
Վրաստանը կթույլատրի որոշ դեպքերում անխափան այցելել Աբխազիա ու Հարավային Օսիա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը երեկ խորհրդարանին է ներկայացրել «Օկուպացված տարածքների մասին» օրենքում մեղմացնող ուղղումներ կատարելու օրինագիծը: Դրանով նախատեսվում է Աբխազիա կամ Հարավային Օսիա առաջին այցելության դեպքում սահմանել ոչ մեծ տուգանք, իսկ մի շարք դեպքերում էլ այցը կարող է լինել օրինական:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի գործող օրենսդրության համաձայն, առանց Թբիլիսիի իրազեկման ու թույլտվության, Աբխազիա ու Հարավային Օսիա այցելելը պատժվում էր կա՛մ խոշոր տուգանքով (սկսած 1200 դոլարից), կա՛մ էլ մինչև 4 տարի ազատազրկմամբ:
Նոր օրինագծով նախատեսվում է Աբխազիա ու Հարավային Օսիա առաջին այցելության համար սահմանել 400 լարի (մոտ 250 դոլար) վարչական տույժ, իսկ քրեական պատիժը կիրականացվի միայն երկրորդ անգամ այդպիսի այց կատարելու դեպքում:
Բացի այդ, Վրաստանի կառավարությունն իրավունք կստանա պաշտոնական թույլտվություն տալ Աբխազիա ու Հարավային Օսիա այցելությունների համար և այդ դեպքում չի գործի որևէ պատիժ: