Արմեն Աշոտյանի տեսլականը
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուն մտքեր է բարձրաձայնել սկիզբ առած դասադուլների առիթով: Եթե համառոտելու լինենք, մոտավորապես ասել է` ուսանողությանը պետք է զերծ պահել քաղաքականությունից, կրթության իրավունքի հանդեպ ոտնձգություններից, անկողմնակալության հորդոր է արել լրագրողներին, շրջանառել «հոգեորսություն» բառը, մտաբերել չինական ասույթը` քամի ցանողը փոթորիկ կհնձի», իսկ Tert.am-ի դիտարկմանը, թե դասադուլին ընդդիմացողները հիմնականում ուսխորհուրդների ՀՀԿ-ական անդամներն են, պատասխանել է, թե շատ ուրախ կլիներ, եթե այդպես լիներ. «Դա կնշանակեր, որ հանրապետության իննսունինը հազար ինը հարյուր կամ ութ հարյուր ուսանողները ՀՀԿ-ական են»:
Պարոն կուսակցական գործիչ և սույն պահին՝ ի պաշտոնե նախարար, թույլ տվեք չհավատալ Ձեր անկեղծությանը, և մի կարծեք, թե մարդու հիշողությունը կարճ է: Կհամաձայնեի Ձեզ հետ, եթե նույն ասելիքը հնչեր այն օրերին, երբ Հանրապետական կուսակցությունն էր մեծ ու փոքր դահլիճներ լցնելու պարտադրանքով «հանդիպումների» տանում նույն այդ ուսանողությանը, դասախոսական կազմին, ուսուցիչներին` պարանոցներին գունագեղ լաթեր, որոնք խորհրդային տարիների պիոներական վզկապների մուտանտ օրինակ էին հիշեցնում: Թերևս, հիմա էլ այլ ասո՞ւյթ մտաբերեցիք` ինչ կարելի է Զևսին՝ չի կարելի եզին: Այն օրերին դասընթաց չէ՞ր խաթարվում, վտանգ չկա՞ր, որ հանրության մատաղատի հատվածի մտածողություն է խեղվում, ազատություն բռնադատվում… Ուսանողությանը ոչ թե պետք է հեռու պահել քաղաքականությունից, ինչպես Դուք եք կարծում, այլ` կուսակցականացումից, ինչին միտված եք, ձգտում, երազում եք, ինչը Ձեր տեսլականն է: Թե՞ մեջբերվածը` 99 հազարի մասին, Ձեր խոսքից չէ: Եթե ոչ, ինչո՞ւ են բուհական խորհուրդների նախագահներ «ընտրվել» հանրապետության ու Ազգային ժողովի նախագահները, վարչապետը, իրենց կարգի ու շարքի էլի ուրիշներ: Իբր, վստահված գործը հավուր պատշաճի կատարո՜ւմ են, լրացուցիչ բեռ են ուսել. շա՜տ են մտահոգ, այո՞, երկրի ապագա մտավոր ներուժով, ինչպե՞ս է, որ կարողանում են մի ձեռքով ոչ թե երկու, այլ տասը ձմերուկ բռնել, կամ Դուք. մի՞թե ոլորտում անելիք չի մնացել, որ օրվա մեծ մասը ֆեյսբուքում եք…
Ողջունելի էր, երբ ՀՀՇ-ն՝ ի վնաս իրեն, սակայն հանուն պետականության, ապակուսակցականացրեց հիմնարկները, ձեռնարկությունները: Ուրիշ խնդիր, որ հետագայում սկզբունքայնություն հանդես չբերվեց: Իսկ ի՞նչ արեց Ձեր կուսակցությունը. լծակ-սանձերին տիրելու համար, գյուղապետերից սկսած՝ ավարտած բուժհաստատությունների տնօրեններով ու մանկապարտեզների վարիչներով, դարձրեց հանրապետական, թե ինչու, պարզ էր ի սկզբանե, իսկ արդյունքը մեկ անգամ ևս իր «կատարելությամբ» տեսանելի դարձավ այս օրերին: Ու հիմա եկել լրագրողների՞ն եք հորդորում արդարամիտ, անկողմնակալ լինել:
Բուհական կամակատար վերնախավի, ոստիկանական ուժերի ընդգրկմամբ, դռներն ու դարպասները կողպելով, ուսանողության առողջ զանգվածի արդար ընդվզումը զսպել-խեղդելով, երկրի ճակատագրով մտահոգ երիտասարդության կամքը բռնադատելով, վախի, ստորաքարշության մթնոլորտի խտացումո՞վ պիտի «ապահով» Հայաստան կերտեք: Նման գաղջ մթնոլորտում հինգ տարի «կրթվածն» ի՞նչ սրտով խրամատում աներեր կանգնի, ինչպե՞ս դիմանա արդեն տարեցների այն բազմահազարանոց փաղանգի հայացքին, ովքեր որերորդ անգամ քվեախուց մտան` ընդդեմ փողի, ստության, ու հիմա նորեն հրապարակում են. հայացքները՝ հարթակին, ականջները՝ խոսափողին, հույսով, որ ի վերջո արդարությունը կգա և այդուհետ չի լքի տարաբախտ երկիրն ու ժողովրդին, որ մարդիկ` իր հայրենակիցները, կբարիանան, զավակներն իրենց կվերադառնան օտար եզերքներից` մասնակից լինելու Մեծ տան` հայրենիքի շենացմանը:
Դուք հիրավի՞ կրթյալ սերունդ եք ուզում տեսնել, թե՞ կամակատար-հանձնառուներ, Ոստիկանությանը «զորք» համարող, իր բառով` «ախալքալաքցիների» հավաքագրած մսեղ կարգադրիչ, ով լկտիաբար հանրությանն ի տես՝ կատակ է անգամ անում, ու նրան հովանավորում, արդարացնում է Մայր բուհի ռեկտորը` լրագրողի հարցին դիմադարձելով. «Իսկ դուք դրա մեջ վատ բան տեսնո՞ւմ եք»: Իհա՛րկե տեսնում եմ, պարոն Սիմոնյան, այն էլ որչափ եմ տեսնում: Եթե չքմեղանում եք, ասեմ` Ձեր օգնականը տվյալ պահին պաշտոնյա էր, ուստի հարյուրավոր ուսանողների, ոստիկանների, լրագրողների ու տեսախցիկների առաջ իրավունք չուներ խոսքի նման ոճ ընտրելու: Այսինքն, ի՞նչ ընտրության մասին է խոսքը, երբ այդպիսիք արտահայտվելու ուրիշ կերպ չգիտեն, ու ես չեմ հավատում, թե Դուք նրան կպատժեք, ինչն ի բաց պահանջում են ազնիվ դասախոսները: Չեք պատժի, ինչպես չեն պատժվում նախընտրական, ընտրական ու ետընտրական փուլերի մյուս մեղսակիրները, որովհետև տպավորություն կա՝ բոլորդ հարբել եք փողի, իշխանության տիրույթում հայտնվել-գտնվելով: Կարծում եք՝ բիրտ ուժով, երիտասարդությանը հեռու պահելով երկիրը փոթորկող իրադարձություններից, հարկադրելով դուրս չգալ լսարանից, նպաստում եք կրթյալ շարքերի հոծացմա՞նը:
Ընդհակառակ, բռնի մեկուսացված, դեկանի ու ուսխորհրդի անդամի հոխորտացող խոսքից նեղված-նվաստացած ուսանողը թերահավատությամբ, հակակրանքով կլցվի գրքի, այնտեղ գրվածի, այն մատուցողի, գիտության հանդեպ ընդհանրապես, ավելի ու ավելի կատի այն բիրտ իրականությունը, որտեղ իրավունքն ուժեղին, իր ու ծնողների ազատ կամքը ոտնատակ առնողինն է, երբ պարտադրում են միապաղաղ, անասելիք խոսքը ոչ միայն ունկնդրել, անգամ` ծափահարել, մինչդեռ էությունը ձգտում է հրապարակ, որտեղ դյուրաբեկ ճշմարտությունն է, նոր շունչը, խոսքը` թեկուզ դյուրահավատի շուրթերից, կենդանի, ազնիվ պահվածքը, բարությունը, ինչի կարիքն այնքա՜ն ունենք, ինչն իբրև ընծա՝ մեզ տրվեց համազգային շարժման տարիներին, և որը չտեսի պես զարմանալիորեն արագ մսխեցինք:
Մի՞թե նաև բացօթյա լսարաններում, ազատ խոսքի հարթակներում չէ դաստիարակությունը, այն մեծ դպրոցը, որն իմ սերունդը, ավաղ, չանցավ, որովհետև ասպարեզն այն ժամանակ էլ կոմերիտական ակտիվիստներինն էր, որոնց այնքա՜ն հիշեցնում է Ձեր տեսակը, ովքեր անհեթեթություն էին քարոզում, պարտադրում «Կոմսոմոլսկայա պրավդա», «Ավանգարդ» բաժանորդագրվել, մեր ծնողներին` «Պրավդա» ու «Իզվեստիա»… Նմանությունը, իրոք, շատ-շատ է, մոտեցումը` նույնը. այն ժամանակ ևս վերևից իջած հրամանի համաձայն՝ պատնեշում էին համալսարանի դռները, որպեսզի… տաբատ կրող ուսանողուհիները ներս չմտնեն: Խոստովանեք, ծիծաղելի է:
Այդ կերպ, հուսամ, վաղը ծիծաղ կհարուցի նաև ներկայիս խամաճիկների պահվածքը: Թե՞ Ձեր կարծիքն այլ է, Ձեր գիտցած բուհական իրականությունը` ուրիշ, դիմափոխ նույն կոմսոմոլները չեն տոն տվողները, տարբերվում են իշխանության բուրգի հիմիկվա աղյուսներն ու աղյուսիկները, ում հենարանը ոչ թե ժողովուրդն է, այլ բանակն ու նոր տեխնիկայով` տեսախցիկով զինված ոստիկանը, փողատերերն են և նրանց սափրագլուխ կուշտուկուռ թիկնապահները, թերմացքից սնվող կիսագողականները, թաղային «հեղինակությունները», ովքեր հետո նույն բարքերը փոխադրում են բանակ և չնչին պատրվակով ոտքի տակ կառնեն հայրենակից զինվորին, կհասցնեն մահվան դուռը, կմղեն ինքնասպանության…
Ուշադիր նայեք փողկապավոր ուսխորհուրդների նախագահներին ու անդամներին, ովքեր առժամանակ անց համալրելու են իշխող կուսակցախմբի վերին էշելոնները, և տարբերություն նախկին կոմսոմոլներից, հավատացնում եմ, չեք տեսնի: Օֆ, դարձյալ սխալ թույլ տվեցի: Ախր, որոշ տարբերություն կա. նախկինները միայն գրած, վերևներում հաստատածն էին ընթերցում, մինչդեռ նորերը կարող են մինչևիսկ բանավոր խոսել, սակայն վայ նրանց բառապաշարին, արտահայտած մտքերին…
Արամ Հովհաննիսյան
գրող, հրապարակախոս