Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա՞ Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցությունն իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին՝ փետրվարի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Բնականաբար, ՀՀԿ-ն արդեն այսօրվանից պատրաստվում է տոնել փետրվարի 18-ի ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը, թեև, օրինակ, Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ դա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ապահով Հայաստանի հաղթանակը: Բայց նման մանրուքների վրա չարժե ուշադրություն դարձնել, քանի որ վաղուց նորություն չէ, որ Շարմազանովի ու այլ երիտհանրապետականների համար Սերժ Սարգսյանն ու Հայաստանը (անկախ ապահովվածության մակարդակից) նույնական են:

Առաջին հայացքից՝ թվում է, թե հանրապետականների՝ փետրվարի 21-ի հանրահավաքը ոչինչ չի կարող խափանել: Իրականում, սակայն, դա թյուր տպավորություն է, քանի որ իրադարձությունների որոշակի սցենարով զարգանալու դեպքում՝ այդ հանրահավաքը ոչ միայն կարող է չկայանալ, այլ կայանալու դեպքում կարող է միանգամայն հակառակ ազդեցությունն ունենալ ՀՀԿ-ի համար:

Խոսքն այն մասին չէ, որ փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանից բացի՝ որևէ այլ թեկնածու կարող է հաղթանակ արձանագրել (ոչ թե հաղթել, այլ արձանագրել այդ հաղթանակը): Դա, ինչպես նույն Շարմազանովն է ասում, ուտոպիա է, քանի որ, այո՛, ուտոպիա է՝ հավատալ, որ Հայաստանում կարող են օրինական ընտրություններ անցկացվել: Այդ հանրահավաքը կարող է չկայանալ և դառնալ միանգամայն «ուրիշ հանրահավաք»՝ միայն մի դեպքում. եթե ոչ իշխանական թեկնածուներից որևէ մեկը փետրվարի 19-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, անժամկետ հանրահավաք անցկացնի նույն Ազատության հրապարակում: Այնպես, ինչպես 2008 թվականին վարվեց այն ժամանակվա համաժողովրդական շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիմա, իհարկե, չկա համաժողովրդական շարժում, քաղաքական իրավիճակը միանգամայն այլ է: Բայց, առնվազն անփոփոխ, իրականում ավելի բացասական է հասարակության վերաբերմունքն իշխանության նկատմամբ: Լավ է դա, թե վատ, սակայն գոնե քարոզարշավի վերջին օրերի ընթացքից դատելով՝ հասարակության շրջանում փոփոխության որոշակի հույս է առաջացրել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վստահաբար կարելի է պնդել, որ ընտրողներից շատերը նրան են ընտրելու ոչ թե՝ նրան համակրելով, ոչ թե՝ նրան արժանի թեկնածու համարելով, այլ ընդամենն իշխանությանը հակակշռելու, իշխանափոխության թեկուզ տեսական հեռանկարից դրդված:

Այսինքն՝ մեծ հավանականությամբ, իշխանությունը փորձելու է գոնե թույլ չտալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «վտանգավոր սահմանագծին» մոտ ձայներ ստանա: Ու ամեն ինչ կախված Է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումից՝ ճանաչե՞լ ընտրությունների օրինականությունը, թե՞ բողոքարկել դրանք, բայց ոչ թե ամորֆ հայտարարություններով, այլ Ազատության հրապարակում՝ անժամկետ հանրահավաքի միջոցով:

Թերևս հենց այս հեռանկարը նկատի ունենալով է նախագահի մեկ այլ թեկնածու՝ Հրանտ Բագրատյանը, վերջին օրերին այդքան բարձրաձայնում ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին շնորհավորել-չշնորհավորելու հարցը՝ դա համարելով ընդդիմադիր լինել-չլինելու չափորոշիչ: Բագրատյանն այդպիսով գուցե ակնարկում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որ հետընտրական զարգացումների դեպքում պատրաստ է սատարել նրան, հակառակ պարագայում «Ժառանգության» առաջնորդի գործունեությանը համարժեք գնահատական է տալու: Եթե որոշակիորեն վերափոխենք Բագրատյանի այս մոտեցումը, ապա կարող ենք արձանագրել՝ ընտրություններին մասնակցող թեկնածուների՝ ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր լինելը որոշվում է նրանով՝ արդյո՞ք նա իրապես՝ գործողություններով բողոքարկում է ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ:

Ավելի գլոբալ իմաստով, Հայաստանի քաղաքական դաշտում, հասարակական ընկալման մեջ դոմինանտ ընդդիմադիր է համարվում այն ուժը, որը կարողանում է գրավել Ազատության հրապարակը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Ի դեպ, պատահական չէր, որ 2 տարի առաջ Ազատության հրապարակի համար իսկական պայքար էր ծավալվել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ու նույն Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Վերջինս հացադուլ էր անում Ազատության հրապարակում, և Տեր-Պետրոսյանը Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքից երթով ուղևորվեց Ազատության հրապարակ՝ ցույց տալով, որ մտադիր չէ այն զիջել Րաֆֆիին:

Հանրահավաք կանի՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 19-ին, թե՞ ոչ, կախված է հիմնականում նրա և նրա թիմի որոշումից ու վճռականությունից: Րաֆֆիի հանրահավաքն, իհարկե, չի ստիպի իշխանությանը՝ հրաժարվել Ազատության հրապարակում փետրվարի 21-ին տոնական հավաք անելու հնարավորությունից: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի համար դա իսկական նվեր կլինի, քանի որ,  եթե ՀՀԿ-ն ևս հանրահավաք անցկացրեց, ապա կարող է կրկնվել 2008 թվականի փետրվարի 26-ը, երբ Սերժ Սարգսյանի հաղթանակը տոնելու համար Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները կարճ ժամանակ անց միացան Ազատության հրապարակի ընդդիմության հանրահավաքին: Այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր վերցնել իշխանությունը, սակայն չվերցրեց: Բայց դա քննարկման այլ նյութ է: Րաֆֆին կարող է կրկնել 2008-ի փետրվարի 26-ը, եթե, իհարկե, փետրվարի 19-ին չհայտարարի՝ «Պարզվեց՝ հնարավոր չէ»:

Տեսանյութեր

Լրահոս