
ՀՀ նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ կազմակերպված են եղել լավ և անցել են խաղաղ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը աջակցել է Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության տեսակետը, որ այդ ընտրությունները չեն ուղեկցվել կոպիտ խախտումներով, սակայն գրանցվել են մի շարք խախտումներ, որոնք ունեն լուրջ հետաքննման կարիք:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը. «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, որ ընտրություններն ընդհանուր առմամբ կազմակերպված են եղել լավ և ընդգծվել են հիմնական ազատությունների, այդ թվում նաև ազատ հանրահավաքների ու ազատ արտահայտվելու նկատմամբ հարգանքի ցուցաբերմամբ:
ԺՀՄԻԳ-ն անհանգստացած է եղել պետծառայողների կողմից անկողմնակալության որոշակի բացակայության ու վարչական ռեսուրսների չարաշահման կապակցությամբ, ինչը հանգեցրել է նրան, որ նրանք պետական ծառայողի գործունեությունը չեն զանազանել իշխող կուսակցությունում իրենց աշխատանքից:
Սակայն ընդհանուր առմամբ ընտրությունների օրն անցել է խաղաղ և կազմակերպված: Կան մի շարք դեպքեր՝ կապված գործընթացին ապօրինաբար միջամտելու հետ, այդ թվում նաև հաղթած թեկնածուի ներկայացուցիչների կողմից: Եղել են մի շարք լուրջ խախտումներ, որոնք, ակնհայտ է, որ պետք է հետաքննվեն»: