
Պենտագոնի նոր կրծքանշանով կպարգևատրվեն մարտադաշտից հեռու գտնվող մարտին մասնակցողները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով Պենտագոնում ունեցած աղբյուրները, հայտնում է, որ Պենտագոնը պատրաստվում է հիմնել նոր կրծքանշան, որով կպարգևատրվեն մարտադաշտից հեռու գտնվող, ռազմական գործողություններին մասնակցություն ցուցաբերած անձինք:
Աղբյուրների պնդմամբ՝ «Ռազմական գործողություններում աչքի ընկնելու համար» (Distinguished Warfare Medal) կրծքանշանը համապատասխանում է 21-րդ դարի մարտահրավերներին, երբ զինվորականները կարող են իրենց վճռական ներդրումն ունենալ մարտի ելքի հարցում՝ չկտրվելով մոնիտորից կամ էկրաններից:
Մասնավորապես, նոր պարգևը կարող է շնորհվել անօդաչու թռչող սարքերի օպերատորներին կամ կիբեր հարձակումներ իրականացնող մասնագետներին: