Վաղամեռիկ արտիստուհի. Սաբրինա Գրիգորյան

Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի սրահներից մեկի մուտքին փակցված է մի ցուցանակ` «Սաբրինա Գրիգորյանի անվան ցուցասրահ», որտեղ ներկայացված է սփյուռքահայ հայտնի նկարիչ, դերասան, կոլեկցիոներ, իրանական մոդեռն արտի հիմնադիր Մարկոս (Մարկո) Գրիգորյանի (1925-2007) հավաքածուն: Այն ներառում է մշակութային և պատմական մեծ արժեք ներկայացնող մի քանի հազար թանգարանային նմուշ, որոնցից յուրաքանչյուրը վերագրվում է պատմական տարբեր ժամանակաշրջանների (հնագույնից մինչև նորագույն), պատկանում տարբեր ազգությունների հեղինակների:
Առաջին անգամ Մարկոս Գրիգորյանը Հայաստան այցելեց դեռևս Խորհրդային Միության տարիներին, իսկ 1990-ականների սկզբներին նա Երևան բերեց անձնական հավաքածուն, այդ թվում` իր գործերից, և նվիրեց Հայաստանի կառավարությանը` ի հիշատակ վաղամեռիկ դստեր: 1993-ից հավաքածուն ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում` «Միջին Արևելքի թանգարան» անվան ներքո: Այդ շրջանից ի վեր Մարկոս Գրիգորյանը, որ հայտնի անուն էր ԱՄՆ-ում և Իրանում, իր կյանքը կապում է Հայաստանի հետ:
Մարկոն հույս ուներ, որ մի օր Հայաստանում հավաքածուն կցուցադրվի առանձին թանգարանային շենքում և ձեռք կբերի առավել մեծ ճանաչում: Սակայն իր կենդանության օրոք սփյուռքահայ բարերարն այդպես էլ չկարողացավ իրականացված տեսնել վաղեմի երազը: Այսօր էլ հավաքածուն շարունակում է գործել նշված հաստատության շրջանակներում, այն հատվածում, որի վերանորոգումը ժամանակին մեծ հոգածությամբ կազմակերպեց նույն Մարկոս Գրիգորյանը` կարճ ժամանակում կարողանալով կայացնել թանգարանը, դրա շուրջ համախմբելով մշակութասեր մարդկանց:
Գուցե Մարկոն երբեք էլ մտադրություն չունենար Հայաստանին նվիրել իր բավական արժեքավոր անձնական հավաքածուն` այն պարզապես ժառանգություն թողնելով դստերը, եթե չլիներ ճակատագրի ողբերգական դիպվածը… Միանգամայն անսպասելիորեն, 1986թ. ամռանը, սրտի տագնապից մահանում է Մարկոյի միակ դուստրը` երիտասարդ դերասանուհի Սաբրինա Գրիգորյանը:
Սաբրինային Հայաստանում այսօր էլ քչերն են ճանաչում, նրա կենսագրությունը ներառված է մեր կողմից հրատարակված «Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ» կենսագրական բառարանում (Եր., 2002), նույն թվականին Ա.Բախչինյանի հեղինակած «Հայազգի գործիչներ» գրքում: Սաբրինան, սակայն, հայտնի անուն էր թեհրանահայ համայնքում, նրան ճանաչում էին Լոնդոնում ու Նյու Յորքում:
Սաբրինան ծնվել է 1956թ. Հռոմում Մարկոս Գրիգորյանի և Ֆլորա Ադամյանի ընտանիքում: Մարկոսի ծնողներն առաջին աշխարհամարտից հետո Կարսից տեղափոխվել էին Հյուսիսային Կովկասի Կրոպոտկին քաղաք, որտեղ 1925թ. ծնվել է Մարկոն: 1930-ին Գրիգորյան գերդաստանը հաստատվել է Իրանում, որտեղ Մարկոն նախնական կրթություն է ստացել, հմտացել նկարչության մեջ, հետո մեկնել է Իտալիա, 1954-ին ավարտել Հռոմի Գեղարվեստական ակադեմիան: 1955-ին Մարկոն Թեհրանում ամուսնացել է, այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Հռոմ, որտեղ էլ, ինչպես նշեցինք, ծնվել է Սաբրինան: Հետագայում Մարկոն ընտանիքով նորից վերադարձել է Թեհրան, այստեղ հիմնել պատկերասրահ, ակտիվորեն ներգրավվել մշակութային կյանքում, կրթել բազմաթիվ երիտասարդների, խաղացել ֆիլմերում, իսկ 1962-ից իր մշակութային գործունեությունը շարունակել է Նյու Յորքում:
Մեծ է եղել Մարկոյի ազդեցությունը Սաբրինայի վրա, ով նույնպես դարձավ արվեստի մարդ: Մարկոն միշտ էլ հետևել է աղջկա գործունեությանը և աջակցել նրան: Սաբրինան նախնական կրթությունը ստացել է Թեհրանում, իսկ միջնակարգը` Նյու Յորքում, ուսանել է նաև Շվեյցարիայում: Վերադառնալով Թեհրան` ծանոթացել է Թեհրանի «Դիմակներ» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Պատրիսա Զիքիի հետ, ում փորձված աչքն իսկույն նկատել է Սաբրինայի արտիստական տաղանդը: Սաբրինան սկսել է մասնակցել «Դիմակների» ներկայացումներին, սակայն առաջին անգամ բեմ է բարձրացել Թեհրանում հայկական «Արարատ» ինքնագործ թատերախմբի հետ` Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտ լեռներում է» պիեսում հանդես գալով Ջոնիի դերակատարմամբ: Այդ բեմադրությունն, ի դեպ, համարվել է ամենանշանակալից իրադարձությունը թեհրանահայ համայնքի թատերական կյանքում: Նախքան Սաբրինան, դեռևս 1965-ին, Երևանում Ջոնիի դերն առաջին անգամ կատարել է Վարդուհի Վարդերեսյանը` Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:
Արվեստի ոլորտում հիմնավոր կրթություն ստանալու նպատակով Սաբրինան մեկնել է Լոնդոն, ուր 1978թ. ավարտել է Գիլդհոլի Երաժշտության և դրամայի դպրոցը, մասնագիտացել կինոյի և թատրոնի պատմության ոլորտում: Հետագայում Սաբրինան աշխատել է Նյու Յորքի NBC հեռուստաընկերությունում, պատրաստել և եթեր է հեռարձակել հեռուստատեսային տարաբնույթ հաղորդումներ: Այդ տարիներին նա հեղինակել է երաժշտական-թատերական հոդվածներ, գրել ու բեմադրել հեռուստատեսային սցենարներ:
Նրա բուն տարերքը, սակայն, բեմական արվեստն էր: Սաբրինայի խոշոր, նշաձև աչքերը, հայացքի թախիծը, ինչպես նաև` թավշյա ձայնը պարզապես գերում էին հանդիսատեսին: Ընդհանուր առմամբ, Սաբրինան խաղացել է շուրջ երկու տասնյակ, ամենատարբեր բնույթի ու ծավալի դերեր` Եվրիպիդեսից մինչև Շեքսպիր, Չեխով և Իբսեն: Ասվածի ապացույցը նրա խաղացած դերերի թվարկումն է` Ռոզա Գոնսալես (Թ.Ուիլյամս, «Ամառ և ծուխ»), Հիպոլիտա և Էմիլա (Վ.Շեքսպիր, «Ամառային գիշերվա երազը», «Օթելլո»), Մաշա (Ա.Չեխով, «Երեք քույր»), Դինա (Հ.Իբսեն, «Հասարակության սյուները»), Բելվեդերա (Թ.Օթովեյ, «Պաշտպանված Վենետիկը), Թուխ կինը (Բ.Շոու, «Սոնետների թուխ կինը»), Մարգո (Ֆ.Գուդրիչ, «Աննա Ֆրանկի օրագիրը»), Կորի (Ն.Սայմոն, «Ոտաբոբիկ այգում»), Տիկին Մարտին (Յ.Իոնեսկո, «Ճաղատ մեներգչուհին»), Մեդեա(ըստ Եվրիպիդեսի համանուն դիցաբանական ողբերգության) և այլն:
Թվում էր, որ Սաբրինա Գրիգորյանի արտասովոր շնորհքը նորանոր և անկասելի հաջողություններ էին բերելու նրան, սակայն արվեստագետի կյանքն ու գործը կիսատ մնացին: Դեռևս չբոլորած երեսուն տարին, 1986-ի օգոստոսին, Սաբրինան Նյու Յորքում հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին: Նրա վաղաժամ մահը ցնցեց իր հարազատներին, ընկերներին, գործընկերներին ու երկրպագուներին: Այն անասելի մեծ վիշտ պատճառեց նաև իրանահայ բանաստեղծ Վարանդին, ով Սաբրինայի վախճանից օրեր անց նրա հիշատակին ձոնեց մի նվիրական բանաստեղծություն, որն ավարտվում է հետևյալ տողերով.
…Հիմա իմացիր, քեզ մի բանաստեղծ
Համակրել է լուռ
Սիրել գողունի:
Ինչպես նշել ենք, Սաբրինա Գրիգորյանի հայրը` Մարկոն, փորձեց փարատել իր անձնական ողբերգությունը` դստեր անունով կոչելով իր հավաքածուն: Մարկոն Սաբրինայի ողջ արխիվը, նրա` առաջին հայացքից աննշան թվացող իրերը նույնպես նվիրեց Գրականության ու արվեստի թանգարանին: Իսկ 2000թ. Մարկոյի նյութական օժանդակությամբ Միջին Արևելքի թանգարանը Գևորգ Աբաջյանի հեղինակությամբ հրատարակեց «Սաբրինա Գրիգորյան» երկլեզու (հայերեն և անգլերեն) մենագրությունը, որտեղ շատուշատ հետաքրքիր դրվագներ կան ոչ միայն վաղամեռիկ դերասանուհու, այլև Գրիգորյանների ընտանեկան հարուստ պատմությունից:
Սաբրինան թեև չի այցելել Հայաստան, սակայն նրա հայրը` Մարկոն, փաստորեն կարողացավ կենդանի պահել նրա հիշատակը նաև Հայաստանում` հիմնադրելով նաև «Սաբրինա Գրիգորյան. երաժշտության և դրամայի մրցանակը», որը նախատեսված է Նյու Յորքի, Լոնդոնի, ինչպես նաև Երևանի երիտասարդ շնորհալի արվեստագետներին խրախուսելու համար:
ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս