Բաժիններ՝

Ադրբեջանի ցնցող բացահայտումը. փողով չի կարելի բոլորին գնել

Փողի միջոցով կարելի է որոշ խնդիրներ լուծել, սակայն՝ ոչ բոլորը: Երբեմն էլ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

Ադրբեջանը հրաշալի օրինակ է վիթխարի հարստություն դիզած մի երկրի, որն իր միլիարդավոր նավթադոլարներն օգտագործում է օտարերկրյա քաղաքական գործիչներին և զանազան ասպարեզների մարդկանց կաշառելու համար՝ փորձելով բարելավել իր վատ համբավն ամբողջ աշխարհում: Ի դեպ, «խավիարի դիվանագիտություն» եզրույթը հատուկ հորինվել է բնութագրելու համար այն «բարիքները», որոնք ադրբեջանի պաշտոնատարները կանոնավորապես և առատաձեռնորեն բաժանում են՝ իրենց լիրբ նպատակներին հասնելու համար:

Օրինակ՝ Բաքուն հինգ միլիոն դոլար հատկացրեց Մեխիկո քաղաքի զբոսայգին վերանորոգելու համար, միայն մի պայմանով, որ Հեյդար Ալիևի արձանը տեղադրվի այդ նշանավոր վայրում: Սակայն, երբ մեքսիկացի ակտիվիստներն իմացան այս անվայել գործարքի մասին, բռնակալի արձանն ապամոնտաժվեց և առանց ձևականությունների շպրտվեց պահեստը:

Ադրբեջանի պաշտոնատարները սկսում են հասկանալ, որ ոչ բոլորին կարելի է գնել, և դեռ կան շատ պատվարժան մարդիկ այս աշխարհում, որոնք անկաշառ են: Այդ մարդկանցից մեկն էլ Պետեր Սավոդնիկն է՝  մի անբասիր ազնվության տեր անձնավորություն «Նյու Յորք Թայմս» թերթից: Այս ամսվա սկզբին, ադրբեջանցի մուլտիմիլիարդատեր Իբրահիմ Իբրահիմովն ամերիկացի լրագրողին հրավիրել էր Բաքու, որպեսզի «Նյու Յորք Թայմս»-ում գովասանքի խոսքեր գրեր իր ընդարձակ շինարարական ծրագրի մասին:

Կարդացեք նաև

Ամենևին չտպավորվելով նորահարուստ ադրբեջանցի օլիգարխի շռայլություններից, Սավոդնիկը ջախջախիչ հոդված էր գրել՝ ծաղրելով Իբրահիմովի անհեթեթ պատրանքը: Ահա համառոտ հատվածներ թղթակցի ծավալուն հոդվածից.

 

Իբրահիմովը նախատեսում է «խեցգետնու տեսք ունեցող մի լայնատարած շինություն կառուցել Կասպից ծովում՝ «Khazar Islands» անվամբ, որը բաղկանալու է 55 արհեստական կղզիներից՝ հազարավոր բնակարաններից, առնվազն ութ հյուրանոցից, «Ֆորմուլա 1» վազքուղով, նավասպորտային ակումբով, օդանավակայանով և աշխարհի ամենաբարձր՝ «Ադրբեջանի աշտարակ» շենքով, որի բարձրությունը կկազմի 1050 մետր: Երբ ամբողջ համալիրը կառուցվի … 800 հազար մարդ կապրի «Khazar Islands»-ում, այնտեղ նաև կլինեն հյուրանոցային սենյակներ մյուս 200 հազարի համար … Այն կարժենա մոտ 100 միլիարդ դոլար»:

Սավոդնիկը հայտնում է, որ Բաքու ժամանելուց մեկ օր առաջ, Իբրահիմովի ներկայացուցիչը եկել էր Մոսկվա, որպեսզի անձամբ իրեն հանձնի «Khazar Islands» նախագծի մասին գիրք և DVD-սկավառակ: Բաքվում լրագրողն ապշել էր օլիգարխի շռայլ ապրելակերպից. «այնպես էր բազմել սև Ռոլս Ռոյսի հետևի նստատեղին, կարծես այն սլանում էր կառուցվելիք կղզեխմբի թիվ մեկ կղզու վրայով: Նրա 23-ամյա օգնական Նիգյար Հուսեյնլին նստած էր առջևում, սև-սպիտակ ծաղկանախշերով կիսաշրջազգեստով, սև զուգագուլպաներով և սև ուղղանկյունաձև ակնոցով: Թվում էր, որ նա անընդհատ անհասկանալիորեն մտահոգված էր: Նա չափից շատ օծանելիք էր օգտագործել, որն, ինչպես ինքն  ասաց՝ բերվել էր Իտալիայից: «Երբ պարոն Իբրահիմովն Ադրբեջանում է լինում», ասաց Հուսեյնլին, «նա միշտ վարում է իր սև Ռոլս Ռոյսը: Իսկ Դուբայում նա մեկ ուրիշ կարմիրն ունի»:

Ցուցադրելով «կոկորդիլոսի կաշվից «Ստեֆանո Ռիչի» ապրանքանիշի կապույտ կոշիկները, որոնք համապատասխանում էին նրա «Ստեֆանո Ռիչի» կապույտ ջինսին, «Զիլլի» կապույտ պիջակին և «Զիլլի» կապույտ վերնաշապիկին», Իբրահիմովը Սավոդնիկին ասաց, որ «Ադրբեջանի աշտարակը» անկասկած հայտնվելու է Գինեսի ռեկորդների գրքում: Իբրահիմովն ասաց, որ եթե Սաուդյան Արաբիան կամ Արաբական Էմիրաթները, կամ որևէ մեկը, որևէ այլ վայրում փորձի ավելի մեծ շենք կառուցել, ապա նա էլ ավելի մեծն է կառուցելու:

Սավոդնիկը գրում է, որ ադրբեջանցի օլիգարխը Իլհամ Ալիևին բնութագրեց որպես շեֆերի շեֆ, «մեծ պաշտպան, աջակից և Ադրբեջանի ժողովրդի փրկչի որդի»: Երբ «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակիցը Իբրահիմովին հարցրեց «Ալիևի վարչակարգի այլ հատկանիշների՝ թափանցիկության, քաղաքացիական ազատությունների բացակայության և ընդդիմության ակտիվիստների կալանավորման մասին», նա տվեց բոլոր օլիգարխներին հատկանշական պատասխանը. «Ես քաղաքականության մասին ոչինչ չգիտեմ»:

Ամերիկացի լրագրողն իր հոդվածում անարգանքի խոսքեր էր գրել ոչ միայն  Իբրահիմովի,  այլ նաև նրա երկրի մասին. Ադրբեջանը «չի կառուցում այն, ինչ ամբողջ աշխարհին է պետք և չունի համաշխարհային ճանաչում ունեցող համալսարաններ: Սակայն, այն ունի նավթ»: Իր երկրորդ հոդվածում, Սավոդնիկը եզրափակում է. «Բոլոր ապակիների, պողպատի և նեոնային լույսերի ներքո, այն [Ադրբեջանը] շարունակում է մնալ որպես բռնատիրական երկիր»:

Առաջին անգամ չէ, որ «Նյու Յորք Թայմս»-ը Ադրբեջանին մերկացնող հոդված է հրապարակում: 2003 թ. հոկտեմբերի 27-ին թերթն իր խմբագրականում գրել էր. «Գործարար, «փլեյբոյ» և նորելուկ քաղաքական գործիչ Իլհամ Ալիևը գեղեցիկ նվեր ստացավ իր հորից՝ Ադրբեջան երկիրը: Հեյդար Ալիևը մշտապես, համարյա 34 տարի ղեկավարել էր Ադրբեջանը, սկզբում որպես Խորհրդային քաղբյուրոյի գործիչ, այնուհետև որպես բռնակալ: Երբ խիստ հիվանդության պատճառով նա այլևս չէր կարող շարունակել, նա օծեց որդուն՝ իր փոխարեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Իլհամ Ալիևն օգտագործելով պետության բոլոր լիազորությունները, կեղծիքներով լի քարոզարշավ ծավալեց, իսկ այնուհետև տոնեց իր հաղթանակը՝ ձերբակալելով ընդդիմության մեծ մասը:

«Նյու Յորք Թայմս» թերթը եզրափակել էր իր խիստ քննադատական խմբագրականը հորդորելով Միացյալ Նահանգներին «հեռավորություն պահել նախագահ Ալիևից և խուսափել նավթային հարստությունների վրա բազմած բռնակալներին աջակցելու անհաջող պատմության կրկնությունից»: Ցավոք, այս նախազգուշացումն անուշադրության մատնվեց Միացյալ Նահանգների իրար հաջորդող վարչակազմերի կողմից:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս