Ստյոպա Սաֆարյանը` Էդուարդ Շարմազանովի և նրա ընկերների մասին
Քիչ առաջ «Ազատության» հրապարակում «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գիշեր ինքն անպայման մնալու է հրապարակում: «Մի բան հստակ տեսանելի է, որ Հայաստանի ժողովուրդը, որն իր քվեարկությունը կատարել է այս նախագահական ընտրությունների ժամանակ` երիտասարդից մինչև տարիքով մարդիկ, ուղղակի չեն ընդունում այս ընտրությունների արդյունքները և պատրաստ են ուղղակի պայքարել սեփական հաղթանակն իրավաբանորեն ամրագրելու համար»,- ասաց Ս. Սաֆարյանը, ում խոսքով` ինքը դա տեսել է երեկ և այսօր, երբ մարդիկ չէին ուզում լքել Ազատության հրապարակը: Դիտարկմանը, թե այսօր ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, թե Ր. Հովհաննիսյանը պատրանքների մեջ է և չի տեսնում իրականությունը, Ս. Սաֆարյանը նկատեց. «Պարոն Շարմազանովը և իր ընկերները բավական երկար ժամանակ է` ապրում են այլ իրականության մեջ և փորձում են հասարակությանը համառորեն համոզել, որ իրականությունը հենց այն է, ինչ իրենք պատկերացնում են: Իսկական իրականությունը հենց այս հրապարակում է»: Ս. Սաֆարյանի խոսքով` եթե մի ամբողջ հասարակություն գիտի, որ ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա դա է իրականությունը: «Լավ կլինի, որ Հանրապետական կուսակցության ներակայացուցիչներն առավել հաճախ շփվեն ժողովրդի հետ, և նրանք այնքան են կտրվել սեփական ժողովրդից, այնքան չեն պատկերացնում ժողովրդի տրամադրությունները, որ կարող են ուղղակի պատրանքներով տառապել, թե ընտրված նախագահը Սերժ Սարգսյանն է: Ո՛չ, Սերժ Սարգսյանը հեռացած, հեռացող նախագահ է»: