Կոչերից հեռու ենք. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Նախագահի թեկնածուներից ամենահետաքրքիր, ամենահյութեղ ընտրարշավը անցկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Մեր քաղաքների և գյուղերի փողոցներում նրա հանդիպումները հասարակ մարդկանց հետ՝ ամեն մեկը մի համով պատմություն է, լրագրողական նյութ, որը պատկերացում է տալիս ոչ միայն այդ թեկնածուի շփվելու ոճի, մարդկային արժանիքների, այլև մեր ժողովրդի տրամադրությունների, մտածելակերպի մասին։ Հենց այդ պատճառով է այդ թեկնածուն մեր թերթում և կայքում արժանացել ամենամեծ ուշադրության՝ դա, իհարկե, կարող եմ ասել աչքաչափով, քանի որ չեմ տիրապետում չափման մեթոդներին։ Բայց դա չի նշանակում, որ մեր լրատվամիջոցը պաշտպանում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը։
Նախ ասեմ, որ «Ժառանգության» առաջնորդը, շատ համակրելի անձնավորություն լինելով, իմ թեկնածուն չէ։ Ես պատրաստվում եմ ձայնս տալ Հրանտ Բագրատյանին և կարող եմ բացատրել, թե ինչու։ Ես դեմ եմ միայն կազմաքանդելուն, ինձ թվում է, կազմաքանդելու շատ ճիշտ մտադրությանը զուգահեռ քաղաքական գործիչը կամ ուժը պետք է առաջարկի, թե ինչ է պատրաստվում դրա փոխարեն կառուցել։
90-ականներին նույնպես կային կազմաքանդողներ, արմատական հռետորաբանությամբ հանդես եկողներ՝ ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը, սակայն այսօր կարելի է արձանագրել, որ նրանք ոչ միայն չկազմաքանդեցին արատավոր համակարգը, այլև 98-ից հետո սկսեցին նպաստել, և որոշները առայսօր նպաստում են շատ ավելի վատ համակարգի ստեղծմանը, քան այն, որը կար 90-ական թվականներին։
ՀԱԿ-ը, ի տարբերություն հիշյալ ուժերի, ուներ որոշակի ծրագրեր, նախևառաջ՝ տնտեսական։ Այդ ծրագրերի հեղինակը Հրանտ Բաղրատյանն էր, իսկ այս ընտրարշավում նա ներկայացրեց նաև քաղաքական բարեփոխումների և այլ ծրագրեր։ Ես քվեարկելու եմ այդ ծրագրերին կողմ։
Բայց դա իմ՝ որպես քաղաքացու, անհատական դիրքորոշումն է։ Ես շատ հեռու եմ ի պաշտպանություն որևէ թեկնածուի կոչեր անելուց։ Ես չեմ հարցրել «Աոավոտի» աշխատակիցներին, թե ինչպես են նրանք քվեարկելու երկուշաբթի օրը, որովհետև դա մեր մասնագիտական պարտականություններից դուրս է։ Համոզված եմ, որ լրատվամիջոցը, խմբագրությունը՝ իր ամբողջականության մեջ, չպիտի դիրքորոշում հայտնի, թե պաշտպանում է այս կամ այն թեկնածուին, ընդհանրապես չպիտի հանդես գա որպես որևէ քաղաքական ուժի խոսափող։ Հակառակ դեպքում այդ լրատվամիջոցի գրածները կամ ասածները դառնում են ոչ թե լրագրություն, այլ տաղտկալի սպիտակ և սև PR: Թերթերի և կայքերի մեծ մասը հենց դրանով էլ զբաղվում են և, ի դեպ, բացասական գնահատականների առյուծի բաժինը հասնում է ոչ թե գործող նախագահին, այլ մնացած թեկնածուներին։
Եթե որևէ մեկը «Առավոտում» տեսակետ է հայտնում, դա «Առավոտի» տեսակետը չէ։ Իմ տեսակետն այս առումով բացառություն չէ»։