
Հալեպում կատաղի մարտեր են ծավալվել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարեսկզբին Սիրիայի կառավարական զորքերը հաջող գործողություններ են իրականացրել Դամասկոսի մերձակայքում, Հոմսում ու Համայում: Ի պատասխան՝ սիրիացի ապստամբները սկսել են հակահարվածներ հասցնել Ռակկա, Էլ-Հասիկ և Դեյր-եզ-Զոր շրջաններում:
Այժմ սպառնալից իրավիճակ է ստեղծվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Մասնավորապես, օրեր առաջ արաբական մամուլը հայտնեց, որ սիրիացի ապստամբները գրավել են Եփրատի հիդրոէլեկտրակայանը և էներգետիկների Տաբկա քաղաքը, ինչպես նաև մի շարք նավթարդյունաբերական ու ագրարային շրջաններ: Դամասկոսի պաշտոնական աղբյուրները դեռ լռություն են պահպանում այս տեղեկատվության կապակցությամբ:
Երեկ կատաղի մարտեր են մղվել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպից արևելք ընկած շրջանում: Սիրիացի ապստամբները շաբաթվա սկզբին գրավել են Ռակկա տանող ճանապարհին ընկած «Ալ Ջարահ» ոչ մեծ օդանավակայանը և գերի են վերցրել կանոնավոր բանակի մոտ 40 զինվորի: Նրանց ձեռքն է ընկել նաև մի քանի ինքնաթիռ ու զինապահեստներ, որոնցում գտնվել են նաև հակաօդային պաշտպանության զենիթային միջոցներ:
Ստացված տեղեկություններով՝ զինյալները զարգացնում են հարձակումը և սպառնում է Նեյրաբի խոշոր ռազմական օդանավակայանին, որը գտնվում է Հալեպի միջազգային օդանավակայանի մերձակայքում: