
Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի հակառակորդ «օրենքով գողերից» Ռուսլան Լեբեդին

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Ռուսլան Լեբեդը, ով հայտնի է Ռուսլան Բորիսովսկի մականվամբ: Վերջինս հանդիսանում է «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հակառակորդ կլանի ներկայացուցիչ:
Իրավապահ մարմիններում եղած աղբյուրը հայտնել է, որ Լեբդը Մոսկվայում ձերբակալվել է փետրվարի 13-ին, և այդ հարցում ռուսական կողմին օգնել է Ուկրաինան: Ձերբակալման ժամանակ «օրենքով գողի» մոտ հայտնաբերվել են թմրանյութ և կեղծ անձնագիր:
Աղբյուրի պնդմամբ՝ Ռուսլան Լեբեդը «օրենքով գող» է դարձել միայն 2012 թվականի դեկտեմբերին, երբ ԱՄԷ-ում անցկացվել է գողական «սխոդկա»: Այն կազմակերպել են Ասլան Ուսոյանի գլխավոր ընդդիմադիրներ Ջեմալ Միկելաձեն (Ջեմո), Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկի) և Ալեքսանդր Բորը (Տիմոխա): Ընդհանուր առմամբ, Դուբայում տեղի ունեցած այդ «սխոդկայի» ժամանակ «թագադրվել» էր 16 մարդ:
Ասլան Ուսոյանն այդ 16 գանգսթերին չէր ճանաչել որպես «օրենքով գող», ինչից որոշ ժամանակ անց (2013 թվականի հունվարի 16-ին) սպանեցին նրան: Դրանից հետո Հասանի համակիրները սկսել են վրեժխնդիր լինել: