Բաժիններ՝

Քարկոծման պատճառով քրդական կուսակցությունը չեղյալ է հայտարարել սևծովյան քաղաքներով իր «խաղաղության երթը»

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում քրդերի շահերը ներկայացնող «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) չեղյալ է հայտարարել Թուրքիայի սևծովյան խոշոր քաղաքներում իր «խաղաղության երթը»: Վերջինս կոչված է նպաստելու քրդական հարցի լուծմանը և մեկնարկել է 3 օր առաջ՝ Չորում այցելությամբ:

ԽԺԿ-ն ակտիվորեն մասնակցում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման մեջ գտնվող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հետ թուրքական իշխանությունների նախաձեռնած բանակցություններին, որոնց նպատակը քրդական հարցի լուծումն է և երեսնամյա թուրք-քրդական դիմակայությանը վերջ դնելը:

ԽԺԿ-ի պատվիրակությունը երեկ ժամանել է սևծովյան Սամսուն, որի արվարձանում, դրա հետ կապված, սկսվել են անկարգություններ: Դրանց մասնակցել է մի քանի տասնյակ մարդ, որոնք սկսել են քարկոծել այն շենքը, որում գտնվել են քուրդ պատվիրակները: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների նկատմամբ:

Անկարգություններ են ծագել նաև սևծովյան Սինոպ քաղաքում: Դրա հետ կապված՝ ԽԺԿ-ն հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում իր այցը սևծովյան Տրապիզոն: Ստամբուլից ընտրված ԽԺԿ պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերն այս կապակցությամբ հայտարարել է.

«Թուրք-քրդական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ողջ թափով, սակայն, կարծես թե, ոչ բոլորն են ցանկանում, որ Թուրքիայում լուծվի քրդական հարցը: Հակաքրդական տրամադրվածությամբ հատկապես աչքի է ընկնում սևծովյան ծովափը:

Մենք «խաղաղության երթ» ենք կազմակերպել ծովափի հիմնական քաղաքներով, որպեսզի վերանա թուրք և քուրդ ժողովուրդների միջև առկա անդունդը, որպեսզի մարդկանց բացատրենք մեր խաղաղ դիրքորոշումը: Մինչդեռ մեզ ցանկանում են Լինչի դատաստանի ենթարկել: Դա սադրանք է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս