիտասարդ գիտնականները, ովքեր մեծարում են իրենց ղեկավարներին: Հիմնական խոչընդոտները ու անհասկանալի դժվարություններն ասես նրանք են մեր առջև ստեղծում: Այստեղից էլ սկսվում է խզվածքը ավագ և երիտասարդ սերնդի միջև: Ապրում ենք հուսահատություններ, հիասթափություններ, և հետագայում դրամաշնորհային ծրագրի դիմելիս` ավելի օպտիմալ տարբերակ ես գտնում՝ համագործակցելու այլ կառույցների և ինստիտուտների հետ:

– Իսկ ի՞նչ կասեք՝ գիտական ուսումնասիրությունների ու մշակումների, նաև՝ դրանց պահանջարկի և առևտրայնացման մասին:

– Գիտական ուղղվածություններ, իհարկե, մեզ մոտ կան, սակայն դրանք նպատակային չեն: Անհրաժեշտ է հստակ խնդիրների վերհանում, որոնց լուծումները կարող են գիտնականներն առաջարկել: Հետաքրքիրն այն է, որ նպատակային առումով՝ թեմաների ընտրությունը կատարվում է առանց նախնական խորքային ուսումնասիրության: Եկեք անկեղծ լինենք. շատ անգամ երիտասարդները պարզապես ընտրում են թեմա, որը դեռ չի արծարծվել որևէ մեկի կողմից: Այստեղ հարց է ծագում. «Այն արդյո՞ք հասարակության համար առաջնային խնդիր է, կամ արդյո՞ք այդ խնդրի կրողները մեծամասնություն են կազմում»:
Մենք ունենք բազմաթիվ տնտեսագետներ, իրավաբաններ, որոնց գիտական աշխատությունները բազմաթիվ համակարգային խնդիրների պատճառով կյանքի չեն կոչվում:
Ինչ վերաբերում է գիտական արդյունքների առևտրայնացմանը, ապա այն պարունակում է ռիսկային գործոններ, սակայն դրանք հիմնականում հաղթահարելի են: Մեր կազմակերպությունը՝ «Տեկտում» հ/կ-ն, հիմնադրվել է 14 ասպիրանտների կողմից, որի հիմնական նպատակը երիտասարդ գիտնականների հետազոտությունները բիզնես նախագծերի վերածելն է: Մենք համատեղ, միմյանց օգնելով՝ փորձում ենք կյանքի կոչել մեր ծրագրերը: Այժմ փորձում ենք ընդլայնել մեր ուսումնասիրությունների շրջանակը՝ ընդգրկելով բիոտեխնոլոգիայի, բուսաբանության, պատմամշակութային արժեքների պահպանության բնագավառները, որոնք կօգնեն մեր երկրում որոշ ոլորտների զարգացմանը: Արդեն իսկ մի ծրագրի առևտրայնացման համար դրամաշնորհ ենք շահել, որից ստացված հասույթն ուղղվելու է մյուս ծրագրերի զարգացմանը: Այս մոդելով փորձում ենք ստեղծել երկխոսություն գիտնականի և գործարարի միջև և արդյունքում՝ ստեղծել անհրաժեշտ արդյունք:

– Որքանո՞վ են հայաստանյան գործարարները պատրաստ համագործակցել գիտնականների հետ՝ նրանց ծրագրերի իրագործման ուղղությամբ:

– Ես կատարել եմ ուսումնասիրություններ և պարզել, որ մի շարք գործարարներ իրականում պատրաստ են համագործակցել գիտնականների հետ:  Ցավոք սրտի, այսօր ձևավորվել է գործարարների վերաբերյալ բացասական կարծրատիպ, որ Սովետական Միության փլուզումից հետո գործարարներ դարձան նրանք, ովքեր թերուս էին և զբաղվում էին մանր առևտրով: Հետագայում նրանք արագ հարստացան և կարողացան ձեռնարկություններ հիմնել և արտադրություն տալ: Այդպիսի վառ օրինակ են մեր օլիգարխները, նրանց կրթության և արժեհամակարգի մասին խոսելն անգամ, կարծում եմ՝ ավելորդ է: Այդուամենայնիվ, այդ ամենին զուգահեռ՝ կան փոքրաթիվ, միջին հնարավորություններով գործարարներ, ովքեր կրթված են և արտաքին շուկա դուրս գալու մարտահրավերներն էլ որոշ չափով պատկերացնում են: Նրանք պատրաստակամ են համագործակցել երիտասարդ գիտնականների հետ: Այս դեպքում, որպես համագործակցության մոդել՝ առաջարկվել է ոչ միայն արտոնագրված գյուտը, այլև նոր արտադրատեսակը շուկայում իրացնելու մեխանիզմները խորհրդատվության տեսքով: Վերջինս իրականացվում է անվճար հիմունքներով` բիզնեսը զարգացնելու նպատակով:
Մենք՝ երիտասարդ գիտնականներս, նմանատիպ քայլեր դեռ նոր ենք սկսում անել և կարծում ենք` տեղեկատվական գրոհի շնորհիվ, մշակումների առևտրայնացման կարևորության և առկա խնդիրների մասին անընդհատ բարձրաձայնելու պարագայում՝ կարող ենք հասնել ցանկալի արդյունքների:

Տեսանյութեր

Լրահոս