Ռուսաստանը կոնկրետացնում է սպառնալիքները
Մինչ հայաստանյան հասարակությունը կենտրոնացած է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային շարժման, էպոսագետ Վարդան Սեդրակյանի ձերբակալության և երգչուհի Շուշան Պետրոսյանի արտահայտությունների վրա, աշխարհում կատարվում են ոչ պակաս կարևոր բաներ, և հնչում են ոչ պակաս կարևոր արտահայտություններ: Ընդ որում, այնպիսի արտահայտություններ, որոնք անմիջականորեն կապ ունեն մեր երկրի ապագայի հետ:
Այսպես, օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ 2015 թվականից սկսած՝ կտրուկ սահմանափակվելու է Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից ներգաղթյալների ներհոսքը Ռուսաստան: «Մենք բաց հայտարարում ենք այդ մասին: Այսօր գոյություն ունեցող արտոնությունները կիրառվելու են միայն այն երկրների նկատմամբ, որոնք հանդիսանում են Մաքսային միության անդամ»:
Պուտինի այս հայտարարությունը կարելի է ընկալել՝ որպես ճնշման միջոց այն երկրների վրա, որոնք չեն ընդունել Մաքսային միության մեջ մտնելու հրավերը (ներկայումս դրա անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը):
Նշենք, որ ժամանակին Մաքսային միությանը չանդամակցող երկրներին «պատժելու» մասին խոսում էր նաև ՌԴ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Իսկ այժմ Վլ. Պուտինն ավելի կոնկրետ, առարկայական տեսք է հաղորդում այդ ամենին:
Կարծում ենք՝ կարիք չկա նշել, որ նշված միությանն անդամակցելու հարցը և Ռուսաստանի թափանցիկ ակնարկը վերաբերում է նաև Հայաստանին: Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները մինչ օրս ձգձգում են պատասխանը:
Ինչպես երևում է՝ ռուսները հոգնել են համոզելուց և որոշել են անցնել կոնկրետ գործողությունների: Պուտինը, ըստ էության, նշել է պատժի կոնկրետ մեխանիզմը, որը կարող է կիրառվել «անհնազանդ» հանրապետությունների նկատմամբ: Իսկ վտանգը բավականին լուրջ է։
Աշխատանքային միգրանտների մուտքի սահմանափակումը կարող է առանց չափազանցության տնտեսական աղետի առաջ կանգնեցնել Հայաստանին և մյուս երկրներին:
Նշենք, որ տարբեր գնահատականներով՝ ՌԴ-ում աշխատում են 500 հազարից մինչև 1 միլիոն ՀՀ քաղաքացիներ:
Պաշտոնական տվյալներով, միայն բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2012 թվականին կազմել է շուրջ 1.4 միլիարդ դոլար: Այսինքն՝ ՌԴ-ից ստացվող տրանսֆերտները Հայաստանի համախառն սպառման ողնաշարն է:
Բացի այդ՝ աշխատանքային միգրանտների մուտքի սահմանափակումը կհանգեցնի նրան, որ Հայաստանում գործազուրկ տղամարդկանց թիվը կմեծանա մի քանի հարյուր հազարով: Գործազրկությունը կհասնի ռեկորդային մակարդակի՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ (աղքատության աճ, ստվերային տնտեսության մեծացում, հանցավորության աճ և այլն):
Իսկ դա արդեն ոչ միայն տնտեսական առումով է վտանգավոր, այլև քաղաքական: Փաստորեն՝ Ռուսաստանը կարող է Հայաստանում և միգրանտներ «արտահանող» մյուս երկրներում ցանկացած պահի ձևավորել դժգոհների մի քանի հարյուր հազարանոց բանակ, որն իր բոլոր դժբախտությունների համար մեղադրելու է գործող իշխանությանն ու նրա վարած արտաքին քաղաքականությանը:
Ի դեպ, սա Ռուսաստանի պատժիչ զինանոցի մի մասն է միայն: Նշենք, որ Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանից արտահանման 20%-ը, որի առջև կարող է փակվել ռուսական շուկան: Չմոռանանք նաև, որ ռուսական կապիտալն է գերիշխում ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ընկերություններում: Այնպես որ, Հայաստանի համար սպառնալիքն ավելի լուրջ ու իրական է, քան մյուս «անհնազանդների» համար:
Ամեն դեպքում՝ մեզ և մյուսներին 2 տարի ժամանակ են տվել կողմնորոշվելու համար՝ մինչև 2015 թվականը:
Թե ի՞նչ կլինի երկու տարի անց՝ կախված է նրանից, թե այսօրվանից սկսած ի՞նչ քաղաքականություն կշարունակեն իրականացնել Հայաստանի իշխանությունները:
Եթե շարունակեն այնպես, ինչպես մինչև օրս, ապա աշխատանքային միգրանտների թիվը գնալով կմեծանա և 2 տարի անց Հայաստանն ավելի շատ կախված կլինի Ռուսաստանից, քան այսօր: Այդ ժամանակ ՀՀ իշխանություններին այլըիտրանք չի մնա, քան առանց հակաճառելու հնազանդվել և մաս կազմել Մաքսային միությանը:
Իհարկե, կա նաև մյուս տարբերակը. իշխանություններն իրականացնում են լուրջ և արմատական բարեփոխումներ՝ կայացնում լիարժեք դատաիրավական համակարգ, հաստատում օրենքի իշխանություն, ստեղծում նորմալ բիզնես միջավայր, պայքարում են կոռուպցիայի դեմ, և այլն: Այս ամենի արդյունքում՝ ներդրումների հոսքը (ոչ Ռուսաստանից) իրոք կավելանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր, և հայաստանցիները «խոպան» գնալու կարիք չեն ունենա: Հակառակը՝ առավել հավանական է, որ միգրանտներն իրենց կամքով ետ գան ռուսաստաններից և այլ երկրներից:
Այս տարբերակը խիստ ռոմանտիկ է թվում (մանավանդ՝ ընտրություններից հետո), սակայն միանշանակ հնարավոր և իրատեսական է: Եթե, իհարկե, երկրի ղեկավարները առաջնորդվեն ոչ թե նեղ խմբակային, այլ պետական շահերով: