Բաժիններ՝

Ինչպիսի հեռանկարներ ունի քիմիան Հայաստանում

Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոնի աշխատակից Արամ Միքայելյանը հեղինակ է 60-ից ավելի գիտական հրատարակումների, որոնք տպագրվել են ինչպես` Հայաստանում, այնպես էլ` արտերկրի գիտական ամսագրերում: Նա նաև 10 ուսումնամեթոդական աշխատանքների համահեղինակ է, այդ թվում` մեկ ուսումնական ձեռնարկ և մեկ դասագիրք: Թվով 6 գիտահետազոտական թեմաների ղեկավար, մեկ թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավար, 15-ից ավելի մագիստրոսական թեզերի գիտական ղեկավար: Արամ Միքայելյանը ներկայումս ՀՊՃՀ «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավարն է:
Պարոն Միքայելյան, խոսենք լաբորատորիայի գործունեության և ստացված արդյունքների կիրառական նշանակության մասին:
– Ըստ էության, մեր լաբորատորիան հիմնվել է 2012թ.-ին: Այն բավականին նոր է, սակայն աշխատանքները, որոնք զարգացում ապրեցին ստեղծված լաբորատորիայում, մոտ մեկ տասնամյակից ավելի գիտական հետազոտությունների արդյունք են: ՀՊՃՀ և «Ագրոսայնս» գիտա-արտադրական ՍՊԸ-ի միջև կնքված գիտատեխնիկական համագործակցության պայմանագրի արդյունքում է հիմք դրվել գիտության և արդյունաբերության սերտ համագործակցությանը: Սա լավագույն օրինակ է գիտություն-արտադրություն կապը տեսնելու համար: Այսօր այդ աշխատանքներում` ինչպես գիտատեխնիկական մշակումների, այնպես էլ «Ագրոսայնսի» արտադրական գործընթացներում ներառված են բացառապես մեր ֆակուլտետի շրջանավարտները: Թեև փորձնական արտադրության աշխատանքներն ամբողջ տարին չեն ընթանում և ավելի շուտ պարբերական բնույթ ունեն, և ընդամենը հինգ մագիստրոսներ և ասպիրանտներ են ներառված այդ աշխատանքներում, սակայն արտադրության հետագա ընդլայնման հետ կապված հույսեր և ծրագրեր կան, արդյունքում` նոր աշխատատեղերը հատկապես երիտասարդ մասնագետների համար ավելի մեծ թիվ կկազմեն: Հետաքրքիր զարգացում է նկատվում նաև բազային լաբորատորիայում իրականացվող հետազոտական աշխատանքների ուղղությամբ: Կատարվող հետազոտությունները հնարավորություն են տալիս ոչ միայն ստանալ գյուղատնտեսության մեջ պահանջարկ ունեցող նոր թունաքիմիկատներ, այլև բժշկական դեղանյութեր, որոնք ևս խիստ կարևոր և հեռանկարային են Հայաստանի համար: Որպես քիմիկոս-ճարտարագետ, կարծում եմ, որ հենց նման ուղղությունն է, այսինքն` քիչ հումքատար, բարձր տեխնոլոգիաների հենքի վրա զարգացող քիմիական արտադրություններն են, որ կարող են ապահովել վաղվա օրվա Հայաստանի քիմիական արդյունաբերության դեմքը:
Նշեցիք, որ Հայաստանում քիմիայի ապագան, քիչ հումք պարունակող, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրություններն են: Ներկայումս այդ արտադրությունների ուղղությամբ ի՞նչ ձեռքբերումներ ունենք:
– Համաշխարհային պրակտիկան թելադրում և պահանջում է, որ և՛ թունաքիմիկատների, և՛ դեղերի արտադրություններում ցանկացած նորարարություն բավական երկար ժամանակ փորձարկման և ստուգման փուլ անցնի: Այդ ընթացքում անհրաժեշտ է լինում նախնական մշակումներից որոշակի մեթոդներով առանձնացնել առանձնակի հեռանկարայինները: Բոլոր մշակումների համար, իհարկե, հնարավոր չէ փորձարկում իրականացնել, քանի որ այդ փորձարկումները բավական մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջում: Սակայն կարող եմ նշել, որ մեզ մոտ մշակվել են մեկ- երկու պատրաստուկային ձևեր, որոնց և՛ համակարգչային մոդելավորման բոլոր արդյունքները, և՛ սկրինինգ թեստերը արտասահմանյան գործընկեր-մասնագետների գնահատականներով` համարվում են բավական հեռանկարային: Իհարկե, այսօր մեր հանրապետությունում գրեթե չկա նյութատեխնիկական բազա` դրանք փորձարկելու համար, սակայն, այստեղ կարելի է համագործակցել համաշխարհային հայտնի դեղագործական կամ գյուղատնտեսական թունաքիմիկատների արտադրության ընկերությունների հետ: Սա նաև նորագույն տեխնոլոգիաների վաճառքի տարբերակներից է, և մենք ներկայումս աշխատում ենք այս ուղղությամբ:
Այսինքն` Հայաստանի հետ առանձնապես հույսեր չե՞ք կապում:
– Հայաստանում այսօր արվում է այն, ինչ այս պահի դրությամբ հնարավոր է: Բայց օրինակ` ամբողջովին նոր դեղամիջոցները, որոնք իսկապես ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջում, մենք ի վիճակի չենք լինելու այդքան միջոց ներդնել և իրագործել, հետևաբար` այդ ուղղությամբ այսօր արտասահմանյան մեկ-երկու ընկերությունների հետ բանակցություններ են ընթանում: Եթե գիտական մշակումը այսօր Հայաստանում կիրառություն չի կարողանում գտնել, իսկ ակնհայտ է, որ դրա հեռանկարայնությունը ժամանակի ընթացքում նաև «ծերանալու» է և կորցնելու է իր առաջնայնությունը, այդ դեպքում ինչո՞ւ չվաճառել նման նորարարությունը, պատենտը, տեխնոլոգիական ներդրումը կամ գյուտն արտասահմանյան որևէ ընկերության: Սա ևս երկրի տնտեսությանը, գիտությանը, լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ ստանալու միջոց է: Բոլոր դեպքերում` ոչ միայն հեղինակներն են այդ ամենից գումար ստանում, իրենց մասնաբաժինն ունենում, այլև շահում է Հայաստանի տնտեսությունը: Նոր դեղանյութերի բնագավառում Հայաստանում իրատեսական չէ սպասել անմիջական ներդրումների: Մեկ-երկու համագործակցության ճանապարհով, սակայն, միգուցե հնարավորություն կլինի ստեղծել բավական հեռանկարային մի ճյուղ, որտեղ տեխնոլոգիական մշակումները, նույն դեղանյութերի սինթեզի մեթոդների լավացված տեխնոլոգիաների ուղղությամբ հնարավոր կլինի համատեղ ներդրում ապահովել: Սա խնդրի լուծման մի տարբերակ է. գուցե այդ ներդրումը լինի նաև համաշխարհային հսկա կամ առաջատար ընկերությունների կողմից:
Իսկ նրանք հետաքրքրվա՞ծ են հայաստանյան արտադրանքով, մեր գիտնականների մշակումներով:
– Թունաքիմիկատների հետ կապված կան արձագանքներ ԱՊՀ երկրների մասնագետների կողմից, որոնք փորձնական տարել են մեր արտադրանքը և օգտագործել են: Հետաքրքրություն կա, բայց, ինչպես դեղանյութերը, այնպես էլ` թունաքիմիկատները` մինչև գրանցելը ցանկացած երկրում 2 տարի փորձարկումների փուլ պետք է անցնի: Այստեղ արդեն խնդիր է առաջանում, քանի որ այդ փորձարկումները բավական ծախսատար են: Այս դեպքում ՀՊՃՀ-ն և «Ագրոսայնս» ընկերությունը համատեղ պետք է գնան այդ քայլին և փորձեն թե՛ պետական աջակցության ծրագրերով, և թե՛ մասնավոր կապիտալի ներդրման միջոցով փորձել շուկա մտցնել տվյալ դեղամիջոցը: Իհարկե, այդ ամենին դժվար է հասնել միանգամից, սակայն, այսօր արդեն կարելի է արձանագրել, որ արդեն Հայաստանում փորձնական արտադրություն կատարված է, և երեք պատրաստուկներ արդեն գրանցվել են Հայաստանում: Ակնհայտ է, որ հեռանկար կա, կարելի է անգամ որոշակի հումքատեսակներ կամ հումքի փոխարինողներ գտնել հայաստանյան արտադրության թափոններում կամ բնական հանածոներում: Օրինակ` սորբենտների տարածումն այսօր աշխարհում մեծ թափով զարգանում է, իսկ Հայաստանում կան բնական զտիչների (սորբենտների) հանքաշերտեր, որոնք կարելի է օգտագործել և կազմակերպել մրցունակ արտադրություն: Սա հեռանկարային ուղղություն է և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:
Հարցազրույցներիցս մեկի ժամանակ ակադեմիական համակարգի մի գիտնական նշել էր, որ Հայաստանում քիմիան, որպես այդպիսին, վերանում է:
– Երևի իմ գործընկերների նման վերաբերմունքն ինչ-որ չափով արդարացված է, որը պայմանավորված է հանրակրթական դպրոցում քիմիայի դասավանդման ողբալի վիճակով: Եթե դպրոցներում առարկաների ժամային բաշխվածությունները դիտարկենք, ապա, որքան ես տեղյակ եմ, քիմիային շատ քիչ դասաժամեր են հատկացվում: Ներկայումս ավագ դպրոցների կայացման և գործունեության ծավալման հետ կապված, հույս ունեմ, որ բնագիտական հոսքերում քիմիան ավելի մանրամասն, ավելի խորացված կդասավանդվի, և այն աշակերտները, ովքեր հետաքրքրված են այս ուղղությամբ, իրենց կրթությունը կշարունակեն իրենց բազային գիտելիքների հիման վրա: Իհարկե, այդ ամենը թողնել միայն ավագ դպրոցի վրա` ճիշտ չէր լինի, այստեղ կարևորում եմ նաև դպրոց-բուհ կապը, այսինքն` բուհը, որն ունի քիմիական ֆակուլտետ, պետք է օգնի ավագ դպրոցների աշակերտների կրթության կազմակերպմանը:
Ներկայումս ուսանողների պակաս ունե՞ք:
– Իհա՛րկե ունենք:
Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Դպրոցական հասակում քիմիայի դասավանդման քիչ ժամերի, ցածր որակի և այլ հարցերով է պայմանավորված: Նախևառաջ կարևոր է աշակերտների շրջանում քիմիայի նկատմամբ հակակրանքի սերմանումը, և երկրորդը, որ կարևոր է` ցավոք, բավարար չեն ներկայացվում քիմիայի հեռանկարները: Այսօր Հայաստանում գյուղմթերքի վերամշակման, ինչպես նաև խմիչքների, հյութերի արտադրությունը և այլն, այդ բոլորը քիմիային հարակից արտադրություններ են: Բոլորը պահանջում են որակի վերահսկման լաբորատորիաներ: Այդ լաբորատորիաներում այսօր ժամանակակից գիտելիքներին տիրապետող երիտասարդ մասնագետներ են պետք, և, անկեղծ կարող եմ ասել, որ մեր լաբորատորիայի մոտ 10 մագիստրոսներ արդեն տարբեր փորձագիտական կենտրոններում` սննդի հսկման լաբորատորիաներում հեռանկարային աշխատանքներ են գտել և աշխատում են: Կարծում եմ, դրանում նաև մեր մեղքը կա, մենք այդ ամենը պետք է կարողանանք մատուցել, որպեսզի աշակերտները մասնագիտություն ընտրելիս ավելի շատ տեղեկացված լինեն: Այստեղ անչափ կարևոր է ավագ դպրոցի և բուհերի միջև հնարավոր կապը և միջոցառումների անցկացումը, որը կնպաստի աշակերտների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Աշխատատեղերի առումով, չէի ասի, որ շատ ավելի վատ է քիմիական ֆակուլտետի վիճակը, քան, օրինակ` Մեխանիկայի կամ Էլեկտրոնիկայի ֆակուլտետում: Բայց, երբ հետևում ենք դիմորդների հարաբերակցությանը, քիմիական ֆակուլտետը թվով զիջում է, իսկ պատճառը, կարծում եմ, քիմիայի ոչ բավարար հիմքերն են դպրոցներում: Հուսով եմ` ավագ դպրոցների հետ այդ իրավիճակը կփոխվի, որովհետև միակ լուծումը դա է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս