Օլիգարխներին պետք է խրտնացնե՞լ, թե՞ ներել
«Այն, ինչ այսօր մենք ունենք, չէի ասի, թե հակամենաշնորհային պայքար է, թեև առաջընթաց կարծես թե նկատվում է: Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքներում ես անձամբ տեսնում եմ որոշակի տեղաշարժեր: Եթե նախկինում որոշ օրիգարխների մոտ ստուգումները բացառված պետք է լինեին, այսօր, գոնե էպիզոդիկ, բայց տեղ են գտնում»,- այսօր քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նա նաև շեշտեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանությունը դեռ չի նշանակում՝ հակամենաշնորհային պաշտպանություն, բայց մյուս կողմից էլ՝ տնտեսագետը լավատես է և հավատում է վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին: «Ուզում եմ հավատալ, որ այն սկզբունքները, որոնք դրված են գործող նախագահի, վերընտրված նախագահի ոչ միայն ծրագրում, այլ նաև համագումարյան ճառում, այն բարոյականության չափանիշները, որի մասին բավական շատ տեղ տվեց իր ելույթում, ես շատ եմ գնահատում: Եթե դա արվեց, կարող ենք ասել, որ մենք՝ որպես պետություն, բավական լուրջ առաջընթաց կարող ենք ունենալ»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:
«Ինչ տնտեսական բարեփոխումներ են անհրաժեշտ ընտրություններից հետո» հարցին Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, թե տնտեսության զարգացման թթվածինը ստացվում է մանր և փոքր բիզնեսից, և, եթե դրանք կարողանան «շնչել», կարող ենք դատել տնտեսության զարգացման մասին: Խոսելով տնտեսության մոնոպոլիզացվածության մասին՝ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ որքան էլ զարմանալի թվա, իր կարծիքով՝ օլիգարխների հարցում պետք է զգուշություն ցուցաբերել: «Ի զզվանքս օլիգարխների, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, իրենց վաստակը, կապիտալը մեզնից գնացած մեր ազգային կապիտալն է: Մենք պետք է զգույշ լինենք այս հարցում, այսինքն՝ խրտնացնե՞նք և այդ ազգային կապիտալը վանենք դո՞ւրս, թե՞ մտածենք քաղաքակիրթ մեթոդներով, դրա ուսանելի օրինակները կան միջազգային պրակտիկայում՝ սկսած ֆինանսական համաներումից՝ մինչև ավելի կոշտ մեթոդներ»,- նշեց տնտեսագետը: Հաջողություն ունենալու համար, Թաթուլ Մանասերյանի կարծիքով, հասարակությունն ինքը պետք է պահանջատեր լինի, այլապես ոչ մի հրաշալի տնտեսական ծրագիր չի կարող փրկություն լինել: