Ուգո Չավեսին կարող են քաղցկեղով հիվանդացրած լինել ԱՄՆ հատուկ ծառայությունները
Ռուսական Московский Комсомолец թերթի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվանից քիչ առաջ նրա տեղակալ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց, որ Չավեսի հիվանդությունը հանդիսանում է ԱՄՆ դավադրության հետևանք: Այս կարծիքին են նաև մի շարք իրավապաշտպաններ:
Ի դեպ, Չավեսը լատինամերիկյան առաջին «ձախ» քաղաքական գործիչը չէ, ով տառապել է քաղցկեղից: Չավեսի մահվանից անմիջապես անց Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրեց մեկ օրվա ընթացքում երկրից վտարել ամերիկացի դիվանագետ Դևիդ Դել Մոնակոյին, ով մեղադրվում է երկրում անկայունություն առաջացնելու փորձերի մեջ:
NBC News-ը հայտնում է, որ Վենեսուելայի կառավարությունը մտադիր է հետաքննել Չավեսի մահվան պատճառները: Արդեն իսկ դիմումներ են ուղարկվել ԱՄՆ պետական մարմիններին՝ ազատ տեղեկատվության տրամադրման մասին օրենքին համապատասխան (խոսքը գնում է ակտի մասին, որի համաձայն կարելի է դիմել պետական մարմինին և ստանալ հետաքրքրող տեղեկություններ):
Վենեսուելական կողմը հետաքրքրվել է, թե արդյոք ԱՄՆ-ում չի՞ քննարկվել Վենեսուելայի առաջնորդի թունավորման թեման: Դեռ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին ունեցած ելույթում Չավեսն անձամբ ակնարկեց, որ ամերիկացի ուժայինները կարող են գտած լինել լատինամերիկյան «ձախ» առաջնորդներին քաղցկեղով վարակելու միջոց.
«Դա տարօրինակ է, եթե նրանք վարակելու այդ տեխնոլոգիան գտել են, իսկ մենք չգիտենք այդ մասին արդեն 50 տարի: Շատ դժվար է բացատրել, անգամ հավանականության օրենքով, թե ինչ տեղի ունեցավ Լատինական Ամերիկայի մի շարք առաջնորդների հետ: Ֆիդելը մշտապես ինձ ասում էր. «Չավե՛ս, զգույշ եղի՛ր, այդ մարդիկ հնարել են տեխնոլոգիա, որը …: Դու չափազանց անզգույշ ես: Հետևի՛ր, թե ինչ ես ուտում: Չէ՞ որ նրանք կարող են փոքր ասեղ դնել սննդի մեջ, և այն ժամանակ նրանք քեզ հետ կանեն այն, ինչ ցանկանան»»:
The Trinidad Guardian պարբերականը կարծում է, որ Չավեսի թունավորման հավանականությունը շատ մեծ է: Դեռևս 1975 թվականին պարզվել է, որ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) մշակել է թունավոր տեգեր կրակող ատրճանակ, որոնք առաջացնում են սրտի կաթված և քաղցկեղ:
Լատինամերիկյան պարբերականը մեջբերում է WikiLeaks-ի տվյալները, որոնց համաձայն, 2008 թվականին Պարագվայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, ամերիկյան հետախուզությունն իր դեսպանատան աշխատակիցներին խնդրել է հավաքել բոլոր չորս թեկնածուների կենսաչափական բոլոր տվյալները, այդ թվում նաև ԴՆԹ-ը: Քաղցկեղով հիվանդացած լատինամերիկյան «ձախ» առաջնորդների ցուցակը բավական ընդարձակ է:
Դրանում մտնում են Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները (Արգենտինայի նախագահ է հանդիսացել 2003-2007 թվականներին, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին), ով մահացել է հաստաղիի քաղցկեղից, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, ով ներկայումս պայքարում է ավշային հյուսվածքի քաղցկեղի դեմ (Բրազիլիայի նախագահ է դարձել 2011 թվականի հունվարի 1-ին), նրա նախորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան (Բրազիլիայի նախագահ է հանդիսացել 2003-2011 թվականներին), ով տառապում է կոկորդի քաղցկեղից, Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն (ստամոքսի քաղցկեղ), Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը (Բոլիվիայի նախագահ է դարձել 2006 թվականի հունիսի 22-ին), ով տառապում է քթի խոռոչի քաղցկեղից, Պարագվայի նախկին (2008-2012) նախագահ Ֆեռնանդո Լուգոն (ավշային հյուսվածքի քաղցկեղ) և Վենեսուելայի արդեն հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը: