Սաակաշվիլիի կուսակցությունը խորհրդարանում կրեց 11-րդ կորուստը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը կրել է հերթական կորուստը: Այս անգամ այն լքել է պատգամավոր Գուրամ Միսաբիշվիլին:
Վերջինս խորհրդարան է անցել Սենակի շրջանից (Սամեգրելո, Արևմտյան Վրաստան): Միսաբիշվիլին նախորդ շաբաթ դիմում է գրել խմբակցությունը լքելու մասին և դարձել է անկախ պատգամավոր: Նա, սակայն, չի հայտարարել, որ անդամակցելու է այս կամ այն խմբակցությանը:
2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքերով՝ «Վրացական երազանք» դաշինքը 150 հոգանոց խորհրդարանում ստացավ 86 մանդատ: Ներկայումս այդ թիվը նվազել է մինչև 83-ի, քանի որ դաշինքի երեք անդամներ տեղափոխվել են գործադիր իշխանություն:
Իսկ ահա «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն ընտրությունների արդյունքում խորհրդարանում ստացել էր 64 մանդատ: Ներկայիս դրությամբ նրան հրաժեշտ է տվել արդեն 11 պատգամավոր, և նա խորհրդարանում ունի 53 մանդատ:
Հիշեցնենք, որ Վրաստանում միջանկյալ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ապրիլի 27-ին: Դրանցում կընտրեն այն երեք պատգամավորներին, որոնց տեղը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ «Վրացական երազանք» դաշինքի երեք ներկայացուցիչ տեղափոխվեցին գործադիր իշխանություն:
Խոսքը գնում է «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչներ Արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի և գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի մասին: