Բաժիններ՝

Ալեքսանդր Թամանյանը՝ կյանքի զիգզագներում

(Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135-ամյակին)

Հայ կյանքի հանրագիտարան

* * *

1923 թ. ապրիլին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Պարսկաստանի Թավրիզ քաղաքից կնոջ և երեք զավակների հետ Հայաստան է վերադառնում ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը: Ինչպե՞ս էր 1878 թ. Ռուսաստանի Եկատերինոդար (այժմ` Կրասնոդար) քաղաքում ծնված և Ռուսաստանի տարբեր քաղաքներում մինչ օրս կանգուն հոյաշեն կառույցների հեղինակը, 1919-1921թթ. Երևանում ապրած և ստեղծագործած Թամանյանը հայտնվել Պարսկաստանում:
Երբ 1918-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Թամանյանը կարծես վերածնվեց: Պետք էր մեկնել Հայաստան, շենքեր կառուցել, ակտիվորեն ընդգրկվել նորաստեղծ հայրենիքի մշակութային կյանքին: 1919 թ. Թամանյանն ընտանիքով գալիս է Հայաստան: Հետագայում, Հայաստանի խորհրդայնացումից հետո Թամանյանը մնում է հանրապետության գլխավոր ճարտարապետի և Հնությունների պահպանման վարչության նախագահի իր նախկին պաշտոններում: Թվում էր, թե տագնապելու հիմքեր չկան: Ծառայել է դաշնակցական կառավարությանը, հիմա էլ իր ուժերը կներդնի Խորհրդային Հայաստանում: Թամանյանի պատկերացմամբ` կարևորը Հայաստանում մնայուն արժեքներ ստեղծելն էր: Այդպես թվում էր միայն առաջին հայացքից:
Իշխանության գալով` հայ բոլշևիկները երաշխավորում են նախկին իշխանության քաղաքացիական ու զինվորական պաշտոնյաների անվտանգությունը, սակայն ընդամենը մի քանի շաբաթ անց նրանք դրժում են իրենց խոստումը: 1921 թ. հունվարին Հայաստան է ժամանում «վաստակավոր» չեկիստ Գևորգ Աթարբեկյանը: Նրա կարգադրությամբ ձերբակալվում են բոլոր նրանք, ովքեր որևէ ներդրում են ունեցել նախկին կառավարության օրոք: Երևանի բանտում ադրբեջանցի մի ելուզակի ձեռքով կացնահարվում են զորահրամանատարներ Համազասպն ու Նիկոլայ Ղորղանյանը: Մյուս բանտարկվածները` նախկին վարչապետ Համո Օհանջանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ, հրաշքով փրկվում են միայն 1921-ի ապստամբության շնորհիվ:
Վտանգված էր նաև Ալեքսանդր Թամանյանի կյանքը, ում նախագծով և Հակոբ Կոջոյանի օժանդակությամբ 1920-ի հուլիսին ստեղծվել էր Առաջին Հանրապետության զինանշանը, ինչն այսօր էլ չնչին փոփոխություններով կիրառվում է: Անհրաժեշտ էր անհապաղ հեռանալ Հայաստանից: 1921 թ. մայիսին Թամանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Հակոբ Կոջոյանը, Սիմոն Վրացյանը, շատուշատերի հետ`վտանգելով իրենց կյանքը, Մեղրիի դիմաց վարարած ու կամուրջ չհանդուրժող Արաքսի վրայով անցնում են Պարսկաստան: Թամանյանը, գիտակցելով, որ Արաքսի վրայով այդ ամսին անցնելը վտանգավոր էր, ընտանիքին թողել էր Երևանում: Սակայն կարճ ժամանակ անց նրա կինը` անգլուհի Կամիլիա Էդվարդսը, երեխաների հետ հասնում է Ջուլֆա, իսկ այնտեղից կառքով ժամանում Թավրիզ, ուր նրանց սպասում էր Թամանյանը:
Ի դեպ, նշված շրջանում Հայաստանի բոլշևիկյան կառավարության հետապնդումից փախչող բազմաթիվ մարդկանց համար Արաքսի վրայով Պարսկաստան անցնելը մի դաժան փորձություն էր, որը շատերը չհաղթահարեցին: Առիթից օգտվում էին պարսիկները, ովքեր, որոշակի գումարի դիմաց, մարդկանց տեղափոխում էին իրենց խախուտ լաստերով: Այդ ծանր պահին անգամ Ալեքսանդր Թամանյանը, այստեղ ևս փորձել է կիրառել իր գիտելիքները մարդկանց փրկելու համար: Նրա ղեկավարությամբ մի խումբ ճարտարագետներ փորձել են Արաքսի երկու ափերի միջև պողպատալարի ճոպան անցկացնել:
Թավրիզում Թամանյանը շուրջ երկու տարի աշխատել է քաղաքապետարանում` որպես ճարտարապետ` Թավրիզի գլխավոր հատակագծում կատարելով արժեքավոր շտկումներ: Երևան վերադառնալու առաջին հրավերը Թամանյանը ստացել է Թավրիզ ժամանելուց շուրջ երեք ամիս անց: Հրավիրողներն էին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանն ու արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը: Թամանյանը դեռ տագնապած էր, և առաջարկն անպատասխան է մնում:
Ճարտարապետին սպասվող հաջորդ մեծ հարվածը վրա հասավ 1921թ. դեկտեմբերի 9-ին: Այդ օրը տիֆից մահացավ նրա ավագ դուստրը` 14 տարեկան Մարիան, իսկ մոտ կես տարի անց նրա ընտանիքը համալրվեց. Թավրիզում ծնվեց Թամանյանի չորրորդ զավակը` Հուլիոսը: Շուտով Հայաստանի բոլշևիկյան կառավարությունից Թամանյանը երկրորդ հրավերն է ստանում և այս անգամ որոշում ռիսկի դիմել: 1923-ի մարտին ճարտարապետն ընտանիքի հետ վերջնականապես հաստատվում է Երևանում:
Երևան ժամանելու առաջին մի քանի տարիներին Խորհրդային Հայաստանում կիրառվում էր համեմատաբար մեղմ քաղաքականություն, ինչի շնորհիվ Թամանյանը հնարավորություն է ունենում զգալի աշխատանք կատարել: Նրա նախագծերով սկսում են կառուցվել Կառավարական շենքը, Անասնաբուժական ինստիտուտը, Անատոմիկումը, Աստղադիտարանը և այլն: 1926 թ. նրան հանձնարարվում է Երևանի Օպերայի և բալետի թատրոնի կառուցման աշխատանքը: Սակայն, կարճ ժամանակ անց, մշակութային շատուշատ գործիչների, այդ թվում` Թամանյանի հանդեպ սկսվում են բռնաճնշումներ կիրառվել: Եթե սրան հավելենք նաև Թամանյանի կոմունիստ չլինելը և Ցարական Ռուսաստանի ճարտարապետության ակադեմիկոսի տիտղոսը, ապա ամեն ինչ հասկանալի կլինի: Շուտով նրա կառուցած բարձրաճաշակ շինությունները համարվեցին կղերա-ֆեոդալական ոճի արտահայտություն և ոչ հարազատ պրոլետարիատին: Թամանյանի հանճարեղ մտահղացումները, նրա խիզախումները, Հայաստանին ամեն գնով ծառայելու պատրաստակամությունն ի զորու չեղան օգնել նրան` խուսափելու անխուսափելիից: 1929 թ. հետո նոր շենքի նախագիծ ու կառուցում Թամանյանին այլևս չի հանձնարարվումգ.
1930 թ. մայիսին Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար է ընտրվում Աղասի Խանջյանը: Թամանյանի նկատմամբ ծավալված անմարդկային հալածանքները փոքր-ինչ մեղմանում են: Ճարտարապետը շարունակում է ավարտին հասցնել կիսատ ծրագրերը: Ճակատագիրը, սակայն, նոր ու սարսափելի անակնկալ էր նախատեսել: 1934-ին Երևանում մահանում է Թամանյանի արդեն երկրորդ` կրտսեր դուստրը: Նա գրեթե կորցնում է տեսողությունը: Աղջկա մահվանից հետո արված լուսանկարներում Թամանյանի աչքերում նշմարվում է գերհոգնածության ու տխրության կնիքը: Կարճ ժամանակ անց բժիշկների խորհրդով նա սև ապակիներով ակնոց է կրում և դժվարանում է ճարտարապետական գծագրերով զբաղվել: Հայտնի է, որ այդ օրերին նրան մեծապես օգնել է Հովհաննես Թումանյանի տասներորդ զավակը` ճարտարապետ Թամար Հովհաննիսյանը (1907-1989), ով 1931-1936 թթ. աշխատել է Թամանյանի ճարտարապետական արվեստանոցում, մասնակցել Կառավարական տան և Օպերայի և բալետի թատրոնի շենքի նախագծերի մշակմանը: Այս առումով շնորհակալ գործ կատարեց Թամանյանի ավագ որդին` Գևորգ Թամանյանը, ով իր ճարտարապետական բոլոր հմտությունները ներդրեց հոր կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Հատկանշական է, որ թե՛ Թամանյանը, թե՛ նրա ժառանգները միշտ էլ ծառայեցին Հայաստանին: Ասվածի ապացույցն է նաև այն, որ Թամանյանի թոռը` կրտսեր Ալեքսանդր Թամանյանը, 1990-ականների սկզբներին ակտիվորեն մասնակցեց Արցախի ազատագրման գործին:
Անհնար է միայն մեկ հոդվածով, թեկուզև ամենահամառոտ ձևով խոսել այն ամենի մասին, ինչն արել է Ալեքսանդր Թամանյանը: Նա վախճանվեց 1936 թ. փետրվարի 20-ին: Երեք օր անց «Խորհրդային Հայաստան» թերթը տպագրեց Եղիշե Չարենցի` Թամանյանի հիշատակին նվիրված «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը, որի չորրորդ` «Նա տեսել է երևի արևային մի քաղաք» տողը դրոշմված է Երևանի կենտրոնում քանդակագործ Արտաշես Հովսեփյանի 1974-ին կերտած Թամանյանի բազալտակուռ հուշարձանին:
Շատ չեն այն քաղաքները, որոնք ժամանակին կառուցվել են միայն մեկ մարդու նախագծով: Երևանը Թամանյանի հանճարի շնորհիվ այդ քաղաքներից է և այն էլ` Արևային:

Ասատուր Փաշայան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս