
Հայոց ցեղասպանությունը փաստող «Կապույտ» գիրքը վերստին ուղարկվել է թուրք պատգամավորներին (լուսանկարներ)

Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության մասին «առաջին ձեռքից վկայությունները» ի մի բերած «Կապույտ» գրքի՝ թուրքերեն թարգմանված տարբերակը փոստով ուղարկվել է թուրք պատգամավորներին:
Թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն հիշեցրել է, որ այդ գիրքը 4 տարի առաջ նույնպես ուղարկվել էր խորհրդարան, սակայն այն ժամանակ թույլ չէին տվել, որ գիրքը հայտնվի խորհրդարանում. «Մենք ականատես եղանք, թե ինչպես են պատգամավորներին երեխաների նման հեռու պահում «վնասակար հրապարակումներից»: Դա ցույց տվեց, թե ազատության հետ կապված ինչպիսի լուրջ խնդիրներ կան խորհրդարանում»:
Չորս տարի առաջ տեղ չհասած այս գիրքը երեկ վերստին ուղարկվել է խորհրդարան, այդ թվում նաև խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքին (նա դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին և հանդիսանում է քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը – 168.am) և խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Էրթուղրուլ Քյուրքչյուին:
Լոնդոնում գործող Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը, ներկայացնելով «Կապույտ» գիրքը, հայտարարել է, որ այն հրատարակվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից՝ 1916 թվականներին և իրենում պարունակում է Հայոց ցեղասպանության մասին վկայություններ: Նա հավելել է, որ այդ գիրքը գտնվում է Հայոց ցեղասպանության ժխտողների թիվ մեկ թիրախում: