Տեր Աստված, մի քիչ խելք տուր մեր հակառակորդներին (տեսանյութ)

Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նախագահական քարոզարշավի վերջին հանրահավաքը: Մինչ հանդիպումը թեկնածուն իր թիմով Էջմիածնում էր, ուր գնացել էր աղոթքի համար: «Իմ աղոթքի հիմքում հետևյալ միտքն էր՝ տեր Աստված, մի քիչ խելք տուր մեր հակառակորդներին»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

Ամփոփելով նախագահական քարոզարշավը, Պարույր Հայրիկյանն անդրադարձավ իր դեմ կատարած մահափորձին և դրանով պայմանավորված Սահմանադրական դատարան դիմելու կամ չդիմելու որոշմանը: Նա հայտարարեց, որ «նախագահական ընտրությունների հետաձգում ինքը չէր նախատեսել, նախատեսել էին հանցավոր տարրերը, որոնք բնականբար մեր լավն ու բարին չեն ուզում»:

Թեկնածուն նշեց, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, որոնց մասնակցությունը քաղաքական ուժերի համար հնարավորություն է ճշտելու իրենց տեղը քաղաքական կյանքում, նախագահական ընտրություններում երկրորդ, երրորդ տեղ գոյություն չունի:

«Մեր պատկերացմամբ, եթե լուրջ շեղումներ չլինեն երկրորդ փուլն անխուսափելի է: Հնարավոր է, որ ընտրությունները մեկ փուլով ավարտվեին, եթե մի քանի հոգով հայտարարի գայինք ոչ թե ծրագրերով, սկզբունքներով, այլ քաղաքական դաշտի ընդդիմադիր և իշխանակիր բաժանումով: Բոլորս էլ գիտենք, որ հիմա թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլով հաղթելու հնարավորություն չունի: Եթե երկրորդ փուլ չլինի, նշանակում է աշխարհում ընդունված օրինաչափությունների շեղում է գրանցվել»,- մասնավորեցրեց նա:

Կարդացեք նաև

Ինչ վեաբերում է իր կողմից հնչեցրած՝ թեկնածուներին միասնական ուժերով հանդես գալու առաջարկին, Պարույր Հայրիկյանը հայտարարեց. «Եվ խնդիրն այն չէ, որ ընդդիմադիր կոչվող գործիչներն աչքիս լույսն էին կամ երևելի մեծ կերպարներ էին ինձ համար: Դրանք բոլորը մի ժամանակ եղել են մի թիմում և եղել են մեր դեմ՝ ԱԻՄ-ի դեմ: Երբ այսօր ոմանք ընդդիմադիր են խաղում, ես հիշում եմ, որ ընդդիմադիր միայն չի նշանակում իշխանությանը ընդդիմադիր: Այնուամենայնիվ, ես որոշեցի միավորման ճանապարհով գնալ: Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի միավորումը կբերեր մեզ 70 տոկոս ձայն:

Բայց ի պատասխան իմ բաց հայտարարության, մենք առարկայական արձագանքի փոխարեն հիստերիայի ականատես եղանք: Պարզվեց, որ նախագահ են ուզում դառնալ մարդիկ, ովքեր զրկված են դպրոցականի մտածելակերպից: Աստված իրենց հետ»:

Նախագահի թեկնածուն իր համակիրներին հորդորեց չտխրել, որովհետև «բժիշկներն ասում էին, որ նման փամփուշտից հազարից մեկը կենդանի չէր մնա»:

Տեսանյութեր

Լրահոս