ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ ԱԻՆ-ում
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՆԱՏՕ-ի քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման համագործակցության ծրագրերի նախագծի ղեկավար Էվերտ Սոմերը։ Այցի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻ նախարարի` 2012 թ. դեկտեմբերին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելության արդյունքները, նախարարության անցյալ տարվա ձեռքբերումները, զարգացման շրագրերն ու նախանշել համագործակցության հետագա ուղիները։
Մինչ նախարար Ա. Երիցյանի հետ հանդիպումը` Է. Սոմերը եղավ ճգնաժամային կառավարման կենտրոնում` ծանոթանալու նորամուծություններին և ձեռքբերումներին։ Կենտրոնի պետ, գնդապետ Հ. Խանգելդյանը ներկայացրեց վերջին տարիներին իրականացված հսկայածավալ աշխատանքը, մասնավորապես`
– նախարարությունը պարտավորություն է ստանձնել աշխատանքի տեղավորել 30 հաշմանդամի, որոնցից 10-ն արդեն վերապատրաստվել են ու շուտով կանցնեն աշխատանքի.
– ներդրվել են ՓԾ տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկող (GPS), ինչպես նաև հանրապետության բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների և մարդկանց զանգվածային կուտակման վայրերի տեսավերահսկման համակարգեր
– կենտրոնին է միացվել մետրոյի կայարաններում և մայրաքաղաքի փողոցներում տեղադրված 164 տեսախցիկ, ինչպես նաև` էլցանցերը սպասարկող ավտոմեքենաների տեղաշարժը վերահսկող համակարգը (GPS).
– սերտացել է համագործակցությունը ոստիկանության և շտապօգնության ծառայության հետ.
– տարբեր նշանակության օբյեկտներում տեղադրվել են հակահրդեհային վերահսկողության ավտոմատ համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր է հրդեհի դեպքում մոտ 3 վայրկյանի ընթացքում ահազանգել ՃԿԿ։
ՀՀ ԱԻ նախարարի հետ հանդիպմանն Էվերտ Սոմերը նշեց, որ ծանոթ լինելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության պատմությանն ու պարբերաբար մեր երկիր այցելելու շնորհիվ իր համար առավել նկատելի է ԱԻ համակարգի զարգացումը։ Նախարար Ա. Երիցյանը, ողջունելով Է. Սոմերին, ասաց.
– Մենք այսօր բոլոր ուղղություններով շարժվում ենք առաջ և կառուցում հզոր նախարարություն, որը միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել մարդկանց։ Արագ արձագանքման «911» ծառայությունը կարճ ժամանակում նվաճել է մեր համաքաղաքացիների վստահությունը։ համեմատության համար նշեմ, որ մենք ավելի շատ զանգեր ենք ստանում, քան հանրապետության մյուս, ավելի վաղ ստեղծված արձագանքման ծառայությունները միասին վերցրած։ Միայն անցյալ տարվա ընթացքում «911» ծառայությունում ստացվել է 1.3 միլիոն զանգ, որոնցից ոչ մեկն անարձագանք չի մնացել։ Այս ամենին մենք միայնակ չենք հասել, մեր կողքին են եղել հավատարիմ գործընկերներ։ Սակայն չնայած մեր ձեռքբերումներին` կարծում եմ դեռ անելիքներ շատ կան։ Այս տարվա մեր առաջնահերթություններից մեկը Գառնու դիտարանի վերագործարկումն է ու ձևավորումը հետազոտությունների տարածաշրջանային կենտրոնի։
Է. Սոմերն ընդգծեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից ամենաակտիվն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի բոլոր միջոցառումներին ու նախաձեռնություններին.
– Այս համակարգում զարգացումը շատ արագ է ընթանում։ Անցած 15 տարիների համեմատ` առաջընթացը շատ մեծ է։ Այստեղ մեծ աշխատանք է տարվում արտակարգ իրավիճակների կառավարման կարևոր ուղղություններից մեկի` հանրային իրազեկման ոլորտում` «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի և նախարարության կայքի միջոցով։ ՆԱՏՕ-ի` Հայաստանում անցկացված «Արմենիա 2010» խոշոր միջազգային ուսումնավարժությունը ևս ապացուցեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Վստահ եմ, որ ԱԻ նախարարությունը գնալով ավելի հզոր ու ազդեցիկ կառույց է դառնալու։