Տ. Սարգսյանը ցանկանում է վերականգնել դպրոց-բուհ-գիտություն շղթան
ՀՀ կառավարությունն այսօր անցկացրել է իր հերթական նիստը։
Իր երկու որոշումներից առաջինով կառավարությունը Վայոց ձորի Փոռ գյուղի հիմնական դպրոցը վերակազմել է` միացնելով մարզի Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցին, մյուսով Լոռու մարզպետարանի ենթակայության «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» և Գյումրու մարզպետարանի ենթակայության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ները փոխել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։ Հավաստիանալով, որ որոշումը բխում է երկրի կրթական բարեփոխման տրամաբանությունից, վարչապետը շեշտել է ֆիզիկամաթեմատիկական առարկաների դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Ծավալված քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԳԱԱ նախագահը։ Ամփոփելով քննարկումը` վարչապետն ասել է. «Մենք պետք է մրցակցային մեր այս առավելությունը պահպանենք, քանի որ ֆիզմաթում միշտ ունեցել ենք բարձր դիրքեր, և հիմա մեր տնտեսության ճյուղային կառուցվածքն էլ է այդպիսին։ Մենք սկսում ենք ծրագրեր, որոնք ենթադրում են, որ մենք պետք է բարձրորակ մասնագետներ ունենանք։ Մասնավորապես, առողջապահության ոլորտում օնկոլոգիայի համալիրը, որ կառուցում ենք, հիմնվում է հիմնականում ֆիզիկայի ինստիտուտի վրա, իսկ ֆիզիկայի ինստիտուտը մեր առջև խնդիր է դնում, որ անհրաժեշտ են երիտասարդ մասնագետներ, որովհետև այդտեղ մենք ունենք մեծ ճեղքվածք։ Երիտասարդները չեն գնում դեպի գիտություն, և հիմա այս ամբողջ շղթան պետք է նորից վերականգնենք` դպրոցից, հետո բուհերում, հետո նաև գիտահետազոտական ինստիտուտներում։ Ուրախալի է, որ այսօր միջազգային հեղինակավոր ամսագրերում Հայաստանն ԱՊՀ երկրների թվում զբաղեցնում է առաջատար դիրքեր, և հենց այդտեղ էլ ֆիզմաթ կրթություն ստացածները հենց առաջին դիրքերում են։ Առաջին տեղում են հենց ֆիզիկայի բնագավառի միջազգային հրապարակումները։
Սա լրջագույն խնդիր է, որը մեր առջև այսօր դնում է մասնավոր հատվածը։ Մաթեմատիկայի բնագավառում մեզանից պահանջում էին, որպեսզի մեր բուհերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տարեկան հազար մասնագետ տան։ Հիմա վերջին հանդիպման ժամանակ, քանի որ բնագավառի տարեկան աճի տեմպը 20 տոկոս է, նրանք մեզանից պահանջում են տարեկան երեք հազար մասնագետ։ Սա լուրջ թիվ է, և մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք այս խնդիրը լուծելու, հակառակ դեպքում չենք կարող ոլորտում տնտեսական աճ ապահովել։ Հիմա մենք այդ բնագավառում ունենք բարձր որակավորման շուրջ յոթ հազար մասնագետ։ Եթե կարողանանք տարեկան երեք հազար մասնագետ երաշխավորել, ապա մոտակա տասը տարիների ընթացքում աճի բարձր տեմպերը կպահպանենք, եթե ոչ, զարգացման լուրջ խոչընդոտ կունենանք։ Դրա համար, կարծում եմ, որ այս խնդրի լուծումը դպրոցից սկսելը ճիշտ մոտեցում է»։