Հայրիկյանը հիվանդանոցում չէ

Մեր տեղեկություններով, ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում  կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը դեռևս ամբողջովին վերականգնված չէ, և թեկնածուն շարունակում է աջ ձեռքի շրջանում ցավեր ունենալ, բայց նա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում չի գտնվում:

168.am-ի հետ զրույցում թեկնածուի նախընտրական շտաբի անդամ, նրա մտերիմ ընկեր, շտաբի արտաքին հարցերի պատասխանատու Կարո Եղնուկյանը չցանկացավ խոսել այն մասին, թե ինչպես է իրեն զգում թեկնածուն, բայց միևնույն ժամանակ՝ ասաց, որ Հայրիկյանն այսօր չի մեկնել Վանաձոր՝ հանդիպելու իր ընտրողների հետ:

«Հայրիկյանը չի ցանկանում, որ իր առողջական վիճակի մասին մամուլում տեղեկություններ տարածվեն: Դրանք ինքը կողմնակի հարցեր է համարում: Երեկ բժիշկներն արգելել էին մասնակցել քարոզարշավին, այսօր էլ նա կասեցրեց Վանաձոր գնալու մտադրությունը: Իր առողջական վիճակի մասին բժիշկներից կարող եք տեղեկանալ, իսկ մենք մեր կողմից այս ինֆորմացիայի մասին ոչ մի ձևով ոչինչ չենք տրամադրում»,- մասնավորեցրեց նա: Եղնուկյանը փոխանցեց, որ Հայրիկյանի հիվանդանոցում գտնվելու կամ չգտնվելու ինֆորմացիան ևս չի տրամադրվում, քանի որ թեկնածուն չի ցանկանում, որ իրեն այցելեն:

Պարույր Հայրիկյանի քրոջ որդին՝ Վրեժ Զատիկյանը, մեզ հետ զրույցում ևս ասաց, որ իրենք չեն ցանկանում խոսել Հայրիկյանի առողջական վիճակի կամ դրան հարակից հարցերի մասին:

Կարդացեք նաև

Մեր տեղեկություններվ, սակայն, Պ. Հայրիկյանը հիվանդանոց այցելում է միայն ժամանակ առ ժամանակ՝ անհրաժեշտության դեպքում, եթե ցավեր է ունենում ձեռքի շրջանում՝ կապվում է համապատասխան բժշկի հետ: Նա հիվանդանոցում պառկած չէ:

Տեսանյութեր

Լրահոս