Բաժիններ՝

Չորս երկրի միջև խոշոր մրցակցություն է ծավալվել երկրորդ ատոմակայանի կառուցման համար. Թաներ Յըլդըզ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ չորս երկիր մեծապես մրցակցում են միմյանց հետ՝ Սինոպում ատոմակայանի կառուցման իրավունքի ձեռք բերման համար:

Յըլդըզը մանրամասնել է, որ Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման համար պայքարում են Հարավային Կորեան, Ճապոնիան, Կանադան ու Չինաստանը: Յըլդըզը, սակայն, չի հայտնել, թե թուրքական կողմը երբ է կատարելու իր ընտրությունը (թեև նախապես հաղորդվում էր, որ դա պետք է տեղի ունենար մինչև 2012 թվականի ավարտը – 168.am):

Յըլդըզի խոսքերով՝ Սինոպի ատոմակայանի կառուցումը գնահատվում է 25 միլիարդ դոլար՝ հավելելով, որ նախորդ տարի Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4100 մեգավատտով և հասել է 58.000 մեգավատտի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցվելու է միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում: 2010 թվականին դրա կառուցման իրավունքը շնորհվեց Ռուսաստանին: Աքքույուի ատոմակայանի կառուցումը մեկնարկելու է 2014 թվականից, այն էլեկտրաէներգիա կսկսի արտադրել 2020 թվականից:

Առաջին փուլում ատոմակայանի էներգետիկ հզորությունը կազմելու է 4800 մեգավատ: Ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ: Նախատեսվում է, որ ատոմակայանի էներգաբլոկները շարք են մտնելու մեկ տարի հաջորդականությամբ: Նախագիծն ընդհանուր առմամբ գնահատվում է 20 միլիարդ դոլար, որից թուրքական մասնաբաժինը կազմում է 7.5 միլիարդ դոլարը:

Ի դեպ, Թուրքիան պլանավորել է կառուցել երեք ատոմակայան: Ենթադրվում է, որ երրորդ ատոմակայանը կառուցվելու է Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Իղնեադա վայրում` Բուլղարիայի սահմանից ոչ հեռու:

Ավելի վաղ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ թուրքական ատոմակայաններն էլեկտրաէներգիա են արտադրելու մինչև 2019 թվականը, իսկ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակ) Թուրքիան մտադիր է կառուցել ևս մեկ ատոմակայան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս