«Ես երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց քաղաքական դեմքերը զբաղվել են ինձնով». Նարեկ Հարութունյան
«Մի պահ մտածենք, թե զոհված տղաները, վերևից մեզ նայելով և տեսնելով երկրում տիրող իրավիճակը, մարդկանց, ովքեր իշխում են այս երկրի և ժողովրդի ճակատագրի վրա, ի՞նչ են մտածում։ Նրանք հաստատ հպարտ չեն մեզնով։ Ես այս մասին հաճախ եմ մտածում, հատկապես, երբ Շուշի եմ գնում, քանի որ այն ազատագրված հող է։ Այն տղաները, ովքեր կռվեցին, հավատով հեռացան։ Մենք, լինելով այս մարտիկների ժառանգները, ունենք աշխատելու, հավատքին մաքուր, հավատարիմ մնալու մեր պարտականությունները։ Մենք պետք է այնպիսի գործեր անենք, որոնք մեր ազգին, այդ տղաներին, Տիրոջը հպարտություն կբերեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը։
– Նարեկ, Երևանը Ձեր աչքերում ինչպիսի՞ն է։ Ձեզ դո՞ւր են գալիս կատարվող փոփոխությունները, քաղաքի երիտասարդությունը։
– Երիտասարդության մեջ ես շատ լավ բաներ եմ տեսնում։ Հույսս, իմ մխիթարանքը երիտասարդությունն է, նոր սերունդը։ Նրանց հետ աշխատելն ինձ համար հաճելի է։ Պետք է մեծ ճիգեր գործադրել, որ նոր սերունդը վեհ, ազնիվ մեծանա։
Ինչ վերաբերում է Երևանին, պետք է ասեմ, որ նա՝ իր լավ ու վատով, մերն է։ Հայրենիքը նման է մի մեծ ընտանիքի, որն ունի հիվանդ` կույր, դավաճան, հանցագործ, և առողջ` սուրբ, հրեշտակ երեխաներ։ Չարի և բարու պայքարը միշտ էլ կա։ Եթե ծնողն ունի վատ երեխա, չի նշանակում, որ նա այդ երեխային պետք է նվազ սիրի։ Ընդհակառակը` գուցե պետք է շատ սիրել, խոհեմ լինել։ Մենք պետք է հայացք գցենք և մտածենք, թե ինչո՞ւ ենք արժանացել այս ճակատագրին։ Մենք պետք է մեզ քննադատենք, տեսնենք՝ ինչպես պետք է բարելավվենք և խնդրենք Տիրոջը, որ կարողանանք տեսնել բարին ու լույսը ու դրանով առաջնորդվել։
– Այս բացասական երևույթների հիմքերը որտեղի՞ց են գալիս։
– Դրանք նոր երևույթներ չեն։ Դարերի ընթացքում էլ միշտ եղել են բարին ու չարը։ Կարևոր է, որ մենք, քաջ գիտակցելով, որ այս երևույթները միշտ եղել են, կենտրոնանանք բարու վրա և մտածենք, թե ինչպե՞ս կարող ենք բարու միջոցով չարին հաղթել։ Երբ հոգին մաքուր, ուժեղ է, միտքը պայծառ է, և դու կարողանում ես լինել ուժեղ և պայքարել չարի դեմ։ Իհարկե, սա դժվար է։
– Իսկ որքանո՞վ եք Դուք հետաքրքրվում քաղաքական անցուդարձերով։
– Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ և քաղաքականություն չեմ սիրում, որովհետև այնտեղ կեղծիք կա։ Այդ դաշտն ինձ համար տհաճ է։ Ես երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց քաղաքական դեմքերը զբաղվել են ինձնով։ Ես զգացել եմ, որ նրանք սատանայի ծառաներն են, իրենց մոտ սրբություններ, հարգանք, սեր ժողովրդի նկատմամբ չկա։ Երբ այս ամեն ինչը պակասում է նրանց մոտ, դու չես ցանկանում շփվել նրանց հետ։ Երբ տեսնում ես, թե քո ժողովուրդն իրենց պատճառով ինչպիսի վիճակում է հայտնվել, դու էլ ես ընդվզում, նեղանում, պայքարում ու սկսում մտածել` ի՞նչ կարելի է անել, այս վիճակից դուրս գալու համար։ Ես կրկին վերադառնում եմ նույն համոզմունքին` մենք պետք է գիտակցենք` իբրև հայ ազգի զավակ, որտեղի՞ց ենք գալիս, որտեղի՞ց ենք սնվում, ինչո՞ւ ենք հպարտ, որ հայ ենք։ Մենք հպարտ ենք, որ ունենք լավ քաղաքական դեմքե՞ր, թե՞ որ ունեցել ենք սուրբեր, արվեստագետներ և մշակույթ։
– Ի՞նչ եք կարծում` մշակութային գործիչները պետք է փորձեն քաղաքականությունից հնարավորինս հեռո՞ւ լինել։
– Մշակութային գործիչները պետք է ամեն ինչ անեն, որ ժողովրդին ներշնչեն և տան այն, ինչը նրանց մեջ պակասում է։ Օրհասական վիճակ է, երբ արվեստագետը քաղաքականությանն է խառնվում։ Սա նշանակում է, որ նա այլ ելք չի գտել։ Երբ Վարդան Պետրոսյանը բարձրանում է բեմ, նա խոսում է ոչ իբրև արվեստագետ, այլ հայ մարդ, ում սիրտը ցավում է։ Ռուբեն Հախվերդյանը երբ երգում է, նա տալիս է դուխ, հոգի։ Այսինքն` այս դեպքում տիրում են այնքան անարդարություններ, որ արվեստագետն իբրև մարդ՝ ընդվզում է։ Նա պետք է այս կեղտոտության մեջ ժողովրդին լույս, շունչ ներշնչի, միացնի նրան։ Մեր մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն ասել է` «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Մենք պետք է միանանք, երբ տեսնում ենք, որ չարը գերիշխում է և փորձում է բարուն ոչնչացնել։
– Եվ կրկին փրկությունը հավատքի, միասնականության մեջ է…
– Միանշանա՛կ։ Հավատք, միասնականություն, սեր…