You Tube-ը 8 տարեկան է (տեսանյութ)
Calend.ru-ի փոխանցմամբ՝ ուղիղ 8 տարի առաջ ստեղծվեց You Tube ծառայությունը, ուր յուրաքանչյուր օգտատեր կարող է դիտել, մեկնաբանել կամ ավելացնել տեսագրություններ: Իր պարզության ու հարմարավետության շնորհիվ You Tube-ը մեծ հանրաճանաչություն ստացավ և այցելուների քանակով դարձավ աշխարհում երրորդ կայքը:
PayPal ընկերության երեք նախկին աշխատակիցներ Ս. Չենը, Չ. Հեռլին և Դ. Քարիմը 2005 թվականի փետրվարի 14-ին Սան Բռունոյում (Կալիֆոռնիա) հիմնեցին You Tube ծառայությունը: Դրանում տեղադրված առաջին տեսանյութը Սան Դիեգոյի կենդանաբանական այգում Քարիմի նկարահանած սիրողական տեսագրությունն էր, որի տևողությունը կազմում էր 18 վայրկյան:
Այդ տեսագրությունը You Tube վիդեոհոսթինգում հայտնվել է 2005 թվականի ապրիլի 23-ին: Ծառայության ռուսական տարբերակը գործարկվել է 2007 թվականի նոյեմբերի 14-ին: 2006 թվականին Google ընկերությունը գնեց You Tube-ը, և այժմ այն հանդիսանում է Google Inc.-ի դուստր ընկերությունը:
2011 թվականի մայիսի վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ րոպեում You Tube-ում տեղադրվել է 48 ժամ տեսանյութ, իսկ օրական կտրվածքով՝ 69.120 ժամ: 2012 թվականի հունվարին տեսանյութերի օրական դիտումների քանակը հասել է 4 միլիարդի: Ստորև ներկայացվում է You Tube-ում տեղադրված վերոնշյալ առաջին տեսանյութը: