Այն մարդը, ով ասել է, թե ես ուսից եմ վիրավորվել, ահաբեկիչների դաշնակիցն է
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրեց ուշադրություն դարձնել մահափորձի առաջին գիշերը հնչած այն արտահայտության վրա, ըստ որի՝ «Պարույր Հայրիկյանը վիրավորվել է ուսից»:
Թեկնածուն ասաց, որ կարծում է, թե վերոնշյալ հայտարարության հեղինակը տեռորիստների դաշնակիցն է: «Ես ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ այն մարդը, ով ասել է, թե ես ուսից եմ վիրավորվել, ահաբեկիչների դաշնակիցն է: Պատահականություն չէ. ուսն ու կուրծքը տարբեր բաներ են: Մենք այսօր կարող ենք ոչ միայն կաֆելշչիկ գտնել, այլ նաև աղբահավաք: Կարևորը պատվիրատուն է: Ո՞վ է եղել պատվիրատուն. սա է հիմնական գործը,- ասաց նա՝ ավելացնելով,- Ես այնքան էի ուզում շեշտել, որ այս աթոռ կոչվածն ինձ պետք չէ, որ ամեն առիթով ասում էի, որ նախագահելու եմ ընդամենը վեց ամիս, որի ընթացքում տալու եմ այն, ինչ տասնամյակներ փնտրել եք ու չեք ստացել, բայց այդ վեց ամիսն էլ իրենց շատ թվաց»:
Հայրիկյանը նշեց, որ այսօր ինքը քարոզարշավի ընթացքում ծրագրում էր մեկնել Վանաձոր, բայց, թեկնածուի խոսքով, բժիշկները խստիվ արգելել են տեղաշարժվել: