Բաժիններ՝

Վարք մեծաց

Երբ տարածվեց լուրը, թե Շառլ Ազնավուրը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, վերհիշեցին Շառլ Ազնավուրի տարիքը, և Սերժ Սարգսյանին ուղված շնորհավորանքը սոցցանցում ընդունվեց որպես առաջացած տարիքի` ծերախտի բնական և հաճախ պատահող դրսևորում: Ըստ լրատվամիջոցների` Գյումրիում ոմանք անգամ պատրաստվեցին ջարդուփշուր անել շանսոնյեի արձանը: Իսկ Սերժ Թանգյանի հայտնի նամակից հետո օդում կախվեց «Ո՞վ է հայրենասեր, Ազնավո՞ւրը, թե՞ Թանգյանը» հարցը:

Ազնավուրին «չդիպչելու» ամենահիմնավոր փաստարկը նրա անգնահատելի օգնությունն էր 88-ի երկրաշարժից այս կողմ և, ի վերջո, նրա հայտնի խոսքերը. «Հայաստանում մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: Մաֆիայի մասին սարսափելի պատմություններ եմ լսում: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել»:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողի հետ զրույցի ժամանակ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ասաց. «Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի ականջները կքաշի, այլ հայ ժողովրդի` Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտության պատճառով»: (Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, թե «Վլադիմիր Վլադիմիրովիչը» շտապել է` շնորհավորելով Սերժ Սարգսյանին` «վերընտրության» առիթով): Անմիջապես, ի պատասխան, գրվեցին բազում հոդվածներ` մամուլում, ու ստատուսներ` ֆեյսբուքում: Գրառումների կարմիր թելը սա էր` «Իբր մտավորական է, անունը` Ռազմիկ Դավոյան», «Պալատական երգիչ մտավորականների մտահորիզոնը», «Քոչարյանի արքունիքում սազանդարություն անող մարդը»գ
Հետո առցանց «Առավոտի» կայքում հայտնվեց Ֆորշի հետ զրույցի տեսանյութը: Լրագրողն ու երգիչը նախապես հարցազրույցի համար չէին պայմանավորվել, հետևաբար երգիչը որևէ պարտավորություն չուներ այդ օրն օգտագործել միայն ջուր: Եթե մեկ ուրիշը կարող էր նման իրավիճակում լրագրողին գրողի ծոցն ուղարկել, Ֆորշը հաճելիորեն զարմացել է` լսելով, թե ո՞ւմ է ԿԸՀ-ն հայտարարել` իբրև երկրի նախագահ: Համացանցում հայտնվեցին հնարավոր բոլոր վիրավորանքները` երգչի հասցեին:
Փետրվարի 28-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած ասուլիսին Ռուբեն Հախվերդյանն ասաց մի միտք, որը, եթե անմիջապես չշահարկվեր, լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն չէր ունենա: Ավելի գրոտեսկային ներկայացնելու համար Սերժ Սարգսյանի հանդեպ իր վերաբերմունքը, նա թույլ տվեց, թող որ` կոպիտ, սակայն Ղարաբաղի հայաստանյան պատկանելությունն ամենևին կասկածի տակ չդնող արտահայտություն: Այս դեպքի համար է ասված` «Յուրաքանչյուրը հասկանում է` ըստ իր գ քաղաքականացվածության աստիճանի»: Շատերը անհրաժեշտություն գտան ներկայացնել ասվածի իրենց մեկնությունն, ու ստացվեց անհամ մի բան:
Առհասարակ, արվեստագետներից, մտավորականներից հաճախ ակնկալում ենք ավելին, քան նրանք կարող են տալ: Այդ մարդիկ խիզախ են իրենց ստեղծագործություններում: Իրականության մեջ ամեն ինչ ավելի պրոզաիկ է: Եվ, ի վերջո, սխալվելու, իրավիճակը ոչ ճիշտ զգալու կամ գնահատելու, վրիպելու իրավունք ունեն բոլորը: Թուլություններ ունեն բոլորը:
Կա հայտնի պատմություն. Բեթհովենը հիացած էր Գյոթեով: Եվ` հակառակը: Այս երկու հանճարեղ մարդիկ հանդիպում են Չեխիայում, Տեպլիցա առողջարանում: Զբոսնելիս տեսնում են կայսրուհուն և նրա պալատականներին: Բեթհովենը ձեռքը տանում է գլխարկին, թեթև բարևում և արագ անցնում է: Մինչդեռ Գյոթեն մոտենում է, խոնարհվում: Այդ հանդիպումից հետո Բեթհովենի կարծիքը Գյոթեի մասին, ըստ ժամանակագիրների, փոխվում է. «Կարծում էի, թե Գյոթեն պոետների արքան է: Պարզվեց` նա արքաների պոետն է»,- ասում է Բեթհովենը: Ժամանակի ընթացքում այս գնահատականը մոռացվեց` որպես ոչ այնքան էական: Տարիներ անց Բեթհովենը Գյոթեին ուղարկած նամակներում վերհիշում էր այն հրաշալի ժամերը, որոնք անց են կացրել նրանք միասին` զրուցելով: Հիմա` արժե՞ ձեռքն առնել նժարն ու կշռել` Բեթհովե՞նն է լավ քաղաքացի, թե՞ Գյոթեն: Կամ` Թանգյա՞նն է հայրենասեր, թե՞ Ազնավուրը: «Մամայի՞ն ես շատ սիրում, թե՞ պապային»:
Արմեն Ջիգարխանյանը զրուցել էր «Օգոնյոկ» հանդեսի թղթակցի հետ ու ասել, որ եթե իրեն բռնության ենթարկելու սպառնալիքով պարտադրեն կեղծ վկայություն տալ, նա կտա այդ վկայությունը, քանի որ, հասկանո՞ւմ եք, սարսափելի վախենում է ցավից:
Ազնավուրին ոչ ոք բռնության չի ենթարկել, չի ստիպել շնորհավորել մեկին, ում մեծամասնությունը չի ընտրել: Առավել ևս, որ Ազնավուրը հաստա՛տ գիտի իրականությունը: Սակայն շանսոնյեն, այդուհանդերձ, շնորհավորել է: Ինչո՞ւ: Դժվար է ասել:
Ռազմիկ Դավոյանը, ինչպես նաև «մի խումբ մտավորականներ», շնորհավորել են Սերժ Սարգսյանին` Շառլ Ազնավուրից ավելի՛ լավ պատկերացնելով հայաստանյան իրականությունը: Ի՞նչն է այս մարդկանց ստիպում չտեսնել իրականությունը կամ փակել աչքերը` իրականությունը չտեսնելու համար: Ազնավուրի մասշտաբի հեղինակությունից, Ռազմիկ Դավոյանից կամ Սոս Սարգսյանից մարդիկ ավելի մեծ ակնկալիքներ, սպասելիքներ ունեն: Նրանցից ունեցած ակնկալիքներով, գուցե այնքան էլ ճիշտ չեմ, սակայն նսեմացնում ենք մեր գործողությունների, մեր պատասխանատվության բաժինը: Այսինքն` եթե Շառլ Ազնավուրը, Ռազմիկ Դավոյանը կամ Սոս Սարգսյանը շնորհավորում են Սերժ Սարգսյանին, ուրեմն այդպես էլ կա: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ մեծ մարդիկ թույլ են տալիս ավելի մեծ սխալներ, ունենում են ավելի մեծ թուլություններ:
Նրանց կարելի է քննադատել, մեղադրել փոքրոգության կամ թուլության մեջ: Իսկ ավելի ճիշտ է` հասկանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս