Բաժիններ՝

Հրանտ Դինքի սպանության գործով ուշագրավ տեղեկություններ են հայտնվել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում նոր տեղեկատվություն է ի հայտ եկել՝ կապված Հրանտ Դինքի սպանության հետ: Գաղտնի մնալ ցանկացող վկան ուշագրավ հայտարարություն է արել այդ մասին՝ ընդգծելով, որ Հրանտ Դինքի սպանության մեջ ակտիվ դեր է խաղացել Էրհան Թունջելը:

Վկան համապատասխան նամակ է հղել Ստամբուլի՝ անչափահասների ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարան, որը կայացրել է Դինքին սպանած Օգյուն Սամասթի դատավճիռը: Նշվում է, որ գաղտնի մնալ ցանկացած վկան գտնվում է բանտում և հանդիսանում է Ժանդարմերիայի տխրահռչակ (քրդերի շրջանում բազմաթիվ սպանություններով աչքի ընկած) JITEM ստորաբաժանման նախկին ներկայացուցիչ:

Նամակում վկան հայտնում է, որ առկա են Հրանտ Դինքի սպանության պլանավորմանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր: Ավելին, նրա խոսքերով՝ պահպանվել են նաև սպանությունից առաջ և հետո զինվորականների ու չինովնիկների միջև հեռախոսազրույցները:

JITEM-ի նախկին ներկայացուցիչը նամակում ընգծել է, որ քաջածանոթ է Էրհան Թունջելի հետ և տրամադրել է սպանությունից առաջ նրա հետ կապված նոր տվյալներ, որոնցում խոսք է գնում Տրապիզոնում Թունջելի անցկացրած հանդիպումների մասին: Նա պնդում է, որ Դինքի սպանության պլանի կազմմանը մասնակցել է նաև Էրհան Թունջելը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը Օգյուն Սամասթի կողմից սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում:

2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի՝ անչափահասների ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել է 22 տարի և 10 ամիս ազատազրկման:

2012 թվականի հունվարի 17-ին էլ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք:Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Յասին Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Էրհան Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց Տրապիզոնում McDonald’s-ի ռեստորանի պայթեցման մեջ և դատապարտվեց 10 տարի և 6 ամիս ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս