ՀԺԿ-ն սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերին

«Էական չէ, թե  որտե՞ղ էր հանդիպումը, կարևորն արդյունքն է: Չգիտեմ, թե ի՞նչ են խոսել, բայց գտնում եմ, որ շատ բարդ իրավիճակ է, արվել են հայտարարություններ: Ես չեմ պատկերացնում՝ այդ հայտարարություններից ետ կանգնելն ինչպե՞ս կլինի, պարզապես պետք է սպասել, թե ի՞նչ կասվի վաղը»,-168.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Ըստ Գ. Հարությունյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը նախագահական նստավայր անսպասելի չէր կարելի համարել, քանի որ վերջինս հայտարարել էր, որ պատրաստվում է հանդիպել Սերժ Սարգսյանին: Գրիգոր Հարությունյանի համար զարմանալի չէր նաև այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ լրագրողների ներկայությամբ զրուցել Սերժ Սարգսյանի հետ: «Սովորաբար այդպիսի դեպքերում հանդիպումները լրագրողների մասնակցությամբ չեն լինում»,- նկատեց ՀԺԿ քարտուղարը: Նա զերծ մնաց ենթադրություններից և մեկնաբանություններից, թե ինչի՞ շուրջ է եղել նախագահական ընտրություններում հաղթած և երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների միջև զրույցը և խորհուրդ տվեց սպասել՝ մինչև հանդիպման մանրամասները կբացահայտի հանդիպման նախաձեռնողը:

Հարցին, թե հնարավո՞ր է ՝ ՀԺԿ-ն ինչ-որ ձևով սատարի Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե վերջինս շարունակի պայքարը, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի՞ քայլեր կլինեն, ինչպիսի՞ ճանապարհ  կընտրեն: Մեր կուսակցությունը միշտ էլ պատրաստ է ընտրել պայքարի ճանապարհը՝  երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»:

ՀԺԿ վարչության քարտուղարը վստահեցրեց, որ կուսակցությունն, ինչպես քվեարկության օրը, այնպես  էլ եհտընտրական շրջանում, պասիվ կեցվածք չի որդեգրել և հետևում է քաղաքական զարգացումներին: Գրիգոր Հարությունյանի խոսքերով՝ ընտրությունների օրը կուսակցականները շատ լուրջ պայքար են մղել ընտրատեղամասերում:  Նա նշեց նաև, որ ՀԺԿ վարչության քարտուղարներ Ֆելիքս Խաչատրյանը և Ստեփան Մինասյանը մասնակցում են Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին: Իսկ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Գրիգոր Հարությունյանի փոխանցմամբ, Հայաստանում չէ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս