Կլոնավորումը Հայաստանում
Առաջին ազգը չենք, որ փորձում ենք պետություն կառավարել: Հրեաներն էլ մեզանից 40-50 տարի առաջ նույն վիճակում էին: Այդ ժամանակ Իսրայել պետության ղեկավարներից մեկը հայտարարեց, թե երբ համոզված կլինի, որ իրենց պետությունը կայացել է: Ընդամենը երեք նախապայման էր նշել` «Երբ Իսրայելի փողոցներում կհայտնվեն հրեա պոռնիկներ, երբ ուսանողները փողոց դուրս կգան բողոքի, և, երբ Ոստիկանությունը կցրի ուսանողական հանրահավաքը»: Բոլոր ցուցանիշները համընկնում են: Մեր քաղաքների փողոցներում պոռնիկներ վաղուց են հայտնվել: Երկու-երեք օր է` մեր ուսանողները փորձում են փողոց դուրս գալ: Ոստիկանությունն էլ փորձում է նրանց խոչընդոտել: Մեկ-երկու բախում արդեն եղել է: Բայց չգիտես ինչու` գոյության հենց սկզբից Իսրայելը ներգաղթ արձանագրող երկիր է, իսկ Հայաստանը` արտագաղթ: Հավանաբար այն պատճառով, որ Հայաստանում արգելված չէ կլոնավորումը: Քաղաքական կուսակցությունների գործունեությունը բուհերում օրենքով, կարծեմ, արգելված է: Բայց օրենքը հաշվի առնող չկա: Քաղաքական բոլոր կուսակցությունները` ընդդիմադիր ու հատկապես իշխանական, ուսանողական երիտթևեր ունեն: Հավանաբար ինքնապաշտպանական բնազդով համարյա բոլոր կուսակցությունները փորձում են իրենց պատկերով ու նմանությամբ կլոնավորել երիտասարդության ամենակազմակերպված ու ամենակիրթ հատվածին: Ընդդիմադիրները ձգտում են, որ ուսանողները իրենց նման բողոքող ու չհանդուրժող լինեն: Ազգայնականները` իրենց նման նացիոնալիստ: Իշխանությունները` կառուցողական ու պատասխանատու (առաջ դրան կոմսոմոլ էին ասում): Բոլորն էլ իրենց չափով հաջողում են: «Դասադուլ» և «Ոչ դասադուլին» շարժումները` ձեզ օրինակ: Ցանկացած հոռետես կեզրակացնի, որ ազգի ապագան արդեն կլոնավորված է: Որ երիտասարդությունից նոր ու թարմ մոտեցումներ սպասելն անիմաստ է: Որ կլոնավորում կոչվածն իսկապես հաջողվում է: Հաջողվում է բոլոր քաղաքական ուժերին: Հաջողվում է մտավորականության իմաստուն ու լուռ հայացքի ներքո: Ուսանողական դժգոհություններին ի պատասխան` բուհական ղեկավարությունը կողպում է համալսարանների դռները: «Երկաթե վարագույրի» ետևում կրթություն ստացած ղեկավարները ևս ձեռնամուխ են ուսանողների կլոնավորման գործին: Բուհը բանտի կամ ռեժիմային նմանատիպ հաստատության հետ շփոթած: Ու դրան հակադրվելու ընդամենը մեկ դեպք արձանագրվեց: Միայն մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը հայտարարեց, որ հրաժարվում է աշխատել փակ հիմնարկությունում: Միայն մեկ դասախոս: Մյուսները լռում են: Պարզ է, մարդիկ աշխատատեղ կկորցնեն: Որտե՞ղ պիտի աշխատի ֆիզիկայի կամ պատմության դոցենտ-պրոֆեսորը, եթե հակադրվի բուհի ղեկավարությանը: Բայց Նաիրա Մուրադյանը միակ դասախոսը չի, ով իր հիմնական եկամուտն ապահովում է ոչ թե դասախոսելով, այլ ստեղծագործելով: Կինոյի, գեղարվեստի ու ստեղծագործական մյուս բուհերի դասախոսների մեծ մասը հիմնական այլ աշխատանք կամ աշխատատեղ ունեն: Կոնսերվատորիայի դոցենտների մեծ մասի համար 40 հազար դրամ աշխատավարձը եկամտի միակ աղբյուրը չէ: Հետևաբար` մեր մտավորականության ամենակիրթ հատվածի` բուհական պրոֆեսորադասախոսական կազմի պահվածքն այլ բացատրություն ունի: Տխուր բացատրություն: Նույնիսկ խորհրդային ռեժիմի պարագային մտավորականության այս հատվածն ամենաըմբոստն ու ամենահամարձակն էր: Իսկ հիմա համակերպվում է կողպված դռների ետևում օրվա հացն աշխատելու իր դառը ճակատագրին: Մինչդեռ արժեր, որ խոսեին: Խոսեին ու բացատրեին, թե ինչ որակի զինվոր, քաղաքացի, չինովնիկ ու գիտնական կդառնա «ռեժիմային բուհ» ավարտողը: «Դռնփակեքի» այս նորօրյա ծեսն, անկեղծ ասած, անսպասելի էր: Կրթության նախարար Արմեն Աշոտյանը նախընտրական քարոզարշավի օրերին դպրոցի տնօրենների ու Վանաձորի Մանկավարժական համալսարանի ռեկտորին նկատողություն հայտարարեց կրթական հիմնարկներում քաղաքական հավաքներ կազմակերպելու պատճառով: Սա նման էր Աշոտյանի քաղաքական կերպարին: Կարող եք ինձ միամիտ մարդ համարել, բայց չէի պատկերացնի, որ Աշոտյանի նախարարության շրջանում բուհերը ոստիկանական օղակի ու փակ դռների ետևում կհայտնվեն: Մյուս կողմից` սա մեր ուսանողության ու պետության առաջին հանդիպումը կարելի է համարել: Մինչ ոստիկանական «շրջափակման» մեջ հայտնվելը հայ ուսանողը մեր պետության հետ չէր շփվել: Պետական դպրոցը նույնիսկ գերազանց ավարտելը նրան ընդունելության թեստ «լուծելու» հնարավորություն չէր տալիս: Այդ հմտությունն այդ ուսանողը մասնավոր կրկնուսույցից էր ստացել: Վճարել ու ստացել էր: Բուհում էլ վճարում ու կրթություն է ստանում: Ու հանկարծ հանդիպեց պետությանը: Հանդիպեց` ի դեմս Ոստիկանության: Վելիմիր Խլեբնիկովը գրում էր.
«Участок – великая вещь!
Это – место свиданья
Меня и государства.
Государство напоминает,
Что оно все еще существует! »:
Մեր ուսանողների մի մասն էլ այդ հզոր հիմնարկությունում հանդիպեց պետությանը: Եթե պետությունն այսպես է հիշեցնում իր գոյության մասին, ուրեմն կլոնավորումը Հայաստանում անշրջադարձելի չէ: