
ԱՄՆ-ում երիտասարդ տղամարդը սպանել է երեք մարդու և ինքնասպան եղել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գրանցվել է հրաձգության հերթական դեպքը: Այս անգամ երիտասարդ տղամարդը սպանել է երեք մարդու, ինչից հետո ինքնասպան է եղել:
Ամերիկյան ոստիկանության հաղորդմամբ՝ 20-ամյա Ալի Սաիդը Տաստին քաղաքի տներից մեկում հրազենով սպանել է մի կնոջ, ապա դեպքի վայրից հեռացել է ավտոմեքենայով: Ճանապարհով երթևեկելիս նա մի քանի անգամ կրակ է բացել անցորդների վրա և սպանել է ևս 2 մարդու:
Հասկանալով, որ իրեն չի հաջողվում ազատվել ոստիկանության հետապնդումից՝ հանցագործն ինքնասպան է եղել: Զոհվածների անունները և Սաիդի գործողությունների դրդապատճառները չեն հրապարակվում: Նշվում է, որ այս տարի դա արդեն նմանատիպ չորրորդ միջադեպն է:
Հունվարին Օբամայի վարչակազմը հանդես եկավ հրաձգային զենքի տարածումը սահմանափակելու նախաձեռնությամբ: Վախենալով դրանից՝ ամերիկացիները սկսեցին շուտափույթ համալրել հրաձգային զենքով իրենց պաշարները, և խանութներում առաջացել է հրաձգային զենքի դեֆիցիտ: