
Նիկոլ Փաշինյանն ընտրողներին կոչ է անում հստակ դիրքորոշում արտահայտել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում չքվեարկել նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Այդպիսով՝ ընդդեմ Հայաստանում հաստատված քոչարյանասերժական հուսահատության արտահայտել հստակ դիրքորոշում ՝ լինի դա առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելով, քվեաթերթիկը փչացնելով, թե ընդհանրապես՝ ընտրական տեղամաս չգնալով: Խոստովանելով հանդերձ Հայաստանում հաստատված քաղաքական և քաղաքացիական փակուղու փաստը, Հայաստանի քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին լավատեսության եմ կոչում: Հայաստանի Հանրապետությունը ունի՛ Ապագա, քանի դեռ չենք հրաժարվել հանուն նրա պայքարելուց, քանի դեռ չենք հրաժարվել մեր երեխաներին Ազատ և Երջանիկ Հայաստան ժառանգելու պարտավորությունից: Չենք հրաժարվել ու չենք հրաժարվի: Պարտավորությունը ստանձնել ենք, պարտավորությունը ենթակա է իրագործման: Եվ ուրեմն՝ Կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»: