
Մենք ցանկանում ենք Հայաստանի նման լավ հարաբերություններ ունենալ տարբեր շահեր հետապնդող երկրների հետ. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը պետք է փորձի լավ հարաբերություններ ունենա բոլոր երկրների, առավել ևս հարևանների հետ: Այս մասին երեկ Վրաստանի խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Մայա Փանջիկիձեն.
«Մեզ անհրաժեշտ է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ բազում հարցեր անհնար կլինի լուծել առանց Մոսկվայի մասնակցության: Այստեղից էլ ծագում է այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման ցանկությունը: Վրաստանը պետք է կարողանա հարաբերություններ հաստատել նաև այն երկրների հետ, որոնք դիմակայում են միմյանց:
Մեր աշխարհաքաղաքական գիծը չափազանց ակնհայտ է. եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգում: Սակայն մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ: Որպես օրինակ կարող եմ նշել Նոր Զելանդիան, որին հաջողվում է հարաբերություններ հաստատել տարբեր շահեր ունեցող երկրների հետ:
Որպես այդպիսի օրինակ Վրաստանի վարչապետը մատնացույց է արել Հայաստանը, որը նույնպես կարողացել է հարաբերություններ հաստատել այնպիսի երկրների հետ, որոնք հետապնդում են տարբեր շահեր, և հարաբերություններ հաստատելու այդ ունակությունը ցանկալի է համարվում նաև Վրաստանի համար:
Միևնույն ժամանակ վարչապետը երբեք չի հայտարարել, թե Վրաստանն ու Հայաստանն ունեն արտաքին քաղաքական նույն ձգտումները: Հայաստանը ԱՊՀ, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ է: Նա Երևանում միայն հայտարարել է, որ Վրաստանի համար ուսանելի կարող են լինել ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները»: