Բաժիններ՝

Թուրքիայում հետմոդեռնիստական հեղաշրջման գործով կալանավորվել է 4 պաշտոնաթող գեներալ ու ծովակալ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում է 1997 թվականի փետրվարի 28-ին իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործի հետաքննությունը:

Տվյալ գործով Անկարայի հանրապետական դատախազություն են կանչվել 5 պաշտոնաթող գեներալ ու ծովակալ: Խոսքը պաշտոնաթող գեներալներ Օրհան Յոնեյի, Քյոքսալ Քարաբայի, Էրսին Յըլմազի և ծովակալներ Հայրի Բյուլենթ Ալփքայայի ու Ալթաչ Աթըլանի մասին է: Հարցաքննությունից հետո որոշվել է կալանքի տակ առնել նրանցից 4-ին, իսկ մյուսին (Էրսին Յըլմազ)՝ ազատ արձակել: Նրանց տեղափոխել են Սինջանի բանտ:

Հիշեցնենք, որ 1995 թվականին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել ակնհայտ իսլամիստ Նեջմեթթին Էրբաքանի գլխավորած «Ռեֆահ» («Բարօրություն») կուսակցությունը: Դրա արդյունքում Էրբաքանին հաջողվել էր 1996 թվականի հուլիսին գլխավորել կոալիցիոն կառավարությունը, որն անմիջապես աչքի էր ընկել իր իսլամական քայլերով. պաշտոնապես կանանց թույլատրվեց պետական և ուսումնական հաստատություններ հաճախել գլխաշորով, իսլամական ինստիտուտների շրջանավարտների դիպլոմները հավասարեցրեց աշխարհիկ հաստատությունների շրջանավարտների դիպլոմներին, կրճատեց աշխատանքային ժամերը սրբազան ռամադան ամսին և այլն:

Դրանից դժգոհ թուրք զինվորականները, որոնք երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պաշտպաններն են, 1997 թվականի փետրվարի 28-ին գումարում են Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը տևում է 9 ժամ: Նիստում զինվորականները կառավարությանն առաջ են քաշում 20 պահանջ, որոնց մեջ էին, մասնավորապես, մուսուլմանական նորամուծություններից հրաժարումը, պայքարը իսլամական ֆունդամենտալիզմի դեմ, Էրբաքանի կողմից պետության զուտ աշխարհիկ բնույթի ընդունումը և այլն:

Արդեն հունիսի վերջին Էրբաքանի կոալիցիոն կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, իսկ 1998 թվականի հունվարին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Ռեֆահ» կուսակցությունը ցրելու մասին: «Ռեֆահի» առաջնորդներից Ռեջեփ Էրդողանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, ստիպված էր բանտում 4 ամիս անցկացնել ցույցի ժամանակ իսլամիստական տրամադրություններ արտահայտելու համար. «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս