Էպոսագետը գիտի, թե ով է պատվիրել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց, որ բավարար հիմքեր ունի պնդելու, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն իրականացրել է ամերիկյան և արևմտաեվրոպական մասոնական մի կազմակերպություն, որպեսզի իշխանության բերեն իրենց ներկայացուցչին:

«Այս մասոնական կազմակերպության ամերիկյան՝ բուն կազմակերպության մեջ է մտնում նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը և ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը»,-հայտարարեց  էպոսագետ թեկնածուն: Նա ասաց, որ մասոնական կազմակերպությունը, տեսնելով, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի կարող առաջադրվել որպես թեկնածու, առաջ քաշեցին Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Լրագրողների հարցին, թե փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն եք մեղադրում  մահափորձի մեջ, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Րաֆֆի  Հովհաննիսյանը միգուցե չգիտեր, բայց այն ուժերը, որ իրեն սատարում և ֆինանսավորում են, դա հաստատ իրենց գործն է»։

Վարդան Սեդրակյանը հայտարարեց նաև, որ անցյալ տարի Հայատանում տեղի է ունեցել մասոնական հավաք։ Նա չնշեց, թե ովքեր են մասնակցել դրան, սակայն ակնարկը պարզ էր:

Էպոսագետը պատմեց նաև, որ 2002թ. դեկտեմբերին մի քանի անգամ հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Զրույցի մանրամասնները չպատմեց, սակայն հայտարարեց, որ Րաֆֆի Հովհանիսյանին ասել է, թե քանի դեռ ինքը ողջ է, թույլ չի տա, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը  դառնա նախագահ:

Կարդացեք նաև

Ըստ Սեդրակյանի, Պարույր Հայրիկյանը գիտեր, որ իր նկատմամբ նման բան է կատարվելու,  այլապես մահափորձից մի քանի ժամ առաջ «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը ընթացքում չէր ասի, որ եթե քարոզաարշավի ժամանակ թեկնածուներից մեկի նկատմամբ խոչընդոտ է ստեղծվում, ամբողջ ընտրական պրոցեսը համարվում է  անվավեր:

Էպոսագետի համոզմամբ, մասոնական ծրագիրն իրականանալու դեպքում խաթարվում էր ընտրությունների ամբողջ ընթացքը, Պարույր Հայրիկյանը ֆիզիկապես կոչնչանար, և ինքն էլ դուրս կմղվեր  պայքարից: Վարդան Սեդրակյանը բացատրեց, թե ինչու պիտի  ինքը մասոնների թիրախ ընտրվեր (թիրախ ասելով Վ. Սեդրակյանը նկատի ունի այն մարդուն, ում գլխին կոտրվելու է այս դեպքը – Ա.Փ.):  Էպոսագետի կարծիքով, ինքը միակ  թեկնածուն է, ով առաջնորդվում է էպոսով, այսինքն՝ ազգային  գաղափարախոսությամբ:

Տեսանյութեր

Լրահոս