Սիրիայի արտգործնախարարը հերքել է Մոսկվայում սիրիական ընդդիմության հետ բանակցելու լուրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Մոսկվա է ժամանելու փետրվարի վերջին: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխեիլ Բոգդանովը.
«Նրա այցի ժամկետը դեռ համաձայնեցված չէ, սակայն մենք ելնում ենք նրանից, որ դա կարող է տեղի ունենալ բավական շուտով: Մոտակա օրերին մենք կհամաձայնեցնենք ընդունելի ժամկետը»: Բոգդանովը հավելել է, որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում Մոսկվա է ժամանելու նաև Սիրիայի ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը, և որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել սիրիական երկխոսությունը:
Սիրիայի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունները պետք է անցկացվեն սիրիական հողում: Մուալեմն այդ հայտարարությունն արել է՝ կապված մամուլում շրջանառության մեջ դրված այն լուրերի հետ, որ Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունները կարող են անցկացվել Մոսկվայում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ սիրիական ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել նախագահ Բաշար Ասադի ներկայացուցիչների հետ, սակայն դա պետք է արվի ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում: