Սխալ ցիկլի վերջը

Նախագահական այս ընտրություններով 95-96 թվականից եկած սխալ ցիկլը վերջանում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը:

«Հասկանալի էր, որ այս ընտրություններում ի սկզբանե Սերժ Սարգսյանն է հաղթելու: Ես կարծում եմ, որ մեր նպատակը պետք է լինի այն, որ Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում ավելի օգտակար լինի պետությանը, քան առաջին ժամկետում: Բայց այսօրվանից՝ այս ընտրություններից հետո,  սկսվում է քաղաքական նոր էտապ, նոր քաղաքական ուժերի նախապատրաստում: Կարծում եմ, որ հաջորդ ընտրություները՝ լինի դա նախագահական, թե խորհրդարանական, արդեն ամբողջությամբ կվերահսկվեն ժողովրդի կողմից: Եվ պետք է ոչ թե ձայնը տալ որևէ մեկին, որ չլինի մյուսը, այլ տալ նրան, ում դու ցանկանում ես տեսնել նախագահի պաշտոնում»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ վստահ եք, թե 95-96-ից սխալ ցիկլն ավարտվեց, բանախոսը պատասխանեց. «Տանձը հասունանում է, հետո է ծառից ընկնում: Հիմա շատ վատ պրոցեսներ հասունացան, փտեցին ու ընկնում են ծառից: Նաև ես տեսնում եմ, որ կա երիտասարդություն, որը բավական գրագետ է, ըմբոստ, իր իրավունքները պահող»:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ 96 թվականի և 2013 թվականի նախագահական ընտրությունների միջև նմանություն շատ դժվար է գտնել, որովհետև 96-ի արդյուքները պրակտիկորեն ապացուցված են թվերով՝ ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնք  փատաթղթային ապացույցներ չունեն ու միայն ենթադրություններ են: Իսկ նախագահական 2013 թվականի ընտրությունները, նրա խոսքով, գոնե սկզբնական փուլում անտարբերության էլեմենտ պարունակում էին՝ ի տարբերություն 95 թվականի ընտրությունների:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս