Բարբաջանքներն ու զառանցանքները անիմաստ ու ծիծաղելի ենք համարում. «Ժառանգության» ներկայացուցիչը՝ Վ. Սեդրակյանի հայտարարության մասին
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ծիծաղելի է համարում մեկնաբանելը ՀՀ նախագահի թեկնածուի՝ Վարդան Սեդրակյանի հայտարարությունը, թե նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, որի անդամներն են նաև նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն և վերջինիս հայրը:
«Եթե մենք լուրջ վերաբերվեինք այս անձնավորությանը, պետք է լուրջ մեկնաբանեինք իր հայտարարությունները: Բայց մենք ամեն տեսակի բարբաջանքներ, զառանցանքներ, այն էլ՝ այս կարգի անձնավորությունների կողմից հնչեցրած, անիմաստ ու ծիծաղելի ենք համարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփ Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ բավարար հիմքեր ունի պնդելու համար, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, որի մեջ են մտնում նաև Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը: «Հայրիկյանն այստեղ պատահական չէր ընտրված որպես զոհ, Հայրիկյանը՝ դատելով իր քարոզարշավին արտահայտած մտքերից, այդ կրակոցից առաջ հաղորդման ժամանակ պատահաբար չէր խոսում, որ եթե թեկնածուներից մեկի համար ստեղծվեն խոչընդոտներ, ապա ամբողջ ընտրական ընթացքը համարվում է անվավեր, իսկ որտեղի՞ց նա այդ ամենը գիտեր»,- ասել էր թեկնածուն: