Փարիզյան սպանդը կազմակերպել են ինձ այստեղ բերած մարդիկ. Աբդուլլահ Օջալան
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարության համաձայնությամբ երեկ Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտ է այցելել Մեհմեթ Օջալանը, ով հանդիսանում է 1999 թվականից այդ բանտում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի եղբայրը:
Հանդիպումից հետո Մեհմեթ Օջալանը բարձրաձայնել է իր եղբոր հայտարարությունները, որոնք առնչվում են տարբեր խնդիրների: Իր հետ Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած բանակցային գործընթացի հետ կապված՝ Աբդուլլահ Օջալանը հայտարարել է. «Ես այստեղ բանտարկյալ եմ: Եթե ես հիմա այստեղից ասեմ, որ այսպես եմ անելու, կամ այնպես եմ անելու, ապա դա կլինի ոչ ճիշտ ու ոչ բարոյական:
Այստեղ ես հանդիպել եմ հետախուզության ներկայացուցիչների հետ: Մի՞գուցե այստեղ եկած մարդիկ անկեղծ են, սակայն հարցը չի ավարտվում միայն նրանցով: Այլ ուժեր էլ կան, ես տեղյակ չեմ, թե այդ ուժերը որչափ են աջակցում այս գործընթացին: Ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված»:
Օջալանն անդրադարձել է նաև մեկ ամիս առաջ Փարիզում PKK-ի երեք ակտիվիստուհիների սպանությանը, որոնցից մեկը հանդիսանում էր PKK-ի հիմնադիրներից. «Տեսե՛ք, Փարիզում սպանվեց երեք կին, դա մի սպանդ էր: Ասում են, թե այս սպանդն իրականացրել է մեկ մարդ՝ մի սըվազցի: Սակայն այդ սպանդն իրականացրել են նրանք, ովքեր ինձ բերեցին այստեղ:
Այդ սպանդն իրականացրած անձն ավելի վաղ մեկ տարում 10 անգամ եկել է Թուրքիա՝ Անկարա: Պետք է հնարավորինս շուտ պարզվի, թե նա Անկարայում ո՞ւմ հետ և ինչպիսի՞ հանդիպումներ է ունեցել, ո՞վ է կազմել սպանդի նախագիծը, պլանը: Եթե դա տեղի չունենա, ապա հնարավոր է, որ առավոտյան ականատես լինենք առավել մեծ սպանդի:
Մենք սա ենք ցանկանում պետությունից, կառավարությունից: Ո՞վ է կազմել այդ նախագիծը, պլանը: Պետք է հնարավորինս շուտ լույս սփռվի դրա վրա: Ֆրանսիան, Եվրոպան, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն գիտեն դա, սակայն ճիշտը չեն ասում: Եթե նրանք ասեն, ապա այս գործընթացն առաջ կընթանա, մինչդեռ հակառակ դեպքում արգելակում է գործընթացը»:
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ 1999 թվականին Աբդուլլահ Օջալանը Քենիայում ձերբակալվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից և հանձնվել է Թուրքիային՝ դրանով իսկ ակնարկելով, որ ըստ Օջալանի՝ փարիզյան սպանդն իրականացրել է ԱՄՆ-ը:
Հիշեցնենք, որ փարիզյան սպանդից հետո քուրդ պատգամավոր Ահմեթ Թուրքը չբացառեց, որ դա կարող է կազմակերպած լինել Իրանը, ով չի ցանկանում Թուրքիայում քրդական հարցի լուծում, քանի որ դրանով իսկ Թուրքիան առաջատար դիրք կզբաղեցնի տարածաշրջանում, ինչն իր ազդեցությունը կունենա նաև սիրիական ճգնաժամի կարգավորման վրա: